Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

ԱՅԼԵՎ’Ս ԹՈԹԱՓԵՆՔ ՄԵՐ ՄԵՋ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ԱՅԼԱԿԵՆՏՐՈՆ, ՕՏԱՐ ՈՒ ՕՏԱՐԱԾԻՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

Մարտի 1-ին “Թեքեյան կենտրոն”-ի դահլիճում տեղի ունեցավ Արաքս-Կուր հիմնադրամի և “Սարդարապատ” շարժման նախաձեռնող խմբի համատեղ կազմակերպած “Մարտի 1-ի դասերը և Հայաստանի առջև ծառացած նոր մարտահրավերները” թեմայով հավաք-քննարկումը:

Միջոցառմանը ելույթ ունեցավ  նաև “Կենաց տուն” հասարակական կազմակերպության մշակութային կենտրոնի տնօրեն, Հայաստանի ժողովրդական վարպետ Լալա Մնեյանը

Ստորև ներկայացվում է ելույթը:

 

Լինելով մշակույթի մարդիկ և ջատագովներ, մեր կազմակերպության դիրքորոշումը և տեսակետները մենք ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը կոչի տեսքով, որն ուղղված է ոչ միայն այս լսարանին, այլ նաև բոլոր նրանց, ովքեր իրենց հայ են համարում: Եվ քանի որ դա միայն իմ կարծիքը չէ, այլ ներկայացնում է մեր կազմակերպության կարծիքը, ուստի թույլ տվեք, որ ես այն ընթերցեմ:

Այնպես, ինչպես ժամանակին ասվում էր փրկությունը կգա Արևելքից, Արևելքում է լույսը, նկատի ունենալով Հայաստանն ու հայկական լեռնաշխարհը, և կամ հետագայում ասվում էր փրկությունը կգա Քրիստոսով, այդպես էլ ուզում եմ ասել այսօրվա իրավիճակից դուրս գալու ելքը կգա մշակույթով, ասել է թե փրկության ճանապարհը մշակույթն է, ազգային մշակույթը, հայկական մշակույթն իր նյութական և հոգևոր ամբողջությամբ:, Սա է “Կենաց տուն” մշակութային հասարակական կազմակերպության կարծիքը, ասեմ ավելին, համոզմունք, որը բխում է ոչ բոլորովին պատահական մի տեղից: Այն բխում է մեր ազգային առաքելությունից ու փաստվում մեր ազգի անցած ճանապարհով, պատմության մեջ նրա թողած խորքային հետքով և նրա համոզմունքով: Սա այն է, ինչ մինչև ուղն ու ծուծը ներծծված է մեր արյան, մեր գենետիկական կոչված հիշողության, մեր ենթագիտակցության մեջ, մեր, ցավոք, արդեն տարերային դարձած գործելակերպում:

Չէ որ, երբ Աստված արարեց աշխարհը, հայն էլ արարեց մշակույթը, առաջին անգամ ձևափոխելով բնությունը և այդպիսով իրականություն դարձնելով աստվածային ծրագիրն աշխարհում և Աստծո կերպն իր մեջ: Դրա վկայությունը ոչ միայն մեր Մեծերի ժառանգությունն է, այլ նաև ազգային-ժողովրդական բանահյուսությունը` էպոսն ու հեքիաթները, հայ երգն ու պարը, հոգևոր երաժշտությունն ու հոգևոր ճանապարհը, ճարտարապետությունն ու զարդարվեստը, ժողովրդական ծեսերն ու սովորությունները, և վերջապես նիստն ու կացը: Այստեղից է, որ մենք պետք է սնվենք, սրանով պետք է գտնենք ճանապարհը ժամանակակից աշխարհում վերստին արարող ու նորարար մնալու, վերստին լույսի կրող ու ջահակիր դառնալու և քայլելու դեպի ապագա:

Սա’ է մեր խաչը, մեզ համար նախատեսվածը, մեր բաժինը: Սրանից խուսափելը վտանգված է ազգային կորստով: Ուրեմն, եկե’ք արթնացնենք մեր մեջ աշխարհընկալման, տիեզերաճանաչողության հայկական կերպը, ճանաչենք այն, պեղենք, հանենք դարերի փոշուց, հասկանանք ի±նչ է հայը, և ո±րն է հայի իրական կերպարը:

Սա± է, որ տարփողվում է մամուլով, հեռուստատեսությամբ, շրջում մեր առօրյա խոսակցություններում և այլուր, թե± այն, ինչը իրականում է, և որից գնալով մենք հեռանում ենք` բարձրագույն արժեքներ արարող և աշխարհով մեկ տարածող հայը:

Արդյո±ք այն, ինչ այժմ մեզ մատուցվում է, կամ մատուցվել է վերջին տասնամյակներում ու ժամանակներում, մերն է, արդյո±ք դա լիարժեքորեն նպաստում է մեզ ժառանգվածը ծաղկեցնելուն ու նորի կերտմանը, արդյո±ք դա է մեր չափը, մեր հնարավորությունը և մեզ հոգեպես բավարարողը:

Այլև’ս թոթափենք մեր մեջ ձևավորված այլակենտրոն, օտար ու օտարածին մտածողությունը, որ փաթաթել ու փաթաթում են մեր վզին, ձերբազատվե’նք մեզ անհարիր ու պարտադրվող կառավարման ցածրարժեք որակներից: Սա’ է մեր խնդիրն այսօր, այս ճանապարհն է մեր ուղենիշը, որ տանելու է մեզ դեպի մեր հավաքական ուժի կենսագործում:

Ուրեմն, օ~ն, անդր յառա’ջ, դեպի հայ ազգային մշակույթի ճանաչողություն, դրան համապատասխան ուսուցում ու կրթություն, և դրա հիման վրա տարբեր հարցերի լուծման ճանապարհների որոնում: Հնարավորին չափ արագ, հնարավորին չափ խորն ու լիարժեք, այլապես հետո ուշ կլինի: Մշակույթը կորցնելուց հետո, այլևս ոչինչ չի կարող փրկել մարդուն բանական էակ մնալու:

Ե’տ դարձ գազան դառնալու ճանապարհից, ե’տ դարձ դեպի աստվածային էության վերագտնում, և մեր ազգային պետության վերակերտում:

Սա’ է մեր փրկությունը, սա’ է մեր Սարդարապատը, միշտ և հավիտյան:

 01.03.10

 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: