Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

 Կրկին զույգ տխրահռչակ արձանագրությունների մասին

07/09/09

Որոշ կուսակցապետեր (Parteikanzlei  գերմ.)  փորձ են անում իրենց և ուրիշների խաբեպատիր վերլուծություններով հավասարության նշան դնել տխրահռչակ  զույգ արձանագրությունների ստորագրելուն ընդդիմանալու և հայ-թուրքական  դիվանագիտական հարաբերություններ հաստատելուն  և, այսպես կոչված, սահմանը բացելուն ընդդիմանալու միջև: Անձամբ ես հարյուր տոկոսով կողմ եմ դիվանագիատական, ինչպես նաև հյուպատոսական,  հարաբերություններ  հաստատելուն և հիսուն տոկոսով կողմ, այսպես կոչված, սահմանի բացմանը: Միաժամանակ, ես հարյուր տոկոսով դեմ եմ վերոհիշյալ արձանագրությունների ստորագրմանը, առավել ևս վավերացմանը, քանի որ բացի հարաբերություններ հաստատելու և Հայաստանը ապաշրջափակելու դրույթներից, դրանք ունեն ավելի քան մեկ տասնյակ շատ լուրջ, անգամ ճակատագրական, պարտավորություններ, որոնք իրենց բնույթով  միչևիսկ նախապայմաններ չեն, այլ արդեն հանձնառու պայմաններ:   

Դիվագիտական հարաբերությունների հաստատումն ինքնանպատակ չէ: Այն երկրների միջև առկա և հնարավոր  խնդիրների, վեճերի ու տարաձայնությունների  բանակցային ճանապարհով լուծելու միջոց է: Եթե մենք բոլոր սկզբունքային հարցերում վերջնական զիջումների ենք գնում, վաղը ի՞նչ ենք քննարկելու թուրքերի հետ: Հուշարձանների պահպանության հարցե՞րը, թե Տոյոտայի պահեստամասերի ներկրման արտոնությունները

Համառոտակի այն մասին, թե իբր արձանագրությունների մեջ խոսք չկա Կարսի պայմանագրի մասին: Նախ, թող մեկն ինձ բացատրի "գոյություն ունեցող սահմանը որոշող համապատասխան պայմանգրեր" ասելով, կողմերն ի՞նչ նկատի ունեն: Գուցե նաև Ալեքսանդրապոլի պայմանգիրը, չէ որ պայմանագրեր  բառը հոգնակի է:  

Նախ քաղաքական առումով ի՞նչ բան է Կարսի պայմանագիրը: Դա ռուսական բոլշևիզի կաշառքն էր Մուդրոսի զինադադարը (30 հոկտեմբերի 1918թ.) ոտնահարած օրինական իշխանությունների կողմից դատապարտված, դաշնակիցների կողմից հանցագործներ հռչակված օսմանյան բանակի այն գեներալներին, ովքեր պատրաստ էին ոչնչացնել հայկական ու  հունական  իմպերիալիզմը”:    

Իր զավթողական բնույթով ու անօրինական կարգավիճակով հանդերձ, Կարսի պայմանագիրն ունի որոշ նպաստավոր դրույթներ: Մասնավորապես, պայմանագրի 11, 17, և 18  հոդվածներն համապատասխանաբար անդրադառնում են օտարերկրյա քաղաքացիների իրավուքներին, անխափան հաղորդակցությանը առևտրական հարբերություններին և որոշակիորեն կանոնակարգում են դրանք:  

Մի կողմ թողնելով Կարսի, ինչպես նաև Ալեքսանդրապոլի ու Մոսկվայի պայմանագրերի օրինականության, ավել ճիշտ անօրինականության, հարցը, համառոտակի անդրադառնամ Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման արձանագրության հինգերորդ կետի  մեջ առկա պարտավորությանը, այն է. "համապատասխան միջազգային իրավունքի պայմանագրերով որոշված երկու երկրների միջև գոյություն ունեցող սահմանի փոխադարձ ճանաչում":  

Կարելի է հստատապես ասել, որ նման ձևակերպման պարագային ավելի լավ էր լիներ Կարսի պայմանագրի ուղղակի հիշատակումը, քան նման անուղղակի սակայն մինաշանակ հղումը: Երկրորդ պարագային, մենք իրավականորեն ձևակերպում ու ամրագրում ենք օրինապես ճանաչած պետության` Հայաստանի Հանրապետության դեմ թուրքական ապստամբական զորամիավորումների տարածքային բռնազավթումները, առանց մինչևիսկ ամրագերելու Կարսի պայմագրի մանր ձեռքբերումները

Ուզում եմ հավատալ, որ տխրահռչակ արձանագրությունների մեջ սպրդած ավելի քան մեկ տասնյակ հայակործան սխալները, ծառայողական անփութության հետևանք են, թե չէ շոգ եղանակին ինչ միտք ասես, որ չի ծագում մարդու գլխում: 

Արա Պապյան

Մոդուս վիվենդի կենտրոնի ղեկավար

6 սեպտեմբերի 2009թ. 

 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: