Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

Վրացերենը՝ առաջխաղացմա՞ն, թե՞ լուծացման միջոց

14/10/08

Նամակ Վրաստանից

Վերջերս Վրաստանում ազգային փոքրամասնությունների հարցով նախագահի խորհրդական է նշանակվել ոչ անհայտ Վան Բայբուրդը: Մարդ, ում ջավախքահայերը հայտարարել են անցանկալի անձ Ջավախքում: Սակայն, այս անցանկալի անձը շատ ցանկալի է Թբիլիսիում, եւ դա տարօրինակ չէ: Նա Վրաստանի իշխանությունների հլու կամակատարն էր, երբ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր էր: Զարմացանք՝ երբ այս տարի չառաջադրվեց որեւէ ընտրացուցակով, հետո դարձավ հասկանալի, որ այլ աթոռ էին խոստացել:

ՀՀ զլմ-ներից մեկի հետ հեռախոսազրույցում այս անցանկալի անձը հանդես է եկել մի դարակազմիկ հայտարարությամբ՝ «վրացերեն չիմանալը խոչընդոտում է հայերի առաջընթացին», դե՜, Բայբուրդին ինչ կա, նա ինչ ուզի ու ոնց ուզի՝ կասի, ավելի ճիշտ՝ ինչ ուզեն՝ կասի, ու հավանաբար նրան այդ պաշտոնում նշանակելուց առաջ ուզել են, որ Վրաստանի ոչ վրացախոս բնակչությանը ամեն կերպ համոզի-պարտադրի վրացերեն սովորել: Իսկ ավելի մեծ գայթակղություն, քան առաջընթացն է, այն էլ «Թբիլիսի տանելու» հեռանկարով, չկա: Հենց այս պատրվակով էլ հավանաբար շուտով կփակվեն Ջավախքի հայկական դպրոցները, մեր ազգային օգուտի համար, որ վրացական դպրոցում արագ սովորենք վրացերեն ու գտնենք լավ աշխատանք, ապահովենք առաջընթաց:

 

Ընթերցողը երեւի հիմա կմտածի՝ ի՜նչ սխալ է ասել մարդը, բա պետական լեզուն չիմանան, սակայն, երբ ես զրուցում էի թիֆլիսահայերի հետ, ովքեր շատ լավ տիրապետում են վրացերենին (գուցե շատ վրացիներից էլ լավ) եւ բարձրակարգ մասնագետներ են, նրանք բողոքում էին, որ տեղ չեն տալիս իրենց, քանզի կա հայ լինելու գործոնը, «ամենաշատը կոշկակար, կամ ներկարար», ահա վրացերենի գերազանց իմացությամբ հայի ապագան... եթե իհարկե չի պատրաստվում ծախու մարդ լինել կամ վրացականացվել:

Այո, լեզու իմանալը լավ բան է, օգտակար, սակայն այս դեպքում Վրաստանի իշխանությունները ազգային փոքրամասնություններին ձուլելու խնդիր են լուծում, ոչ՝ առաջընթացի: Իսկ առանց լեզվամտածողության փոփոխության մարդուն իր արմատներից չես կտրի:

Երեւանում 5 տարի սովորելուց հետո (մանկավարժ-պատմաբան եմ) վերադարձա Ջավախք ու մտածեցի, որ հայտարարված առաջընթացի համար վրացերեն պետք է սովորել: Բարեբախտաբար Քութաիսի քաղաքում կար նման դպրոց (կար՝ որովհետեւ հիմա վերանորոգելու պատճառով փակվել է ու հայտնի չէ, կբացվի՞ արդյոք, գուցեեւ՝ իր գործն արեց պրծավ... ուրիշ տեղ կբացվի), Զուրաբ Ժվանիայի անվան վարչական դպրոց էր կոչվում, որտեղ 3 ամիս արագացված ձեւով վրացերեն սովորելուց հետո պիտի տեղավորվեի տեղական ինքնակառավարման մարմիններում (վրացերենով վերապատրաստում էին ՏԻՄ աշխատողների), սակայն, մնացի անաշխատանք: Ստիպված վերադարձա Երեւան՝ աշխատանք գտնելու:

Դպրոցում սովորում էինք ազգային փոքրամասնություների 45 ներկայացուցիչներ՝ 30 հայ, 15 ադրբեջանցի: Վկայական ստացանք 12 հոգի՝ որից 11-ը՝ հայ, 1-ը՝ ադրբեջանցի: Մտածեցինք, երեւի այդքան աշխատատեղեր կան, դրա համար ընտրեցին 12 լավագույններին, սակայն խորը հիասթափություն ապրեցինք, երբ հանդիպեցինք նախկին շրջանավարտների, ովքեր դեռեւս սպասում էին, թե երբ են իրենց տեղավորելու աշխատանքի: Պարզ դարձավ, որ դա ընդամենը ծրագիր է հայերին ու ադրբեջանցիներին վրացերեն սովորեցնելու՝ հենց վերոնշյալ նենգ նպատակի համար: Եվ եթե մի քանի տարի առաջ Ջավախքում ոչ մի վրացախոսի չէիր հանդիպի, հիմա բավականին շատացել են...…

Լեզուն սովորեցինք, ուծացման առաջին քայլն արեցինք եւ հիմա ավելի հեշտ ու պարտաճանաչ կծառայենք Վրաստանի չունեցած բանակում՝ թուրքերի հետ ուս-ուսի տված, մի վրացի աղջիկ էլ ամեն հայ տղա բանակից հետո «կսեփականացնի», հետո էլ հավանաբար կամ վրացուհին կամ պետությունը կպահանջեն մեր ազգությունը փոխել, ասենք՝ Անդրանիկ Թանգամաշվիլի, կամ գոնե Թանգամ (Բայբուրդը վառ օրինակ է), եւ նոր կտեղավորվենք աշխատանքի...…

Դրանից հետո էլ, հավանաբար մեկ դար անց, Անդրո Թանգամիձեն կամ Թանգամաշվիլին Վանո Բայբուրդիձեի կամ Բայբուրդաշվիլու հետ կգրեն իրենց պապերի պատմությունը... եւ հիմնարար աշխատությունում կներկայացնեն, թե ինչպես են հայերը բռնի ուժով Ջավախքի վրացիներին ազգափոխ արել, եկեղեցիները սեփականացրել, սակայն վերջապես հաղթել է վրացական գենը եւ նրանք կրկին վերադարձել են իրենց ակունքներին: Սակայն մի բանում սխալվել են վրացիներն ու նրանց կամակատար Բայբուրդը, որ հայ գենը դարերի ընթացքում միշտ էլ դիմացել է ոսկու փայլին ու սրի ճնշմանը...…

Պարզապես ավելի ենք դաժանացնում մեր ներկա դժվարին կյանքը:

Անդրանիկ Թանգամյան

ով երբեք չի դառնա Թանգամաշվիլի կամ Թանգամիձե

 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: