Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

Հրմշտոց ՎՏԲ բանկի դիմաց

Թեղուտի պաշտպանության խմբի կողմից ՎՏԲ բանկի դիմաց կազմակերպված բողոքի ակցիան վերածվեց իսկական հրմշտոցի:

Բանկի տնօրենի հետ հանդիպում պահանջող բնապահպան ակտիվիստները մտան բանկի նախասրահ, մի քանի րոպե սպասեցին տնօրենին, ապա տեսնելով, որ նրանց հետ ոչ ոք էլ մտադիր չէ հանդիպելու, նստեցին մուտքի աստիճաններին` ամբողջությամբ փակելով ելումուտը:

Բանկի անվտանգության հսկիչները պահանջեցին բացել մուտքը, որոնց հետ դժգոհության ալիք բարձրացրեցին բանկ շտապող քաղաքացիները: Վերջիններիս աշխատակիցները օգնում էին «բարձրանալ» աստիճաններով հենց բնապահպանների վրայով, որոնց հետեւից լսվում էին «ամոթ տիկնոջը», «ամոթ պարոնին», «Անտառը ձերն էլ է, մենք ձեր երեխաների համար ենք պայքարում» եւ այլ արտահայտություններ:
Սակայն հաճախորդների մեջ գտնվեցին այնպիսիք, որոնք միացան ակտիվիստներին` նստելով աստիճանների վրա:

Մինչ ակցիայի սկիզբը ներկա էր միայն մեկ ոստիկան, քիչ անց նրանց մոտեցան ոստիկանական մեքենաներով մի քանի տասնյակից ավելի ոստիկաններ, որոնք մի փոքր սպասելով` անցան ուժի կիրառման եւ ակտիվիստներին ուղղակի աստիճաններից շպրտեցին:

Ակտիվիստներին միացած 60-ամյա Արմեն Դովլաթյանի տարիքն անգամ ոստիկաններին չխանգարեց` նրան եւս «շպրտելու»: Թեեւ բանկի ելումուտը ազատվեց, սակայն երիտասարդ բնապահպանները այդքանից հետո նույնիսկ չցրվեցին եւ շարունակում էին վանկարկել «Դուրս արի, վախկոտ», «Ամոթ ՎՏԲ», «Բոյկոտ, ՎՏԲ» եւ այլն:

Հիշեցնենք, որ Ռուսական ՎՏԲ բանկը պատրաստվում է այս տարի ACP ընկերությանը տրամադրել խոստացված շուրջ 300 մլն. դոլար վարկը` Թեղուտում պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման նպատակով:

A1plus.am 28.07.10

 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: