| |
Հայտարարություն
Հուլիսի 17-ին
հայտարարություն է տարածել քաղբանտարկյալների պաշտպանության կոմիտեն, ուր
մտահոգություն է հայտնվում Հայաստանի ծանր իրավիճակի կապակցությամբ եւ ելքը
համարվում է Սերժ Սարգսյանի հրաժարականը:
“Սիրելի հայրենակիցներ.
Մենք` 1988-ից սկսած հանուն անկախ եւ ժողովրդավար Հայաստանի ոչինչ չխնայածներս,
ամենահոռետես կանխագուշակումներում անգամ չէինք կարող պատկերացնել, որ երբեւէ մեր
ընկերների հետ կհայտնվենք անկախ Հայաստանի բանտերում:
Հանուն ինքնանպատակ իշխանության, հանուն թալանած ունեցվածքի պահպանման, մի խումբ
անպատասխանատու ու անհեռատեսներ վտանգում են Հայաստանի ու Արցախի ապագան: Այս
վտանգը կանխելու, իշխանությունը իրական տիրոջը` ժողովրդին վերադարձնելու համար,
մենք` նախկին քաղբանտարկյալներս, այսուհետ նույնպես պատրաստ ենք ցանկացած
զոհողության: Ո’չ ազատազրկումը, ո’չ բանտերը եւ ո’չ էլ անտրամաբանական պատժաչափերը
չեն կարող կասեցնել մեր պայքարը կամ կասկածի տակ դնել հաղթանակի նկատմամբ ունեցած
մեր հավատը: Համոզված ենք, որ բանտերում որպես պատանդ պահվող մեր ընկերները համամիտ
են մեզ հետ:
Իշխանությունը բռնի ուժով զավթած հանցախմբին մենք` նրանց կամայականությունների ու
բռնությունների արդյունքում բանտերում հայտնված նախկին քաղկալանավորներս, ուզում
ենք ասել.
Այն, որ դուք բռնացել եք հայ ժողովրդի ընտրելու իրավունքի վրա, դեռ ձեզ իրավունք չի
տալիս ձեզ համարել իշխանություն Հայաստանում:
Այն, որ դուք արյամբ, սվիններով ու խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժ կիրառելով
դեռեւս պահել եք ձեր երերուն իշխանությունը, չի նշանակում, թե կոտրել եք ձեր դեմ
ուղղված ժողովրդական պայքարի ոգին:
Այսօր, ձեր հանցավոր քաղաքականության արդյունքում Հայաստանին ու Ղարաբաղին
սպառնացող այս վտանգի պահին մենք մեկ անգամ եւս հայտարարում ենք, որ մենք ավելի քան
պատրաստ ենք ցանկացած զոհողության եւ որպես իրավիճակից լավագույն ելք գտնում ենք,
որ ժողովրդից իշխանությունը բռնի ուժով խլած Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա:
Մենք պահանջում ենք նրա հրաժարականը:
Ազատության եւ ժողովրդավարության համար ոտքի ելած սիրելի հայ ժողովուրդ, մեր
պայքարն արդար է, հաղթանակն` անխուսափելի:
Ուրեմն պայքար, պայքար մինչեւ վերջ:
Հաղթելու ենք”, ասված է քաղբանտարկյալների պաշտպանության կոմիտեի հայտարարության
մեջ, որ ստորագրել էն նախկին քաղբանտարկյալներ ներկայացած Կարապետ Ռուբինյանը,
Սուրեն Սուրենյանցը, Ավետիք Ներսիսյանը, Սամվել Գևորգյանը, Խաչիկ Գասպարյանը,
Նորայր Նորիկյանը, Լևիկ Խաչատրյանը, Խաչիկ Սիմոնյանը, Նվեր Սարգսյանը, Մասիս
Այվազյանը, Սամվել Հարությունյանը, Հովհաննես Ղազարյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Գուրգեն
Միքայելյանը, Տիգրան Բաղդասարյանը, Գոռ Սարգսյանը, Համլետ Աբրահամյանը, Գրիգորի
Մանուկյանը, Միսակ Հովակիմյանը:
|