|
||
|
|
Գլխավոր Մեր Մասին Հայտարարություն Հարցազրույց Ելույթներ Հոդվածներ Լուրեր Ասուլիսներ Կապ | |
|
Վահագն Չախալյան. Ջավախքահայությունը շարունակելու է իր պայքարը Bagin 29/01/09 «Միասնական Ջավախք» Ժողովրդավարական դաշինք քաղաքական շարժման առաջնորդ Վահագն Չախալյանի հայտարարությունը, որը նա հրապարակել է 28.01.2009թ. Ախալցխայի շրջանային դատարանում կայացած դատավարության ընթացքում։ «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինք քաղաքական շարժումը, որի առաջնորդը ես հանդիսանում եմ, իր հիմնադրման պահից ստանձնեց ջավախքահայության և վիրահայության խնդիրների լուծման հետապնդումը: Խնդիրները բազմաթիվ էին և ե՛ն: Վրացական իշխանություններն իրականացնում են հետևողական քայլեր` ուղղված ջավախքահայության արտագաղթի խրախուսմանը և տարածաշրջանում էթնիկական առկա պատկերի փոփոխմանը: Այսպես, Ախալքալաքում գործում է պետական ԲՈՒՀ, որի ուսանողների շուրջ 70%-ը ազգությամբ վրացի են, Նինոծմինդայում գործում է վրացական մանկատուն, կառուցվում է մեծ քրեակատարողական հիմնարկ: Շարունակական փորցեր են կատարվում վրացականացնել հայկական եկեղեցիներ, ստեղծվում են վրացական մենաստաններ: Ջավախքում պարտադրվում է վրացերեն լեզվի ոչ-այլնտրանքային օգտագործումը հանրային կյանքի բոլոր բնագավառներում, ջավախքահային չի տրվում մայրենի լեզվի հիմքի վրա տեղում համալսարան հիմնադրելու հնարավորություն և այլն: 2006թ. մարտի 9-ին Ծալկա քաղաքում ազգությամբ հայ Գևորգ Գևորգյանի սպանությունը և վրաց ոստիկանության կողմից սպանվածի հարազատների և ընկերների հավաքված ցույցի ուժով ցրումը առաջացրեց ջավախքահայության արդարացի բողոքի պոռթկում: «Միասնական Ջավախք»-ն առաջնորդեց ժողովրդական բողոքի այս ալիքը: Ժողովրդական զանգվածային բողոքի յուրաքանչյուր դրսևորումից հետո որպես «Միասնական Ջավախք»-ի առաջնորդ` ես հանդիպումներ էի ունենում վրացական իշխանության ներկայացուցիչների հետ: Նրանց կողմից տրվում էին հայ բնակչության խնդիրները լուծելու խոստումներ, որոնք այդպես էլ մնում էին չիրականացված: Իշխանությունների խորհուրդն էր` զերծ մնալ ժողովրդական բողոքի զանգվածային միջոցառումներից և ջավախքահայության նպատակները հետապնդել ընտրությունների և այլ ժողովրդավարական գործընթացներին մասնակցելու միջոցով: «Միասնական Ջավախք»-ը հետևեց այդ խորհրդին: Մասնակցեցինք 2006թ. հոկտեմբերի 5-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Սակայն իշխանության կողմից թույլ տված աղաղակող և բացահայտ խախտումները զրկեցին «Միասնական Ջավախք»-ին շրջանային կառավարման մարմիններում որևէ նշանակալից ներկայություն ունենալու հնարավորությունից: «Միասնական Ջավախք»-ի կողմից կազմակերպված խաղաղ բողոքի ցույցը սադրանքի և ուժի գործադրմամբ խեղդվեց ոստիկանության կողմից: 2007թ. ընթացքում վրաց իշխանությունները սկսեցին հետևողականորեն իրականացնել «Միասնական Ջավախք»-ի կազմալուծման և իմ` քաղաքական մեկուսացման ու չեզոքացման ծրագիրը, որի գագաթնակետը դարձան 2008թ. հուլիսի 17-21-ի գործողությունները: Այսօր, 6 ամիս անազատությունից հետո, վրացական իշխանություններն ինձ դատում են 2006թ. Ախալքալաքում տեղի ունեցած ցույցերի համար. ա՛յն ցույցերի, որոնց միջոցով ջավախքահայերը բարձրացնում էին իրենց հուզող խնդիրները և վրաց իշխանություններից պահանջում` տալ դրանց լուծումները, ա’յն ցույցերի, որոնց ընթացքում ջավախքահայությունն իր խաղաղ բողոքի ձայնն էր բարձրացնում ՏԻՄ ընտրություններում տեղ գտած աղաղակող խախտումների դեմ և պահանջում` անվավեր ճանաչել դրանց արդյունքները: Արդ, դատարանի դահլիճից հայտարարում եմ. այս դատարավարությունը զավեշտական բեմադրություն է, իսկ դրա անընդհատ հետաձգման պատճառը վրացական իշխանությունների իմ` որպես ջավախքահայության իրավունքների կրող քաղաքական գործչի նկատմամբ տածած վախն է: Ի դեմս ինձ դուք դատում եք Ձեր երկրի հայ փոքրամասնությանը: Այդ վախի արդյունքն են նաև հունվարի 22-ին Ախալցխայի հայ գործիչներ` Գրիգոր Մինասյանի և Սարգիս Հակոբջանյանի ձերբակալությունները: Դա մի նոր սադրանք է, որն ընդամենը նպատակ է հետապնդում ջավախքահայությանը մղել ծայրահեղական քայլերի և դրանով վարկաբեկել ջավախքահայության կողմից իր լեզվական, կրթական և կրոնական իրավունքների համար տարվող խաղաղ պայքարը: Արդ, պահանջել և պահանջում եմ վրացական իշխանություններից` 1. Կասեցնել «Միասնական Ջավախք»-ի անդամների, իմ ազգականների և ընկերների, ինչպես նաև իմ դեմ հարուցված բոլոր քրեական գործերը, դադարեցնել բոլոր քաղաքական և տնտեսական հալածանքները: Ազատ արցակել հայ փոքրամասնության իրավունքների պաշտպանության իրենց գործունեության համար ձերբակալված բոլոր քաղաքական բանտարկյալներին, այդ թվում` Ախալցխայում վերջերս ձերբակալված անձանց: 2. Կասեցնել Սամցխե-Ջավախք նահանգի և Ծալկայի շրջանի ժողովրդագրական պատկերի արհեստական փոփոխմանն ուղղված բոլոր ծրագրերը. 3. Կատարել իմ ձերբակալությանը նախորդած դեպքերի և մասնավորապես, ազգությամբ հայ երկու ոստիկանի սպանության արդար և անկողմնակալ հետաքննություն 4. Լուծել վիրահայությանն ու ջավախքահայությանը հուզող բոլոր լեզվա-կրթական, սոցիալ-տնտեսական և մշակութային խնդիրները, և մասնավորապես. ▪ Գրանցել Հայ Առաքելական Եկեղեցին, վերադարձնել խորհրդային իշխանության տարիների ընթացքում նրանից բռնագրավված բոլոր տաճարները. ▪ Սամցխե-Ջավախք նահանգում և Ծալկայի շրջանում օրեսդրորեն թույլատրել տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքում և ընդհանուր գործավարության մեջ հայոց լեզվի օգտագործումը. ▪ Արտոնել Ախալքալաքում հայկական համալսարանի հիմնադրումը: Դատերի և հալածանքների միջոցով վրացական իշխանություններին չի՛ հաջողվի որևէ հարց լուծել. դրանք միայն խորացնելու են առկա դժգոհությունը: Ջավախքահայությունը շարունակելու է իր պայքարը:
|
||
azadakrum.org©
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org©
կայքի
խմբագրության տեսակետի հետ: