Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

Հայրենիքի որևէ մասի սակարկությունը որակվելու է իբրև ազգային դավաճանություն

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, ռեժիսոր Տիգրան Խզմալյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե մեր երկրում շարունակվում է ազատ քննարկումների արգելքը։

-Ուրբաթ օրն արցախյան հաղթանակի արդյունքում ազատագրված տարածքների անձեռնմխելիության խնդրին նվիրված ժողով պետք է տեղի ունենար, և դա բավական մեծ միջոցառում էր, պայմանավորվածություններ կային, և ելույթ ունեցողները կային, բայց վերջին վայրկյանին մեզ տեղեկացրին, որ մեր միջոցառումն այդտեղ չի կարող կայանալ,-ասել է նա։

Ըստ Տիգրան Խզմալյանի՝ իրենք հարցը չէին բարձրացնի, եթե դա ղարաբաղյան հիմնախնդրին չվերաբերեր։ Նրա խոսքերով՝ այդ միջոցառման ժամանակ ելույթ պետք է ունենային տարբեր կուսակցությունների և խմբակցությունների ղեկավարներ ու հայտնի քաղաքական գործիչնե (12 հոգի), իսկ «Սարդարապատ» շարժումից՝ ընդամենը մեկ հոգի։

Տիգրան Խզմալյանը նաև հավելել է, որ նման սահմանափակումները բազմաթիվ են եղել հատկապես մարզերում։

-Ժողովրդի հետ հանդիպումներ կազմակերպելու համար դահլիճներ չէին տրամադրվում, մի քանի ժամով տվյալ համայնքի լույսերն էին անջատում,-նշել է նա։

Ըստ Տիգրան Խզմալյանի՝ այսպիսի երևույթները հատուկ են մեր երկրին, բայց մտահոգվելու տեղիք են տալիս, քանի որ ազգային անվտանգությանը վերաբերող հարցերի քննարկումներն արգելվում են։ Նա նաև հավելել է, որ այդ քննարկումն, այնուամենայնիվ, տեղի կունենա, բայց ավելի ուշ։

Տիգրան Խզմալյանը ասել է, թե համաձայն չէ իշխանությունների կողմից վարվող Հայաստանի արտաքին քաղաքականության հետ։

-Գիշերային որոշումներ կայացնելու այդ ոճը, որին տարբեր մեղմացնող անվանումներ են տալիսֆուտբոլային» դիվանագիտություն, կամ վաղը, օրինակ, ևս մի անվանում կտան) անընդունելի է հայ ժողովրդի համար, և մենք ձգտում ենք մեր միավորված ջանքերով տապալել նման միտումները,-նշել է նա։

Ըստ Տիգրան Խզմալյանի՝ ազատագրված տարածքների պաշտպանության ռազմավարական, քաղաքական և բարոյական կարևորությունը միավորելու է Արցախի, Հայաստանի և Սփյուռքի հայությանը։

-Հայրենիքի որևէ մասի սակարկությունը որակվելու է իբրև պետական հանցագործություն և ազգային դավաճանություն։ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը դիմում է հասարակական, քաղաքական բոլոր կազմակերպություններին, անհատներին և աշխարհասփյուռ ողջ ազգին՝ միավորվելու հանուն մեր ընդհանուր սուրբ հաղթանակի արդյունքում ազատագրված տարածքների պահպանության ու պաշտպանության, հանուն մեր նահատակների և ընդհանուր ապագայի,-նշել է նա։

 01.04.10թ. 7or.am

 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: