Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

«Սարդարապատ» շարժումն անդրադարձել է տնտեսական թեմաներին

 

Մայիսի 13-ին ՄԻԺԻ գրասենյակում կայացել է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի կազմակերպած հերթական կլոր սեղանը «Սոցիալական արդարության կենսական անհրաժեշտությունը ՀՀ-ում» խորագիրը կրող քննարկումների շարքից «Խոշոր կապիտալի ազդեցությունը և այն հաղթահարելու հրամայականը» թեմայով: Քննարկմանը մասնակցել են Բագրատ Ասատրյանը, Հայկ Բալանյանը, Արմեն Աղայանը, Մովսես Արիստակեսյանը, Վազգեն Մեսրոբյանը և այլք։

Ներկայացնելով ՄԻԺԻ զեկույցը՝ Հայկ Բալանյանը նշել է, որ քաղաքական իշխանության հիմքը տնտեսական իշխանությունն է, և եթե տնտեսական իշխանությանը ձեռք չտրվի, ապա յուրաքանչյուր բարեփոխում, յուրաքանչյուր օրենք շատ արագ վերադառնալու է նույն վիճակին։

Միջազգային տնտեսական տարբեր մոդելներ ներկայացնելուց  հետո Վազգեն Մեսրոբյանն ասել է, որ առաջին հերթին պետք է հասկանալ, թե ինչ ենք ցանկանում, և հետո միայն նպատակադրումներ անել։

Մովսես Արիստակեսյանը նշել է, որ հայ անհատը ստեղծագործ մարդ է և այլ միջավայրում կարողանում է իր գոյությունն ապահովել և զարգանալ, սակայն Հայաստանում հայ մարդը, փոքր բիզնեսմենը զարգանալու տեղ չունի, քանի որ դրան խոչընդոտում է օլիգարխիկ համակարգը։

-Խոշոր բիզնեսի դեմ ես բան չունեմ, թող լինի արդար և լավ բիզնես, բայց երբ խոսում ենք օլիգարխիկ համակարգի մասին, երբ խոշոր բիզնեսն իշխանությունը վերցնում է իր ձեռքը, կամ իշխանությունն ինքը դառնում է խոշոր բիզնես, ապա տնտեսական բոլոր օբյեկտիվ օրենքները չեն գործում,- ասել է Մ. Արիստակեսյանը։

Նա նշել է, որ պետք է ունենալ ազգային արդյունաբերության վրա հիմնված հզոր տնտեսություն։ Տնտեսական մոդելներ ընտրելիս պետք է իմանալ, որ մեր երկրի առաջին պայմանը ժողովրդավարացումը, ազգային արդյունաբերություն ձևավորելը, լեգիտիմ իշխանություն ունենալը, ազատ մրցակցությունը և մենաշնորհի դեմ պայքարն է։

7or.am

 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: