|
||
|
|
Գլխավոր Մեր Մասին Հայտարարություն Հարցազրույց Ելույթներ Հոդվածներ Լուրեր Ասուլիսներ Կապ | |
Ալեք Ենիգոմշյան. «Մարտի 1–ը, իհարկե, ժողովրդական ընդվզում էր, բայց պակասում էին որոշակի ծրագրեր»
Մարտի 1-ին “Թեքեյան կենտրոն”-ի դահլիճում տեղի ունեցավ Արաքս-Կուր հիմնադրամի և “Սարդարապատ” շարժման նախաձեռնող խմբի համատեղ կազմակերպած “Մարտի 1-ի դասերը և Հայաստանի առջև ծառացած նոր մարտահրավերները” թեմայով հավաք-քննարկումը: Միջոցառմանը զեկույցով հանդես եկավ նաև “Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի նախկին մարտիկ”, “Մոնթե Մելքոնյան” հիմադրամի տնօրեն Ալեք Յենիգոմշյանը: Ստորև ներկայացվում է ելույթը:
Նախ, ամենայն անկեղծությամբ խոնարհվում եմ Մարտի 1-ի զոհերի հիշատակի առաջ, նրանց հարազատների առաջ, և մեր ազգի բոլոր զոհերի նահատակների առաջ: Ասեմ, որ իմ խոսքը հայ մարդու խոսք է, ես խոսելու եմ որպես հայ ազգի ցավով մտահոգ մարդ: Այսօրվա մեր կոնֆերանսի թեման “Մարտի 1-ի դասերը և հայ ազգի առջև ծառացած մարտահրավերներն են”: Ցանկանում եմ ընդամենը անդրադառնալ երկու խնդրի վրա, որոնք մենք չենք կարող անտեսել: Առաջինն այն է, որ այս իշխանությունը հիմնված է փոքր խմբի, խավի շահերի վրա և այդ խավը ընտրություններում հետապնդում է իր սեփական, անհատական կամ խմբակային շահերը, դիմելով ցանկացած միջոցի նպատակին հասնելու համար, անգամ ժողովրդի զավակների սպանության գնով, և սա մենք չպետք է մտահան անենք: Եթե հասարակությունը ամբողջությամբ պատրաստված և կազմակերպված չլինի, նա հաջողության չի հասնի: Մարտի 1-ը իհարկե ժողովրդական ընդվզում էր, բայց նրան պակասում էին որոշակի բաղադրիչներ, որպեսզի այդ ժողովրդական ընդվզումը ամբողջական դառնար, և որպեսզի դրա դիմաց իշխանության բիրտ ուժի գործածությունը կամ ընդհանրապես անհնար դառնար և կամ անարդյունավետ: Սա մարտի 1-ի ընդհանուր դասերից մեկն է: Ես համամիտ եմ նախորդ բանախոսի այն հիմնական միտքին, որ մենք և որպես հասարակություն պետք է փոխվենք, և որպես հասարակության ներկայացուցիչ լինենք առավել կազմակերպված, ինչը կլիներ արդեն որպես այլընտրանք տիրող հասարակարգին, տիրող համակարգին: Մարտի 1-ի շարժումը, և ընդհանրապես 2008-ի փետրվարյան, մարտյան շարժումը ղեկավարում էր ՀՀ առաջին նախագահը, որովհետև հանգամանքները այդպես էին ստացվել: Ցանկացած հասարակական շարժում ներկայանում է որոշակի ծրագրով, այսինքն երբ պետք է փոխվի ինչ-որ համակարգ, ապա պետք է այլընտրանքային ծրագիր ներկայացվի: Այդ ժամանակ իշխանությունների նկատմամբ քննադատությունը շատ հանգամանալից էր, և ընդհանուր առմամբ շատ ճիշտ, սակայն բացակայում էր այլընտրանքային ծրագիրը: Մայիսի 2-ին, ՀԱԿ-ի կոնֆերանսում ՀՀ առաջին նախագահն ասաց, որ մեր շարժման նպատակը բուրժուական, ժողովրդավարական և դեմոկրատական հեղափոխություն իրականացնելն է Հայաստանում: Դա իհարկե շատ հասկանալի էր, սակայն այդ ժամանակ բուրժուական, ժողովրդավարական և դեմոկրատական հեղափոխություն իրականացնելու ծրագիր ներկայացված չէր: Ընդամենը մի քանի օր անց ՀԱԿ-ը ներկայացրեց այդ բուրժուական, ժողովրդավարական և դեմոկրատական հեղափոխության ծրագիրը իր 100 քայլերի տեսքով: Ընդհանուր առմամբ, իհարկե, շատ ողջունելի է այդ ծրագիրը և որակապես և էականորեն տարբերվում է անցնող 10 տարիների և նույնիսկ դրանից առաջ 1990-91-ից ներկայացված և Հայաստանում իրագործված ծրագրերից: Բայց ուզում եմ գալ հիմնական կետին: Ցավոք այդ ծրագիրը և ցանկացած բուրժուական, դեմոկրատական ծրագիր մեր ժողովրդի, մեր պետության, մեր հայրենիքի, մեր ազգի առջև ծառացած խնդիր այսօր լուծելու ի վիճակի չէ: Մենք այսօր գտնվում ենք որպես ազգ և պետություն ճակատագրական շրջանում: Սա ահազանգ է, բայց հուսահատական ճիչ չէ: Եթե մենք չգիտակցենք, որ առաջիկա մի քանի տասնամյակների ընթացքում չկարողանանք լուծել մեր ազգի առջև ծառացած կարևորագույն խնդիրները, ապա մեր պետության և պետականության գոյությունն իսկ շատ լուրջ ձևով կասկածի տակ կդրվի: Կարևորագույն խնդիրներից մեկը ժողովրդագրական խնդիրն է, երկրորդը մեր հայրենիքի, որպես տարածք բնակելիության խնդիրն է: Գաղտնիք չէ, որ ներկա միտումներով մենք 50 տարի հետո կդառնանք մեր հայրենիքի այս տարածքի վրա լավագույն դեպքում 1-1.5 միլիոն թվաքանակով ժողովուրդ, մինչդեռ մեր հարևան երկրները` արևմուտքում Թուրքիան, լուրջ գիտական կանխատեսումներով կդառնա 100մլն-ից ավել երկիր և այստեղ կարևոր չէ թե այդ երկրի բնակչության մի աննկատ մասը կլինեն քրդերը: Դա իրականության վրա որևէ էական ազդեցություն չի թողնի: Մեր արևելյան հարևանը` Ադրբեջանը կունենա 11մլն-ից ավելի բնակչություն: Հարավում` Իրանում բնակվող ազերիները նույնպես կունենան էական աճ, իսկ մենք և վրացիները վերանալու ընթացքի մեջ կլինենք: Երկրորդ հիմնական խնդիրը այն է, որ ներկա միտումներով նույնիսկ, եթե մեր բնակչության թիվը ինչ-որ պատճառով չպակասի և ճակատագրական, կրիտիկական շեմից ներքև չանցնի, ապա մեր երկիրը դառնում է ոչ բնակելի երկիր, անապատացման միտումներով և գյուղատնտեսության վերացումով: Եթե մենք հաջորդող տասնամյակներում, այսօրվանից սկսած այդ ուղղությամբ աշխատանքներ չտանենք, ապա մենք գնում ենք դեպի կործանում: Եվ եթե այսօր մենք տարբեր խնդիրների շուրջ քննադատում ենք այսօրվա իշխանություններին, որպես անարդարներ, մենաշնորհների տերեր, իրավունք ոտնահարողներ, ապա այդ ամենը ոչինչ են համեմատած այն իրականության հետ, որ այս իշխանությունները կամ ցանկացած իշխանություն, որ կվարի նմանօրինակ քաղաքականություն և կնպաստի ժողովրդի թվի էլ ավելի պակասեցմանը, արտագաղթի համար իրավիճակի ստեղծմանը, բնության քայքայմանը: Այս անձինք լինելու են հայ ազգի և հայ պետականության վերացման պատասխանատունները: Սրանից ավելի մեծ դավաճանություն չկա: Ես առաջարկում եմ, որ “Սարդարապատ” նախաձեռնությունը այսուհետ քննարկումներ իրականացնի նաև այն կտրվածքով, որ անհրաժեշտ է պետությունից անկախ, իշխանությունից անկախ, մինչև իշխանափոխություն իրականացնելը հայ ժողովուրդը և սփյուռքը կազմակերպվեն այնպես, որ ժողովրդագրության խնդիրը լուծվի հայրենադարձության ճանապարհով: Հայրենի բնության պաշտպանության, Հայաստան երկիրը մարդու համար ավելի բնակելի դարձնելու առումով, կոնկրետ ծրագրեր իրականացնելու ուղղությամբ պետք է տարվեն համապատասխան աշխատանքներ: Պետք է առաջիկայում մեր աշխատանքների մեխը լինի հիմնարար փոփոխություն իրականացնելը, որի չկայացման պարագայում ներկա ընթացքի շարունակությունը մեզ տանելու է դեպի հայրենիքի և պետականության կորստի: Ով, չի գիտակցում դա և ով բռնել է իշխանության ղեկը ու այս ուղղությամբ գործնական քայլեր չի իրականացնում, ազգի դավաճաններ են: Շնորհակալություն: 01.03.10 |
||
azadakrum.org©
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org©
կայքի
խմբագրության տեսակետի հետ: