Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

ՙՄիացում՚ Ազգային Նախաձեռնության Հաղորդագրություն

Վերլուծելով 2009 թ. հունվար-մարտ ամիսների քաղաքական զարգացումները՝ ՙՄիացում՚ ազգային նախաձեռնությունը արձանագրում է, որ ՀՀ ներկայիս իշխանությունները շարունակում են վարել Հայաստանի (ՀՀ, ԼՂՀ) ազգային անվտանգության համակարգի հիմնասյունները խարխլող և Հայոց պետականության շահերին տրամագծորեն հակասող անհեռանկար քաղաքականություն: Հայաստանի ազատագրված տարածքը հանձնելու ոտնձգությունների կասեցման ուղղությամբ հանրության գիտակից զանգվածների կողմից հուժկու հակահարված ստանալով, երկրի նախագահը, ինչպես նաև արտաքին քաղաքականության մշակման և գործադրման ոլորտում նրա հետ պատասխանատվությունը լիապես կիսող արտաքին գործերի գերատեսչության ղեկավարությունն, այսուհանդերձ, անընդունակ է հրաժարվել 1991 թվականից ի վեր ըստ էության անփոփոխ մնացած անհեթեթ քաղաքական գծից: Հայաստանի (ՀՀ, ԼՂՀ) քաղաքական ամեն տեսակ խավերի անգործունակ կրավորականությունը, քաղաքական կամքի, գիտակցության և տարրական գիտելիքների փաստված բացակայությունը, Հայոց պետականության շահերի և իրապաշտության հետ նրանց իսպառ չառնչվելը տարիներ շարունակ պատուհասում են Հայաստանը՝ երկիրն անշեղորեն առաջնորդելով դեպի քայքայում և անէություն:

Այսուհանդերձ, գոհունակությամբ արձանագրում ենք, որ մեր հանրության մեջ էապես աճել և արմատացել է Հայոց պետականության հիմնարար արժեքների և առկա սպառնալիքների գիտակցումը: 2008 թ. վերջին ամիսներին ստորագրված ՙՄայնդորֆյան՚ խայտառակ փաստաթուղթը և ՙմադրիդյան սկզբունքներն՚ արմատապես մերժվել են, իսկ դրանց գովազդին լծված Սերժ Սարգսյանին սպասարկող ՙքաղաքագետներից՚ ոմանք անդառնալիորեն հայտնվել են  ՙհայաստանյան քաղաքագիտական մտքի՚ աղբանոցում: 2008 թ. ավարտին Հայաստանի ազատագրված տարածքի հանձնումը բացառող քաղաքացիական կեցվածքն ի հեճուկս Հայաստանում իշխած բոլոր վարչակարգերի լայնածավալ քարոզչության հետզհետե դառնում է տիրապետող: Հօգուտ Ադրբեջանի տարածքային զիջումներ կատարելու պատրաստակամություն հայտնելը կամ նման մտքի հետ կրավորապես հաշտվելը ցանկացած քաղաքական ուժին դատապարտում են լուսանցքային լինելուն: Այսօր հայաստանյան քաղաքական դաշտը ՙպաշտոնապես՚ ներկայացնել հավակնող ուժերի գաղափարական սնանկությունն ու քաղաքական լուսանցքայնությունն ուղիղ համեմատական է Հայաստանի ազատագրված տարածքը հանձնելու ոտնձգությունների նկատմամբ նրա ունեցած դիրքորոշումից:

ՙՄիացում՚ ազգային նախաձեռնությունը գտնում է, որ Հայաստանի ռազմավարական համապարփակ զարգացումը և Հայոց պետականության կենսունակությունը և անվտանգությունն էապես կախված են Հայաստանի ազատագրված տարածքի արդյունավետ վերաբնակեցման արդյունավետությունից: Հայաստանի ազատագրված ողջ տարածքը ենթակա է համակարգային վերականգնման և վերաբնակեցման: Հաղորդակցական և արտադրական ենթակառուցվածքների վերականգնումը և կապիտալ նոր շինարարության ծավալների ընդլայնումը պետք է դիտվի որպես ռազմավարական անհետաձգելի առաջնահերթություն, իսկ վերաբնակեցման ներկա տեմպերն ու ռազմավարությունը հարկ է ճանաչել մեծապես թերի և անարդյունավետ: Հնարավորինս կարճ ժամանակահատվածում պետք է մշակել վերաբնակեցման նոր ռազմավարության միասնական ծրագրային փաթեթ՝ օրենսդրորեն ամրագրված և պետական բարձրագույն իշխանության կողմից հստակորեն երաշխավորված արտոնությունների լայն և բազմաբնագավառ շրջանակով:

Հայաստանի ազատագրված տարածքի ուղղությամբ ներգաղթի խթանումը պետության կարևորագույն պարտավորություններից է, իսկ վերաբնակեցման գոտում վերաբնակիչների իրավունքների և օրինականության պաշտպանությունը՝ ազգային անվտանգության գերակա խնդիրներից մեկը: Վերաբնակեցման գոտում արտառոց չափերի հասած պաշտոնեական դիրքի չարաշահման, զանգվածային ապօրինությունների,  թալանի և կաշառակերության, կլանային կամ գավառապատկան հովանավորչության բոլոր դրսևորումները պետք է կանխվեն և պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ:

Հայաստանի ազատագրված տարածքի վերաբնակեցումը խթանելու համար պետական հովանավորությամբ պետք է իրականացվեն հատուկ ծրագրեր՝ տնտեսության տարբեր ճյուղերի և մանր ու միջին ձեռներեցության զարգացմանը նպաստելու, նոր տիպի ագարակային  տնտեսություններ հիմնելու, ինչպես նաև բնակչության համար վարկավորման մատչելի և տարբերակված հնարավորություններ ստեղծելու համար: Ի նկատի ունենալով Հայաստանի ազատագրված տարածքների վերաբնակեցման համահայկական կենսական կարևորությունը՝ հարկ է մշակել երկարատև ռազմավարություն՝ ՀՀ և Սփյուռքի բոլոր շահագրգիռ կազմակերպությունները և անհատ անձանց ազատագրված տարածքների վերականգնման ծրագրերի իրականացման մեջ ներգրավելու և վերաբնակեցման գոտում ներդրումային դաշտի ու գործարարական ազատականության կայուն մթնոլորտը պետականորեն երաշխավորելու համար:

Մենք խորապես համոզված ենք, որ վերահաս տնտեսական ճգնաժամով պայմանավորված սոցիալական լարվածությունը մեղմելու և Հայաստանում և արտերկրում գործազուրկ մնացած Հայաստանի հազարավոր քաղաքացիների ներգրավումը ազատագրված տարածքների համակարգային վերականգնման երկարաժամկետ ծրագրերի իրականացման մեջ, ինչպես նաև այդ տարածքի հսկայական տնտեսական ներուժից օգտվելու քաղաքական կամքը կարող է մեծապես նպաստել ճգնաժամի բացասական հետևանքների հաղթահարմանը և պայմաններ ստեղծել երկրում քաղաքական դաշտի և ընդհանուր բարոյահոգեբանական մթնոլորտի որակական բարեփոխմանը:

ՙՄիացում՚ ազգային նախաձեռնությունը դատապարտում է ՀՀ արտաքին գործերի նախարար Է. Նալբանդյանի խուսափողական կեցվածքը՝ նախաձեռնության պատվիրակությանը չընդունելու և արցախյան կարգավորման հարցում նրա պատասխանատու մասնակցությամբ տարվող քաղաքական գծի վտանգավորությունը և դրա քրեաիրավական հետևանքները քննարկելուց հրաժարվելու կապակցությամբ:

ՙՄիացում՚ ազգային նախաձեռնություն

07. 04. 2009 թ.

Երևան 

  հեռ. 010.27.77.83,   093.43.45.79

  E_mail: miacumn@gmail.com                                                       
 
 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: