|
||
|
|
Գլխավոր Մեր Մասին Հայտարարություն Հարցազրույց Ելույթներ Հոդվածներ Լուրեր Ասուլիսներ Կապ | |
|
ՄԵՐ ԲՈԼՈՐԻ ՆՊԱՏԱԿՆ Է ՍՏԵՂԾԵԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՈՉ ԹԵ ԶԱՎԹԵԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Մարտի 1-ին “Թեքեյան կենտրոն”-ի դահլիճում տեղի ունեցավ Արաքս-Կուր հիմնադրամի և “Սարդարապատ” շարժման նախաձեռնող խմբի համատեղ կազմակերպած “Մարտի 1-ի դասերը և Հայաստանի առջև ծառացած նոր մարտահրավերները” թեմայով հավաք-քննարկումը: Միջոցառմանը զեկույցով հանդես եկավ նաև “Սարդարապատ” շարժման նախաձեռնող խմբի անդամ Հայկ Բալանյանը: Ստորև ներկայացվում է զեկույցը:
Ողջունում եմ կոնֆերանսի մասնակիցներին: Շնորհակալություն, որ եկաք միասին քննարկելու Հայաստանի առջև կանգնած խնդիրները և կարծիքներ հայտնելու հնարավոր լուծումների մասին: Իսկապես, մի փոքր երկիր, որն ունի ծով խնդիրներ բոլոր ոլորտներում: Չկա մի ճյուղ կամ ոլորտ, որ բավարարի երկրի քաղաքացիների պահանջները, համահունչ լինի մեր պատկերացումներին, ձգտումներին և կամ արտաքին մարտահրավերներին: Ուզում եմ տեղեկացնել ձեզ, որ “Սարդարապատ” շարժումը վերջին վեց ամիսների ընթացքում նախաձեռնել է տեսական քննարկումներ, որոնց նպատակն է պարզաբանել մեր առջև կանգնած խնդիրների էությունը, գտնել այն հաղթահարելու ճանապարհները: Օգտվելով առիթից, առանց անուններ նշելու, ուզում եմ շնորհակալություն հայտնել մասնագետներին և այդ գործի բոլոր մասնակիցներին: Այդ աշխատանքների արդյունքում առաջացան որոշ տեսական դրույթներ, որոնց մի մասի վերաբերյալ ես ցանկանում եմ ձեզ իրազեկել: Նախ ասեմ, որ խոսելու եմ շատ դառը իրողություններից, որովհետև առանց ճշմարտության, առանց ինքներս մեզ ճանաչելու ոչինչ չի ստացվի: Մենք իրականում դեռ չգիտենք և չենք կարողանում ճիշտ գնահատել նույնիսկ ոչ վաղ անցյալի մեր պատմությունը, անել համապատասխան հետևություններ, առաջադրել խնդիրներ և գտնել դրանց լուծումները: Իսկ “Սարդարապատ” շարժումը առաջին հերթին ճշմարտությունն է ասելու, որքան էլ որ այն դառը լինի: Իսկապես, մի փոքր երկիր և ծով խնդիրներ: Կարիք չկա դրանք թվարկելու, բոլորը տեղյակ են, նույնիսկ իշխանությունները: Սակայն ուզում եմ մի բանի մասին զրուցել` պատճառի և հետո հաղթահարման ճանապարհների: Որ՞ն է պատճառը, որ մեզ չի հաջողվում նորմալ պետություն կառուցել, պետականությունը պահպանել, ապահովել բնականոն և ներդաշնակ հասարակական կյանք: Այն ինչ ստեղծել ենք, մակարդակով ավելի ցածր է, քան մեր անհատական մակարդակը կամ մեր իսկ պահանջները: Անխտիր բոլոր ոլորտներում: Չի հաջողվում և վերջ: Ո՞րն է պատճառը: Այս առումով խնդիրները առաջացել են ոչ 2008թ.-ին, ոչ 1998թ.-ին, ոչ 1991թ.-ին, և ոչ էլ 1915թ.-ին: Հաճախ մենք մեր դժբախտությունների պատճառը որոնում ենք այս կամ այն քաղաքական անձի կամ ստեղծված իրավիճակի մեջ : Իսկ միգուցե Անիի կործանումի՞ց է անհրաժեշտ սկսել հաշվել սխալ ճանապարհի հաշվարկը, թե՞ ավելի վաղ: Ասում ենք, թե չունենք պետականության զգացում: Իսկ միգուցե պետականության զգացման բացակայությունն է պետության կորստի պատճառը և ոչ թե պետականության կորուստն է մեզ արդարացնում, թե չունենք զգացմունքներ հանուն սեփական պետության ստեղծման: Հասարակական բարոյազրկումը, գաղափարազերծումը հենց հիմքն են մեր պետականության կորստի, և այդ առումով մենք նորից կանգնած ենք նույն վտանգի առջև: Մենք չենք սերտել մեր պատմության դասերը: Առանց արժեհամակարգի վերականգման մենք ծնելու ենք նույն իշխանություններին: Հայ ժողովրդի առջև ծառացած խնդիրը իշխանության խնդիրը չէ, այլ մենք ինքներս ենք: Մեր վախերը, մեր անսկզբունքայնությունը, մեր “թայֆաբազությունը”, մեր օջախային-տոհմային մտածողությունը: Հասարակությունն է ապաբարոյականացված և ապակողմնորոշված: Մենք` հայերս մոռացել և ուրացել ենք այն արժեքները, որոնք և թույլ էին տալիս լինել մարդ, քրիստոնյա, երկրի արժանավոր քաղաքացի և զինվոր: Մեր ընտանիքները և դպրոցները, համալսարանները պատրաստում են քաղքենիների, որոնց երազանքն է շատ փող, “սոտովի”, “մաշնա”, ու տան դեմը սիգարետ վաճառելու “բուդկա”: Դա է ժամանակակից Հայաստանի հերոսը և կերպը: Եվ առանց արմատական հասարակական բարեփոխումների, առանց արժեհամակարգի վերականգնման մենք միշտ ունենալու ենք նույն արդյունքը: Իսկապես, մի փոքր երկիր և ծով խնդիրներ: Տարբեր մարդիկ տարբեր պատասխաններ կտան: Մեզանում չի ստացվում պետականաշինություն, որովհետև չի կայացել հենց հասարակությունը, որպես պետության հիմք: Չկան կայացած հասարակական կազմակերպություններ, արհմիություններ, հայրենակցական միություններ, հետևաբար նաև կուսակցություններ: Ավելին, եթե ինչ որ հրաշքով 2008թ կամ որևէ այլ պահի, որևէ քաղաքական ուժ նվաճի քաղաքական իշխանություն, ապա վստահեցնում եմ ձեզ, որ այդ նույն խնդիրները մնալու են և շատ մեծ հավանականություն կա, որ նորից վիշապը կվերարտադրվի: Չկա, որևէ քաղաքական ուժ, որ ունենա իր քանակով և ամենակարևորը` որակով բավարար անձնակազմ և զանգված, որպեսզի կարողանա իրականացնել մեր երկրի և հասարակության խորքային բարեփոխումը: Կադրային սովը իրական պրոբլեմ է, դրանք ուղղակի քիչ են, և միակ ճանապարհը դա անկասկած ներգաղթի կազմակերպումն է, իսկ առաջին փուլում` Սփյուռքի լայն օգտագործումն է Հայաստանը կայացնելու գործում: Օրինակ, բարձրագույն կրթության ոլորտում ներքին ռեսուրսներով ժամանակակից որակ ապահովել մենք այլևս չենք կարող: Հետայսու` խնդրի լուծումը իշխանություն ձեռք բերելը կամ զավթելը չէ, որ հետագայում պետականություն և հասարակություն կերտենք: Ոչ: Կարիք չկա մարտավարական խաղեր խաղալ իշխանության հետ, պետությունը պետք է ստեղծել հիմա, և հետո գալ իշխանության, ոչ թե գալ և փորձել շատացած “դանակավորների” հետ միասին ինչ-որ բան փոխել: Պետք է կերտել հասարակական կառույցներ, հասարակություն և զուգահեռ գործող նոր պետական վարչակարգ և հետո նոր գալ իշխանության: Միևնույն է, այդ խնդիրները պիտի գտնեն իրենց լուծումները, սակայն եթե հասարակությունը ստեղծում է անհրաժեշտ կառույցներ` իրական արհմիություններից մինչև իսկական Երկրապահ, մասնագիտական խմբեր, ինչպես նաև ձևավորում է իշխանության մարմիններ վերից-վար, խորհրդարանից մինչև ԲՇԿ -ի պետ, ապա իշխանությունը ինքն է փլուզվում: Եթե մարդիկ տեսնեն իրենց ԲՇԿ-ի պետին, որն ավելի կարևոր է, քան Նախագահը, ապա կանեն իրենց իրենք ընտրությունը: Մենք դա տեսել ենք 1990թ.: Համակարգը վերից վար արատավոր է, իր բոլոր օղակներում և չի հանդուրժի և ոչ մի օտարածին բջիջ: Սակայն, եթե հասարակությունը կարողանում է ստեղծել և պաշտպանել որևէ օտար մարմին, համակարգը ինքն է սկսում փլուզվել: Մենք դա տեսել ենք 2008թ: Եվս մի քանի էական նրբերանգներ: Համակարգը դառնում է խոցելի, եթե չի հասնում իրադարձությունների հետևից և հասարակության մեջ ստեղծվում են ավելի սերտ կապեր քան պետություն-հասարակություն կապում, ձևավորվում են պետությունից դուրս սոցիալ-քաղաքական կենտրոններ: Այժմ, պետություն-հասարակություն կապը խաթարված է, և խնդիրն այն է, որ հասարակությունը ինքը չի ստեղծեում այլընտրանքային համակարգ: Երբ նման հասարակական կառույցը և բյուրոկրատական համակարգը պատրաստ կլինի, վարչակարգը կգա անակնկալի և հակադարձելու ոչինչ չի ունենա: Ոչ մի պատժիչ մեքենա չի աշխատի: Ի վերջո գոյություն ունեցող համակարգը մարդիկ են, ընդամենը մարդիկ: Մարդիկ, ովքեր ունեն սովորական պահանջներ և սովորական վախեր: Այժմ մի քանի տեսական սկզբունքներ, որոնք նույնպես մշակվել են մեր կլոր սեղանների ընթացքում: Բացառիկ հրապարակայնություն: Դա մեզ է թվում, թե գաղտնի աշխատանքը ինչ-որ առավելություն է տալիս: Ոչ, մենք ուղղակի ինքնամեկուսանում ենք սեփական ժողովրդից, իսկ համապատասախան մարմինները միշտ գիտեն ով ինչով է զբաղված: Հակառակը, միմիայն բաց, կատարելապես թափանցիկ աշխատանք բոլորի համար, ի վերջո հասարակական գործունեությունը չի կարող լինել հասարակությունից թաքնված: Հասարակությունը և վարչակարգը պիտի իրազեկված լինի ամեն ինչ մասին, միևնույն է իրենք հակաքայլ չունեն: Ոչ մի շփում կամ համագործակցություն պետական մեքենայի հետ: Այս պետությունը, այս վարչակարգը մեզ համար ուղղակի գոյություն չունեն: Մենք ստեղծում ենք զուգահեռ համակարգ, հետևաբար գործողը մեզ հետ չպիտի խաչվի: Իրենք կգան անպայման, հատկապես երիտասարդության մոտ կա գայթակղություն, որ կարելի զբաղվել, ասենք անկասկած հայրենանվեր գործունեությամբ, համագործակցելով նաև իշխանությունների հետ: Դա խաբկանք է: Դա է ձեզ է թվում, թե դուք օգտագործում եք, իրականում համակարգը միշտ ուժեղ է, ձեզ են օգտագործում: Բացարձակ արհամարանք վարչակարգի հանդեպ, այն ուղղակի այլևս մեզ համար գոյություն չունի: Միայն առանձին, զուգահեռ գոյությունը և զարգացումը թույլ կտա ստեղծել նորը: Ի վերջո, այդ առումով ուզում եմ նշել, որ սրանք ընտրություններով իշխանությունը չեն տա: Հետևաբար մենք էլ ընտրություններով չէ որ պիտի գանք: Նաև, մեր բոլորի նպատակն է ստեղծել պետություն, ոչ թե զավթել իշխանությունը: Եթե հաջողվի ստեղծել և պետական բուրգը և կազմակերպել հասարակությանը, ապա արդյունքում վարչակարգը կորցնում է իշխանությունը: Իմ խոսքի վերջում ուզում եմ հստակ նշել, որ մենք, “Սարդարապատ” շարժումը պատրաստ ենք աջակցել յուրաքանչյուր խմբին և մարդկանց, սատարել այն ամենով, ինչ ունենք և չունենք, որպեսզի այդ խմբերը կայանան, որպեսզի հաղթահարվի ներքին սոցիալական և քաղաքական պառակտվածությունը, չունենալով ամբիցիաներ անպայման ուղղորդելու: “Սարդարապատ”-ի նպատակն է կազմակերպել և ապագա ընդիմություն և ապագա իշխանություն, միավորել Հայաստանի բոլոր քաղաքացիներին` հայերին, եզդիներին, ռուսներին, ասորիներին և հույներին, ինչպես նաև արտերկրում բնակվող մեր բոլոր հայրենակիցներին մեկ գաղափարի շուրջ` Հայաստան երկիրը մեր կենտրոնն է, մեր նպատակը, մեր միջոցը և մեր երազանքը: 01.03.10
|
||
azadakrum.org©
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org©
կայքի
խմբագրության տեսակետի հետ: