|
||
|
|
Գլխավոր Մեր Մասին Հայտարարություն Հարցազրույց Ելույթներ Հոդվածներ Լուրեր Ասուլիսներ Կապ | |
|
Ո'չ Մի Քայլ Ետ Հայե'ր: Եղբայրներ ու քույրե'ր: Կրկին վտանգ է սպառնում մեր Հայրենիքին: Արցախի լեռներում հազարավոր հերոսների կյանքի գնով նվաճած համազգային հաղթանակը դավաճանական ընթացքի արդյունքում կարող է վերածվել խայտառակ պարտության: Ազատագրված տարածքները Հայրենիքի անբաժան մասն են: Հայրենիքի սահմաններից ցանկացած նահանջ` դավաճանություն է: Ազատությունից հրաժարվողը ստրուկ է կամ խելագար: Մեզ ասում են, թե զիջումները անհրաժեշտ են հանուն խաղաղության: Սա բացարձակ սուտ է և հերթական կեղծիք: Տասնհինգ տարի շարունակ մենք ամեն ինչ զիջում էինք հանուն խաղաղության: Զիջում էինք, երբ ոտնահարվում էր մեր ազատությունը, զիջում էինք, երբ անարդարությունն ու կաշառակերությունը վարակեցին ողջ երկիրը, զիջում էինք, երբ իշխող վարչախումբը կասկածելի գործարքներով խարխլում էր անգամ երկրի տնտեսական անկախությունը: Ամեն ինչ զիջեցինք հանուն խաղաղության: Սակայն այսօր հարցականի տակ է դրվում նաև այս վերջին մնացած ձեռքբերումը` խաղաղությունը: Տարածքային զիջումների եւ տեղահանված բնակչության վերադարձի մասին խոսողները իրականում պատրաստում են Հայաստանի "պաղեստինացում " և փորձում են նոր պատերազմ հրահրել տարածաշրջանում: Խաղաղութան միակ երաշխիքը` Մռովի լեռներից մինչև Արաքսի հովիտը կանգնած հայոց բանակն է: Նահանջի մեկ քայլն անգամ կործանարար կլինի ողջ ազգի համար: Նահանջելով այսօրվա արեւելյան սահմաններից, մենք կորցնելու ենք հայոց արքաների միջնաբերդ Տիգրանակերտը եւ քրիստոնեության ամրոց Դադիվանքը, մենք հարվածի տակ ենք դնելու Մեղրին, Կապանն ու Գորիսը, Տավուշն ու Բերդը: Զիջելով ազատագրված տարածքները` մենք նորից աքցանի մեջ ենք թողնելու Արցախն ու կորցնելու ենք այն հաշված տարիներ անց: Իսկ կորցնելով Արցախը` մենք կորցնելու ենք մեր ուժն ու ոգին, դիմադրությունն ու հավատը, ուստի կորցնելու ենք ողջ Հայաստանը: Հանուն խաղաղության, հանուն մեր սուրբ նահատակների, հանուն Հայրենիքի` ո'չ մի քայլ ետ: Պաշտպանելով հաղթանակը, մենք պաշտպանում ենք խաղաղությունը: Նահանջը բերելու է նոր պատերազմի: Միացեք մեզ: Մեր գործն արդար է, միասին մենք կհաղթենք:
"ՄԻԱՑՈՒՄ " ազգային նախաձեռնություն Երեւան նոյեմբեր 2008 թ. հեռ. 010.27.77.83, 093.43.45.79 E_mail: miacumn@gmail.com
|
||
azadakrum.org©
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org©
կայքի
խմբագրության տեսակետի հետ: