Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

խուլիգանական արարք

 Հոկտեմբերի 15-ին “Միացում” ազգային նախաձեռնությունը Նոր-Նորք համայնքում, Նորքի 2-րդ զանգվածում կազմակերպել էր հերթական ստորագրահավաքը “թուրքական արձանագրությունների” և “մադրիդյան սկզբունքների” դեմ:

Նախորդ օրերին Երևանի այլ համայնքներում ստորագրահավաքը անցել էր համեմատաբար խաղաղ պայմաններում, բացառությամբ, երբ իրավապահները փորձել էին խոչընդոտել “թուրքական արձանագրությունների” խորհրդանշական այրումը:

Այսօր ստորագրահավաքը սկսելու պահից սկսած 5-10 հոգանի քաղաքացիական հագուստով մի քանի խմբեր, պարբերաբար իրար փոխարինելով փորձել են խոչընդոտել կազմակերպիչների աշխատանքը: Տարբեր պատճառաբանություններով, սրելով իրավիճակը, այդ անձինք “Միացման” անդամներին փորձել են ներքաշել վիճաբանության մեջ: Նրանց մի մասը քաղաքացիներին հորդորել են, որ չմոտենան սեղանիկին և չստորագրեն: Այդ անձանց ապօրինի գործողություններին հանգիստ հետևել են իրավապահ մարմինների ներկայացուցիչները, որոնք ստեղծված իրավիճակի մասին իրազեկվել էին “Միացման” անդամների կողմից: Լրագրողների, տեսա և ֆոտոխցիկների տվյալ վայրում ներկա գտնվելու պահին խուլիգանական արարք կատարող անձիք արագ հեռացել են այդ վայրից և կրկին վերադարձել միայն վերջիններիս բացակայության ժամանակ: Իրավապահ մարմինների ներկայացուցիչները ստորագրահավաքի կազմակերպիչներին նույնպես հորդորել են, որպեսզի վերջիններս հեռանան այդ վայրից և չզբաղվեն ստորագրություններ հավաքելով: “Միացման” անդամները ի վերջո տեսնելով, որ իրավիճակի սրումը կարող է բերել անկանխատեսելի հետևանքների, հեռացել են տվյալ վայրից:

“Միացում” ազգային նախաձեռնությունը մեկ անգամ ևս փաստում է, որ այս բռնատիրական ռեժիմը, ապօրինի գործողություններով փորձում է լռեցնել հայ ժողովրդի անկեղծ ձայնը, կոտրել նրա կամքը և ժողովրդին պարտադրել ի սկզբանե հայության, Հայաստանի Հանրապետության և Արցախի համար պարտվողական, ազգուրաց այն փաստաթղթերի վավերացումը, որը կոչվում է “թուրքական արձանագրություններ” և  “մադրիդյան սկզբունքներ”:

“Միացում” ազգային նախաձեռնությունը վճռական է տրամադրված և ապագա իր գործունեության մասին ԶԼՄ-երի միջոցով կիրազեկի հանրությանը:

 

15.10.09թ. Երևան

 

 

 
 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: