Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

Բաց Նամակ 

Թուրքիայի Հանրապետության նախագահ Աբդուլահ Գյուլին ուղղված բաց նամակի տակ ստորագրած Հայաստանի հարգելի մտավորականներ. 

Քանի որ ձեր «բաց նամակ»-ի բովանդակությունը  համազգային է՝ հայ ժողովրդի դեմ կատարված ցեղասպանության վերաբերյալ, ուստի յուրաքանչյուր գիտակից հայ կրելով տառապանքի իր բաժինը, ունի նաև իրավունք պահանջատիրության, բողոքի, քննադատության, և նաև հարցի լուծման ուղղությամբ տարվող աշխատանքներին մասնակցելու պարտականություն: 

Օգտվելով սփյուռքահայի իմ իրավունքներից, ցանկանում եմ իմ տեսակետները հայտնել Թուրքիայի Հանրապետության նախագահին ուղղած «բաց նամակ»-ի կապակցությամբ:  

  1. Արևմտյան Հայաստանը առաջին հերթին Սփյուռքով մեկ սփռված՝ ցեղասպանության ենթարկված արևմտահայության շառավիղների հայրենիքն է, ուստի հարցի ցանկացած լուծում, քննարկում, առաջարկություն առանց սփյուռքի գիտակից հայության կարծիքը հաշվի առնելու, անընդունելի է:
  1. Ըստ իս «Բաց նամակ»-ը պետք է ուղղված լիներ ոչ թե  Թուրքիայի Հանրապետության նախագահին (որն  այս օրերին զտարյուն թուրք լինելու պռոբլեմ ունի),  այլ Թուրքիայի Հանրապետության մտավորականությանը, մարդկանց, ովքեր փորձում են ազատագրվել շովինիզմից ու պանթուրքիզմից և կոչված են կարծիք ստեղծելու ու երկրի պարզ զանգվածների գիտակցությանը հասցնելու հայոց դեմ կատարված ցեղասպանության իրողությունը, դրանով իսկ ժողովրդավարություն ապահովելու իրենց երկրում:
  1. Հրանդ Դինքը իր եղերական մահով հայ ժողովրդին ու հայ մտավորականությանը փաստեց, որ մեծ եղեռնի հետ կապված հարցերի հանգուցալուծումը կարող է կատարվել ժողովրդավարական Թուրքիայի պայմաններում: Հ. Դինքը բազմիցս շեշտեց. թուրքիայի պարզ քաղաքացին մերժում է հայոց դեմ կատարված ցեղասպանության փաստը զուտ այն պատճառով, որ նա այդ մասին անտեղյակ է: Ելնելով մեծ նահատակի պատգամներից , ձեր նամակի հասցեատերերը պետք է լինեին թուրք ժողովուրդը և ձեր գործընկերները՝ թուրքիայի մտավորականությունը: Աբդուլահ Գյուլը Թուրքիայի Հանրապետության նախագահն է և իր երկրի շահերի պաշտպանը: Նա անշեղորեն հետևում է փանթուրքիստական ազգայնական գաղափարախոսությանը:
  1. «Բաց նամակ»-ի մեջ դուք օգտագործել եք երկու շատ կարևոր բառեր՝ «Ճանաչում», «պահանջատիրություն»: Եթե ցեղասպանության ճանաչմանը հետևելու են պահանջները, փոխհատուցումը Արևմտահայության զանգվածային բնաջնջման, Արևմտյան Հայաստանի տարածքի, այո, ամեն ինչ ասված է, իսկ եթե լոկ ցեղասպանության փաստի ճանաչումը նկատի ունեք, ապա մեղմ ասած ,վիրավորական է հայ ժողովրդի համար: Հնարավոր է Թուրքիան մի հարմար առիթով, մի դիպլոմատիկ հայտարարություն կատարի, օրինակ. հայերը իրավացի են, մենք էլ ցավում  ենք կատարվածի համար, բայց հայերը առնելիք չունեն: Այս դեպքում միլիոնավոր հայեր Սփյուռքում, նաև Հայաստանում, ձեզ հետ համաձայն լինել չեն կարող:
  1. «Բաց նամակ»- ում հորդորում եք Թուրքիայի Հանրապետության նախագահին և ակնկալիքով գրում եք. «Կարծում ենք՝ սա (ցեղասպանության ճանաչումը) » առաջին հերթին հենց թուրք ժողովրդին է անհրաժեշտ: Այդպիսով նա կազատվի պատմության բեռից և բաց ճակատով կկանգնի մյուս պետությունների կողքին…»: Պարզվում է ձեզ խորապես մտահոգում է   թուրքերի ոչ բաց ճակատ լինելու հանգամանքը: Այստեղ ամենայն վճռականությամբ կուզեի խնդրել ձեզ և ձեր «բաց նամակ»-ին միացած Սփյուռքի շուրջ  40 մտավորականներին, որպեսզի քաղաքացիական արիություն ցուցաբերեիք և մի նամակ էլ ուղղեիք Հայաստանի Հանրապետության նախագահ պարոն Սերժ Սարգսյանին, պահանջելով, որպեսզի վերջ տրվի մարդու իրավունքների ոտնահարումը երկրում, որ հայը ազատ ապրի իր հայրենիքում և օր առաջ ազատ արձակվեն այլախոհներն ու քաղբանտարկյալները, որպեսզի Հայաստանն էլ բաց ճակատով կանգնի մյուս պետությունների կողքին:
  1. Անհասկանալի է ձեր կողմից ցուցաբերած աճապարանքի հանգամանքը  («ստորագրահավաքը կազմակերպվել է մեկ շաբաթվա ընթացքում »): Ինչո՞ւ կարևոր չհամարեցիք հարցնելու Սփյուռքի կարծիքը, երբ Հայաստանում ամեն օր հոլովվում է՝ մեկ ժողովուրդ, մեկ պատմություն, մեկ ճակատագիր կարգախոսերը, և ստեղծվում է Սփյուռքի նախարարություն:

             Հարգանքներով՝ 

·         Մեծ եղեռնի 50-ամյակի Երևանի  ցույցի մասնակից,

·         Պոլիտեխնիկական ինստիտուտի սփյուռքահայ շրջանավարտ ,

·         Ստոքհոլմի Թագավորական Տեխնոլոգիական Ինստիտուտի դասախոս

 Դոկտոր Արամայիս Միրզախանյան

 27. 12. 2008 թ. Ստոքհոլմ, Շվեդիա 

E- mail: aramais.m@live.se

   Tel: +46 8 761 85 22

 

 
 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: