Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 
Միասնական Ջավախք ժողովրդավարական դաշինքի հայտարարությունը Ախալքալաքում տեղի ունեցած վերջին դեպքերի կապակցությամբ

2008թ. հուլիսի 17-ին Ախալքալաքի ոստիկանապետ Սամվել Պետրոսյանի տան մոտ տեղի է ունեցել պայթյուն, որի արդյունքում որևէ մարդկային զոհ չի գրանցվել, և ոչ ոստիկանապետի, ոչ այլ բնակիչների տանն ու ունեցվածքին որևէ ավերածություն չի պատճառվել:

Օգտագործելով տեղի ունեցած դեպքը որպես առիթ` ուժային կառույցները ուղղակի հալածանքների տարափ ուղղեցին Միասնական Ջավախք ժողովրդավարական դաշինքի մի շարք անդամների դեմ: Այսպես, Դաշինքի 10 անդամներ բռնի տարվեցին ոստիկանություն, ոստիկանության աշխատակիցները երկու անգամ ներխուժեցին Դաշինքին պատկանող Երիտասարդական ռադիոյի շենքը, երկրորդ անգամ` ուշ գիշերին` ջարդելով մուտքի և գրասենյակի դռները և պատճառելով այլ ավերածություններ:

Վերջապես, հուլիսի 17-ին` ժամը 20:00-ին, ոստիկանության աշխատակիցները, ինչպես նաև քաղաքացիական հագուստով անհայտ անձիք, թվով 40-ից 50 հոգի, բոլորը զինված, ներխուժեցին Դաշինքի անդամ Գուրգեն Շիրինյանի հայրական տուն և սկսեցին իրականացնել խուզարկություն:

Այդ խուզարկության ընթացքում, որն ի դեպ որևէ փաստաթղթով արտոնված չէր, մեզ անհայտ հանգամանքներում սպանվեց ոստիկանության մեկ աշխատակից: Կատարվածի համար մեղքը դրվեց Գուրգեն Շիրինյանի վրա: Հետագայում հայտարարվեց, որ Գուրգեն Շիրինյանը դիմել է փախուստի:
Ներկայումս շրջան են մտցված հատուկ ջոկատայիններ, ձերբակալված են Գուրգեն Շիրինյանի հայրն ու հորաքույրը, քաղաքում տիրում է վախի և ահաբեկման մթնոլորտ, խուզարկություն է կատարվում ինչպես Դաշինքին համակիր, այնպես էլ այլ անձանց բնակարաններում:

Միասնական Ջավախք ժողովրդավարական դաշինքը հավաստի տեղեկություններ ունի, որ Գուրգեն Շիրինյանին որոնող հատուկ ջոկատայիններին հրաման է տրվել նրան հայտնաբերելուն պես առանց որևէ նախազգուշացման նրա վրա կրակ բացել և սպանել: Սա մեզ հիմք է տալիս ենթադրելու, որ դրանով նպատակ է դրված ոչնչացնել մի վկայի, որը հետաքնության ընթացքում կարող էր լույս սփռել տեղի ունեցածի վրա:

Միասնական Ջավախք ժողովրդավարական դաշինքը տեղի ունեցածը գնահատում է որպես սադրանք` ուղղված մեր կառույցի կազմալուծմանը: Այդ սադրանքի նպատակն է հնարավորինս թուլացնել այն ուժին, որը չհանդուրժեց 2006 թ.-ի Տեղական Ինքնակառավարման Մարմինների ընտրությունների կեղծումը` իր բողոքի ձայնը բարձրացնելով դրա դեմ:

Միասնական Ջավախք ժողովրդավարական դաշինքը պահանջում է բացառել
Գուրգեն Շիրինյանի կյանքի նկատմամբ որևէ վտանգ, և հայտարարում, որ հակառակ դեպքում կատարվածի ամբողջ պատասխանատվությունն ընկնում է բացառապես իշխանությունների վրա:
«Միասնական Ջավախքե ժողովրդավարական դաշինքը պահանջում է տեղի ունեցածի անաչառ և մասնագիտական հետաքննություն, որի ընթացքում ի հայտ կգան կատարվածի իրական մեղավորները:

Միասնական Ջավախքը գտնում է, որ, անկախ ապագա հետաքննության արդյունքներից, տեղի ունեցածն արդեն իսկ ունեցել է անդառնալի հետևանքներ Ջավախքի հայության համար: Հատուկ ջոկատայինների մուտքի հետևանքով քաղաքում փաստացի տիրող վախի և ահաբեկման մթնոլորտն էլ ավելի է խորացնելու Ջավախքի բնակչության շրջանակներում տիրող հուսալքությունը և սեփական հայրենիքում իր ապագայի նկատմամբ անորոշության զգացումը, ինչը նպաստելու է բնակչության արտագաղթի տեմպերի ուժեղացմանը և երկրամասի հայաթափմանը:

Միասնական Ջավախք ժողովրդավարական դաշինք
ք. Ախալքալաք, 18. 07. 2008թ.

 

 
 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: