|
||
|
|
Գլխավոր Մեր Մասին Հայտարարություն Հարցազրույց Ելույթներ Հոդվածներ Լուրեր Ասուլիսներ Կապ | |
|
«Միացում» Ազգային Նախաձեռնության Հայտարարությունը Եահկ «Մինսկի Խմբի» Համանախագահող Երկրների Նախագահների Հայ Ժողովրդի Դեմ Նոր Ցեղասպանություն Հրահրելու Վերաբերյալ
Արձանագրելով արցախյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ «Մինսկի խմբի» մշակած և համանախագահող երկրների նախագահների համատեղ հայտարարությամբ հրապարակված «Մադրիդյան սկզբունքների ակներև անհամատեղելիությունը Հայոց պետականության գոյութենական շահերին, Հաշվի առնելով, որ «Մադրիդյան» հորջորջված սկզբունքերի ամբողջական կամ մասնակի իրագործումը հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության համար հղի է համապարփակ բնույթի կործանարար հետևանքներով, այդ թվում. - ՀՀ և ԼՂՀ պաշտպանունակության վերացմամբ, - խաղաղ բնակչության անվտանգության միակ երաշխիք հանդիսացող ներկայիս ռազմաքաղաքական փոխհավասարակշռության համակարգի ամբողջական փլուզմամբ, - որպես վերոնշյալ կետերի անմիջական հետևանք` ՀՀ և ԼՂՀ դեմ Թուրքիայի համակողմանի աջակցությամբ Ադրբեջանի ցեղասպանական ագրեսիայի վերսկսման անխուսափելիությամբ, - անվտանգության բացարձակ կորստյան պայմաններում ԼՂՀ և ՀՀ զգալի հատվածի խաղաղ բնակչության շուտափույթ և անդառնալի հայաթափությամբ, - ՀՀ քաղաքական և ռազմական համընդհանուր շրջափակման խորացմամբ: Փաստելով, որ ՀՀ և ԼՂՀ դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի կասեցման և ՀՀ միջազգային իրավունքով վերապահված տարածքների մի մասի ազատագրման շնորհիվ ձևավորված ռազմաքաղաքական փոխհավասարակշռության համակարգի միակողմանի ոչնչացման դիմաց առաջարկվող «խաղաղապահ գործողությունն» իսպառ անընդունակ է ադրբեջանաթուրքական ցեղասպանական նկրտումներից ՀՀ և ԼՂՀ պաշտպանելու, Անհեթեթ և ապօրինի գնահատելով միջազգային բոլոր հիմնարար ակտերի հիման վրա ինքնորոշված և միջազգային իրավունքով ՀՀ վերապահված տարածքի մի մասում բնակվող ՀՀ արցախաբնակ քաղաքացիներին անորոշ «կամարտահայտությամբ» իրավազրկելու փորձերը, Հաստատելով, որ ԵԱՀԿ «Մինսկի խմբի» համանախագահող երկրների նախագահների հետապնդած հայ-թուրքական «հաշտեցումը» միտված է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը վիժեցնելուն և հայ ժողովրդի ցեղասպանական բնաջնջման հետևանքով ձևավորված այժմյան տարածքային ապօրինի իրողություններն իրավաբանորեն ամրագրելուն, «Միացում» ազգային նախաձեռնությունը հայ ժողովրդի հայրենաբնակ և սփյուռքաբնակ հատվածների անունից, առաջնորդվելով տարածաշրջանում երկարատև խաղաղություն, կայունություն և միջազգային իրավունքի գերակայությունը վերականգնելու անկոտրում կամքով, փաստում է, որ «Մադրիդյան սկզբունքներին» և հայ-թուրքական կեղծ «հաշտեցմանը» պաշտոնական հավանություն արտահայտած ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը և Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին վարում են հայ ժողովրդի հերթական ցեղասպանություն հրահրելու և Հայոց պետականությունը կործանելու փոխհամաձայնեցված քաղաքականություն: «Միացում» ազգային նախաձեռնությունը զգոնության և սթափության կոչ է հղում ԱՄՆ, ՌԴ և Ֆրանսիայի նախագահներին` զերծ մնալու հայ ժողովրդի նոր ցեղասպանություն սադրելու փորձերից, հրաժարվել ընթացիկ աշխարհաքաղաքական կասկածելի օգուտները քաղելու ակնկալիքով թուրք-ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությանը սատարելու հանցավոր ոտնձգություններից և ձեռնամուխ լինել տարածաշրջանում իրական խաղաղության հաստատմանը և Հայաստանի Հանրապետության ցեղասպանությամբ ոտնահարված իրավունքների համակողմանի վերականգնմանը: «Միացում» ազգային նախաձեռնությունն ի դեմս` Ալեք Ենիգոմուշյանի, Ժիրայր Սեֆիլյանի, Զարուհի Փոստանջյանի, Գրիզելդա Ղազարյանի, Սեդա Մելիքյանի,Տիգրան Խզմալյանի, Ալեքսանդր Քանանյանի: 25-ը սեպտեմբերի 2009թ. ԵրևանE_mail: miacumn@gmail.com |
||
azadakrum.org©
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org©
կայքի
խմբագրության տեսակետի հետ: