|
||
|
|
Գլխավոր Մեր Մասին Հայտարարություն Հարցազրույց Ելույթներ Հոդվածներ Լուրեր Ասուլիսներ Կապ | |
|
Հիշեցում. Նախկին Նախարարն Ասում Է, Որ Ռուսաստանն Ու Թուրքիան Երբեք Չպետք Է «Նպատակի Միասնություն» Որոնեն Հայաստանի Հաշվին Armenianow 24/10/08 Հայաստանի նախկին արտգործնախարարը պնդում է, որ վերջին շրջանում ցուցաբերած Թուրքիայի և Ռուսաստանի գործելաոճը Կովկասում հիշեցնում է անցյալ դարասկզբի այդ երկրների գործողությունները, որոնք, նրա հավաստմամբ, հանգեցրին հայկական բնօրրանի մասնատմանը: Անդրադառնալով տարածաշրջանի վերջին աշխարհաքաղաքական խառնաշփոթին` ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ուրբաթ հրապարակված հոդվածում («Առաջ` դեպի անցյալ. Ռուսաստանը, Թուրքիան և Հայաստանի կամքը», www.heritage.am) գրում է, որ «Թուրքիայի` իր անդրատլանտյան հենասյան թիկունքում նյութված խաղը և Ռուսաստանի` իր «ռազմավարական դաշնակցի» գնով կառուցած հարաբերությունները մոտեցնում են ողբերգական պատմության վերադարձի ուրվականը և հիշեցնում ավելի քան 85 տարվա վաղեմության այն օրերը, երբ չգոհանալով 1915-ի Ցեղասպանության ու Մեծ հայրենազրկման ժառանգությամբ, բոլշևիկյան Ռուսաստանն ու Ազգայնական Թուրքիան Մոլոտով-Ռիբենտրոպի հանգույն բաժան-բաժան արեցին հայկական հնամենի բնօրրանը` բախտորոշ հարված հասցնելով նրա ապագային»: «Լեռնային Ղարաբաղը կամ Արցախը, ինչպես այն կոչվում է հայերեն, 1921 թ. այս երկու պարիաների դավադիր ծրագրի տարածքային զոհերից էր: Նախիջևանի հետ միասին նա դրվել էր խորհրդային Ադրբեջանի ավատիշխանության ներքո»,- շարունակում է 1991-1992 թթ. նորանկախ Հայաստանի առաջին արտգործնախարար Հովհաննիսյանը: Նա նաև գրում է, որ Կոսովոյի, իսկ ավելի ուշ` նաև Հարավային Օսիայի և Աբխազիայի ճանաչման միջազգային փորձը ցույց տվեց, որ «այս աշխարհում չկա օրենքի իսկական գերակայություն, որը հավասարապես տարածվում է բոլոր սուբյեկտների վրա, այլ գոյություն ունի կենսական շահերի գերակայությունը, որը հարմար ձևով քողարկվում է կամայականորեն մեկնաբանված` միջազգային իրավունքի սկզբունքների շղարշի ներքո, ինչպեսև ոչ մի տարբերություն չառաջացնող` իրենց ցանկալի փաստերի ընտրովի տարբերակման փորձերի տակ»: «Եկել է ֆարսին դիմակայելու ժամանակը,- շարունակում է Հովհաննիսյանը: - Սա վերաբերում է նաև Մոսկվային և Անկարային: Սակայն իրենց բարձրաստիճան պաշտոնյաների ներկայիս հայտարարություններից ակնբախորեն երևում է, որ նրանք դա չեն հասկանում կամ չեն ուզում հասկանալ…»: Հովհաննիսյանն ասում է, որ որպես իրական և հնարավոր գործընկերներ` կարևոր այս երկու երկրները` Ռուսաստանն ու Թուրքիան, «պետք է հարգեն հայ ազգի ողբերգական պատմությունը, նրա ինքնիշխան ամբողջականությունը և տարածաշրջանային արդի դերակատարությունը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի` օրինականորեն ձեռք բերած ազատությունն ու անկախությունը»: «Ռուսաստանը և Թուրքիան այլևս երբեք չպետք է նպատակի միասնություն որոնեն Հայաստանի և հայ ժողովրդի հաշվին: Ցեղասպանությունների, աքսորների, մահվան ճամբարների և «գուլագ»-ների փորձը լիովին բավարար է ողջ պատմության համար»: Հովհաննիսյանի կարծիքով` առաջընթացի ուղին Թուրքիայի համար Հայաստանի շրջափակումը վերացնելն ու սահմանները բացելն է` «որպես սակարկության լծակ օգտագործելու փոխարեն»: Ռուսաստանի մասին Հովհաննիսյանը գրում է. «Ճշմարիտ ռազմավարական դաշնակիցները, որպես կանոն, անկեղծորեն խորհրդակցում են միմյանց հետ և համակարգում իրենց քաղաքականությունը` ելնելով ընդհանուր շահերից: Նրանք իրար հետ երբեք չեն խոսում անբարենպաստ արձանագրումների շուրջ երրորդ կողմերի հետ թիկունքային բանակցությունների միջոցով…»: Հոդվածն ամբողջությամբ կարդալու համար այցելեք www.acnis.am կայք: Սուրեն Մուսայելյան |
||
azadakrum.org©
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org©
կայքի
խմբագրության տեսակետի հետ: