|
||
|
|
Գլխավոր Մեր Մասին Հայտարարություն Հարցազրույց Ելույթներ Հոդվածներ Լուրեր Ասուլիսներ Կապ | |
|
ԵԼՔԸ, ԵՎ ԻՆՉՊԵՍ ԱՍՏՎԱԾ, ՄԵՐ ՄԵՋ Է, ՄԵՐ ՀՈԳԻՆԵՐՈՒՄ Մարտի 1-ին “Թեքեյան կենտրոն”-ի դահլիճում տեղի ունեցավ Արաքս-Կուր հիմնադրամի և “Սարդարապատ” շարժման նախաձեռնող խմբի համատեղ կազմակերպած “Մարտի 1-ի դասերը և Հայաստանի առջև ծառացած նոր մարտահրավերները” թեմայով հավաք-քննարկումը: Միջոցառմանը զեկույցով հանդես եկավ նաև “Սարդարապատ” շարժման նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանը: Ստորև ներկայացվում է զեկույցը:
Աշխարհի երեսին ամենահին պատերազմը կուշտի ու սովածի պատերազմն է, հարուստի ու աղքատի, տերերի ու ծառաների պատերազմն է: Մենք այնքան երկար էինք տառապում օտար տերերի լծի տակ, որ չնկատեցինք, թե ինչպես տեղական տերերի ծառան դարձանք: 2008-ի մարտի 1-ի կրակոցները հենց այդ պատերազմի կրակոցներն էին : Ե՞րբ սկսվեց այս ներքին, քաղաքացիական պատերազմը: Ցավոք մենք դա էլ չնկատեցինք, քանի որ հարուստ ու աղքատ, կուշտ ու սոված, տեր ու ծառա չտարբերելով, բոլորս հայրենական, Արցախյան պատերազմով էինք ապրում ու մեռնում: Ու մինչ լավագույն մեր եղբայրներն ու քույրերը ազատագրում էին հայրենիքը օտար տերերի լծից, թիկունքում կատարվեց մեծագույն սխալը կամ դավաճանությունը: 20 տարի առաջ մեր սերնդի առաջնորդները որոշեցին, որ այս երկիրը տեր չունի, կարծես թե մենք չէինք մեր երկրի տերը… Ու սկսեցին նոր տերերի խավ ստեղծել: Այսինքն դա խավ էլ չէր, այլ ընդամենը մի 40 ընտանիք իրենց թիկնազորով, մի խումբ խմբապետեր: Այսպես մեր երկիրը դարձավ խմբապետություն: Խմբապետերը արագ սեփականաշնորհեցին ողջ երկիրը, մեզ դարձնելով սոված ու աղքատ ծառաներ: Սեփականաշնորհեցին ու մենաշնորհեցին երկրի ընդերքն ու տնտեսությունը, ոստիկանությունն ու դատախազությունը , բանակն ու խորհրդարանը: Սեփականացնում էին մայրաքաղաքի փողոցներն ու գյուղերի հողատարածքները, հիվանդանոցներն ու հեռուստաալիքները, մեր հողն ու ջուրը, մեր օդն ու մեր երեխաների ապագան: Արդյունքում` ամեն երրորդ հայ վերջին 20 տարվա ընթացքում լքել է հայրենիքը: Արդյունքում` աշխարհի ոչ մի երկրում այդքան աղքատ ու դժբախտ հայ չկա, որքան Հայաստանում: Իսկ 40 խմբապետերը, 40 ընտանիքները, 40 ավազակները շարունակում են տիրել, թալանել, կողոպտել մեր երկիրը: Շարունակում են, քանի որ վաճառելուց ու վերավաճառելուց, գողանալուց ու թալանելուց բացի, նրանք ոչնչի ընդունակ չեն: Միայն մի նոր բան սովորեցին անցած 20 տավա ընթացքում` կրակել և սպանել սեփական ժողովրդին: Իսկ ժողովուրդը շարունակում է հանդուրժել ու լռել: Ժողովրդին լռեցնելու ու սանձելու համար խմբապետերը մշակեցին հատուկ միջոց` պետական նպատակաուղղված աղքատացում: Չնչին աշխատավարձ ու նպաստ, թոշակ ու ընտրակաշառք բաժանելով, խմբապետերը մշտապես կախվածության ու հնազանդության մեջ են պահում կիսաքաղց բնակչությանը: Ավելին, սեփական օրինակով ինչպես նաև հեռուստաալիքների միջոցով խմբապետերը փչացնում են ու պղծում են ազգի բարոյական նկարագիրը, քարոզելով գողանալու, կաշառելու, թալանելու, սպանելու իրենց վարքն ու սովորությունները երիտասարդության շրջանում: Մեր աչքի առաջ ձևավորվում է խաբեբայության, կեղծիքի հարմարվելու, բռնությունների միջոցով նպատակներին հասնելու մի նոր սերունդ: Իսկ նպատակը կուռքը, աստվածը մեկն է` դրամը: Խմբապետերը ոսկե ցուլ են ձուլել և երկրպագում են նրան թուրքական մուղամների ու պորտապարի ներքո իրենց կազինոներում ու օբեկտներում, հայրենասիրության մասին կեղծ ճառերի շղարշի ներքո: Ի՞նչ անենք հայեր, որն է ելքը: Ելքը, և ինչպես Աստված, մեր մեջ է, մեր հոգիներում: Ինչպես պատերազմի օրերին կամավոր գրվեցին ու թշնամուն հաղթեցին մեր եղբայրներն ու քույրերը, այդպես էլ այսօր հարկավոր են կամավորներ: Միայն ոչ թե մեռնելու, այլ ապրելու համար: Մարդավարի, հայավարի ապրելու, դիմադրելու, չհանդուրժելու համար: Սուտն ու կեղծիքը, գողությունն ու բռնությունը չհանդուրժելու համար են պետք կամավորները: Միգուցե այսպես ապրելը ավելի դժվար է, քան զոհվելը, քանզի պահանջվում է ոչ թե վայրկեանական ընդվզում, այլ ամենօրյա պայքար: Ուրիշ ճանապարհ չկա: Ստրկությունից ազատվելու համար պետք է ներքին ազատություն ունենալ, պետք է հարգել ուրիշի ազատությունը, պետք է ամեն օր մարտնչել այդ ազատության համար, հակառակ դեպքւմ ստրուկը երազում է ստրկատեր դառնալ, ինչպես և վարվեցին մեր խմբապետերը, մնալով ստրուկ: Վերջերս արվեստագետ ու մտավորական ընկերոջս հետ մտաբերում էինք աստվածաշնչյան այն դրվագները, ուր Աստված զայրանում է մարդկանց անառակության վրա, և հաճախ պատիժներ ու փորձանքներ ուղարկում նրանց գլխին: Միաժամանակ նա գտնում է անմեղ հոգիներ, պատժից ու արհավիրքից փրկելու համար: Ջրհեղեղից փրկվելու իրավունքին արժանացավ Նոյը: Սոդոմի և Գոմորի այրվելուց առաջ միայն Ղոտի ընտանիքը դուրս բերվեց անիծված այդ քաղաքից: Սատանային մարդկանց արժանապատվությունը ապացուցելու համար ընտրվեց Հոբը: Այսպես որ, հատկապես մեր ներսի թուրքը տրված է մեզ, որպես փորձություն: Եթե ստորաքարշ ենք, հարմարվող և ստրուկ, կործանվելու ենք Սոդոմի և Գոմորի նման: Մենք պարտավոր ենք դիմանալ ու դիմադրել: Ահա թե ինչու է այսօր պետք “Սարդարապատ” շարժումը: Չընկճվել, չծախվել, չվախենալ, չզիջել չարին, չհանդուրժել չարը, չգործել չարիք: Այս պատերազմը բարոյականության պատերազմ է, և ահա թե ինչու է այն ընթանում մեր ներսում: Սա մեր տունն է ու մենք չունենք ուրիշ տուն, ուստի մենք պարտավոր ենք ապրել ու մաքրել մեր տունը: Ինչպես պատերազմի օրերին ասում էին Մոնթեն ու Լեոնիդը, խփվողը դասալիք է: Այսօր դասալիք է թույլը, փախչողը, հանդուրժողը: Ազատամարտիկ ու նկարիչ Սաշա Մելքոնյանի խոսքերով մեզ պետք է ռազմադաշտային մտավորականություն: Միայն այսպես մենք կարող ենք առաջնորդել մեր ազգը ու հաղթել այս պատերազմում: Սարդարապատվե’ք, հայեր: 01.03.10
|
||
azadakrum.org©
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org©
կայքի
խմբագրության տեսակետի հետ: