Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

«ՄԻԱՑՈՒՄ» Ազգային Նախաձեռնության Հաղորդագրությունը

«Հայաստանի Ազատագրված Տարածքը Հանձնելու Ոտնձգությունների Քաղաքական Եվ Իրավական Հետեվանքների Վերաբերյալ» Է. Նալբանդյանին Նախաձեռնության Հղած Ծանուցմանը Հհ Արտաքին Գործերի Նախարարության Կողմից Ստացված Պատասխանի Մասին.

«Միացում» ազգային նախաձեռնությունը նկատելի ուշացմամբ դեկտեմբերի 18-ին ստացել է ՀՀ Արտաքին գործերի նախարարության պատասխանը` ս.թ. նոյեմբորի 21-ին նախարար Է. Նալբանդյանին նախաձեռնության հղած «Հայաստանի ազատագրված տարածքը հանձնելու ոտնձգությունների քաղաքական և իրավական հետևանքների վերաբերյալ» ծանուցմանը:

Արձանագրում ենք, որ փոխնախարար Շավարշ Քոչարյանի ստորագրությամբ ստացված փաստաթուղթի բովանդակությունը հերթական անգամ փաստում է, որ ՀՀ ներկայիս իշխանությունները ոչ միայն չեն հրաժարվել Հայաստանի ազատագրված տարածքը զիջելու հանցավոր մտադրություններից, այլև կարծում են, որ քարոզչական բնույթի էժանագին հնարքներով հնարավոր է բթացնել Հայոց հանրության զգոնությունը համապետական կործանարար վտանգներով հղի իրենց վարած քաղաքականության սնանկությունը պարզունակ հավաստիացումների ներքո քողարկելու անհեթեթ փորձերով:

ԼՂՀ սահմանադրորեն ամրագրված ողջ տարածքի վրա ՀՀ ինքնիշխանությունը վերականգնելու կամ գոնե Հայաստանի ազատագրված տարածքը շուտափույթ և հետևողական քայլերով վերաբնակեցնելու փոխարեն ՀՀ բարձրագույն իշխանությունները Հայոց հանրությանը ձգտում են հանդարտեցնել անորոշ և կամայական մեկնաբանությունների առիթն ընծայող հետևյալ «հիմնական սկզբունքներով».

-         Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի ենթակայության ներքո,

-         Լեռնային Ղարաբաղը պետք է անխափան ու հայկական կողմի իրավազորության տակ գտնվող ցամաքային կապ ունենա Հայաստանի հետ,

-         Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը պետք է երաշխավորված լինի:

«Միացում» ազգային նախաձեռնությունը հրավիրում է հանրության ուշադրությունը հիշյալ «հիմնական սկզբունքների» մի շարք էապես խոցելի թերությունների և Հայաստանի (ՀՀ, ԼՂՀ) անվտանգության դեմ միտված ոտնձգությունները քողարկելու անհեթեթորեն պարզունակ ձգտումների վրա:

Նախ, ինքնին զարմանք է հարուցում այն հանգամանքը, որ «սկզբունքների» տեքստում Արցախը հիշատակված է սոսկ որպես Լեռնային Ղարաբաղ, այլ ոչ թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Այսպիսով անտեսվում է ԼՂՀ ներխորհրդային իրավական դաշտի բոլոր կանոնների համաձայն ինքնորոշված և 1991 թվականիցից որպես անկախ պետություն հանդես գալու հռչակված իրողությունը: Այնուհետև` Ադրբեջանի ենթակայության ներքո ԼՂՀ չգտնվելու հանգամանքը վաղուց ի վեր կատարված փաստ է, որը որևէ սակարկմանը կամ բանակցային քննարկամնը պարզապես ենթակա չէ: Բանակցությունները կարող են ընթանալ միայն հրադադարի ռեժիմի և տարածաշրջանային կայունության ամրապնդման շուրջ, որը ենթադրում է ներկա սահմանային գծի իրավական ամրագրում` որպես ԼՂՀ տարածքային ամբողջականություն` վերջինիս վրա ՀՀ ինքնիշխանության վերականգնմամբ:  Ուստի, Արցախի Ադրբեջանի ենթակայության տակ չգտնվելու մասին խոսելը ժամանակավրեպ անհեթեթությունն է և հանցավոր դիվանագիտական ապիկարություն, որն ամբողջությամբ  խաթարում և շեղում է բանակցային գործընթացը` միանգամայն փախզիջումային և իրապաշտական հանդիսացող ներկա իրողություններն ամրագրելու հրամայականից:

ՀՀ և ԼՂ միջև «հայկական կողմի իրավազորության տակ անխափան ցամաքային կապի» մասին պնդումները լավագույնս ցուցադրում են ՀՀ ներկայիս իշխանությունների դավադիր հանդգնությունը` Հայաստանի ազատագրված տարածքը հանձնելու սեփական պատրաստակամությունը հրապարակավ խոստովանելու առումով:  Այսօր Հայաստանի անբաժանելի մաս կազմող Արցախը միացված է Հայաստանին իր սահմանի ողջ երկայնքով` շուրջ 300 կմ Մռավի լեռնաշղթայից մինչև Արաքսի ափ և Իրան ձգվող գծով: Այս պարագային ցամաքային կապի մասին ճամարտակությունները ոչ միայն ակներևաբար ժամանակավրեպ են, այլև, ինչպես արդեն նշվեց, ազատագրված տարածքները հանձնելու ապաշնորհաբար քողարկված հակապետական հանցավոր մտադրության մասին վկայություն:

Միանգամայն համաձայնվելով «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը պետք է երաշխավորված լինի» սկզբունքին` նախ կամենում ենք արձանագրել, որ գոյություն չունի առանձին վերցված «Լեռնային Ղարաբաղի» ժողովուրդ: Արցախահայությունը հայրենաբնակ հայության անբաժանելի մասնիկն է, որի անվտանգությունն տարանջատելի չէ մնացյալ հայության և Հայոց  միասնական պետականության ընդհանրական անվտանգության ապահովման խնդրից: Այնուհետև`  արձանագրում ենք, որ քաղաքական իրողությունների սթափ, իրապաշտական և պետական շահի գերակայությամբ կատարված վերլուծությունը ցույց է տալիս, որ հայ ժողովրդի (այդ թվում` արցախահայության) անվտանգության ապահովումը հնարավոր է բացառապես ներկա ռազմաքաղաքական համակարգի և տարածքային իրողությունների պահպանման պարագային:

ՀՀ Արտաքին գործերի նախարարության մատնանշած «սկզբունքների» քննությունն ինքնին հերքում է մեզ հղված փաստաթղթի այն անհեթեթ հաստատումը, թե, իբր, «բանակցային գործընթացի արդյունքում այս սկզբունքների պայմանագրային ամրագրումը կընձեռի Լեռնային ժողովրդի կամքով արտահայտված հակամարտության կարգավորման հնարավորություն»: Քաղաքական իրողություններից անտեղյակ և Հայաստանի անվտանգության խնդիրներին իսպառ անհաղորդ ՀՀ դիվանագիտական կորպուսի պատասխանատուներին հիշեցնում ենք, որ համայն հայության և Հայոց պետականության անվտանգության միակ երաշխիքը Հայոց բանակն է, արդար և սահմանադրական իրավունքի գերակայությամբ առաջնորդվող պետությունն է, ինչպես նաև` ներկա պաշտպանական համակարգի ամրապնդումն ու բոլոր ազատագրված տարածքների համապարփակ վերաբնակեցումը:

«Միացում» ազգային նախաձեռնությունը վերստին զգուշացնում է, որ Հայաստանի ազատագրված տարածքի որևէ հատվածի ենթադրվող հանձնումը` Հայոց պետականության հիմքերը քայքայելուն միտված ծանրագույն պետական հանցագործությունն է և` Հայաստանի քաղաքացիների կյանքի նկատմամբ անհանդուրժելի ոտնձգություն: Հայաստանի ազատագրված տարածքը հանձնելու ցանկացած նկրտում առաջացնում է որոշում ընդունողների և այն գործադրողների պատմական, բարոյական և քրեաիրավական համընդհանուր պատասխանատվություն`որպես հայության բոլոր հատվածների նկատմամբ գործած ծանրագույն հանցանք և քստմնելի դավաճանություն:

«Միացում» ազգային նախաձեռնության տեղեկատվության բաժին

Երևան, 2008 թ., դեկտեմբերի 23:

կանխիր դավաճանությունը ` Միացիր
 

 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: