|
||
|
|
Գլխավոր Մեր Մասին Հայտարարություն Հարցազրույց Ելույթներ Հոդվածներ Լուրեր Ասուլիսներ Կապ | |
|
Հայտարարություն Արցախյան հակամարտության վերաբերյալ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների հուլիսի 10-ի համատեղ հայտարարությունը և “մադրիդյան սկզբունքների”, “ճանապարհային քարտեզի” ընդհանրական հրապարակումը, ինչպես նաև` նշյալ սկզբունքների շուրջ ՀՀ և Ադրբեջանի նախագահների միջև հիմնական համաձայնության հասած լինելու մասին կատարված հայտարարությունները վկայում են, որ առաջիկա ամիսներին նոր և վտանգավոր զարգացումներ են սպասվում Արցախի, և դրա հետ սերտորեն առնչվող` Թուրքիայի հետ “հարաբերությունների” կապակցությամբ: Օգոստոսի 31-ին պաշտոնապես հրապարակվեց Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների զարգացմանն ուղղված փաստաթղթերի փաթեթ, որի օգնությամբ փորձ է արվում վերջնականապես լուծել Հայկական հարցը ի նպաստ Թուրքիայի: Նշված փաստաթղթի վավերացումը պարտադրելու է ՀՀ-ին ճանաչել Թուրքիան ներկա սահմաններով, որով վերավավերացվելու է 1921թ. Կարսի պայմանագիրը, պատմական հարթությամբ զբաղվող ենթահանձնաժողովի կողմից անվերջ քննարվելու է Հայոց Ցեղասպանության հարցը, ինչպես նաև Հայաստանը ճանաչելու է ցանկացած որևէ երրորդ պետության տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը, ինչը ուղղակիորեն վերաբերվում է Արցախի խնդրին: Միջազգային ուժերն ու ՀՀ իշխանություններն այս առումով արդեն իսկ ձեռնարկել են ժողովրդի կարծիքը “մշակելու” գործունեությունը: Ստեղծված իրավիճակից ածանցվող ահագնացող մարտահրավերների համատեքստում` Արցախի հարցի և Թուրքիայի հետ հարաբերությունների արդի զարգացումների առնչությամբ ներկայացուցչական հավաք-քննարկման մասնակիցներն ընդունեցին և հաստատեցին հետևյալ սկզբունքներն ու մոտեցումները. - Արցախի Հանրապետության այսօրվա սահմանների պահպանումը և Թուրքիայի նկատմամբ պահանջատեր լինելու կեցվածքի պաշտպանությունը Հայաստանի և հայ ժողովրդի ներկայի ու ապագայի համար ունեն լրջագույն նշանակություն: Մեր երկրի իշխանությունները, նաև` հասարակական-քաղաքական կազմակերպություններն իրավունք չունեն զիջումներ կատարելու այս հիմնահարցերի շուրջ, - Արցախի հարցում` “մադրիդյան սկզբունքները”, իսկ Թուրքիայի հանդեպ` հայ ազգի իրավունքները շոշափող բանակցությունների բովանդակությունը, ընթացքը և ձեռք բերված համաձայնությունները ոչ միայն հակասում են Հայաստանի և հայ ժողովրդի կենսական շահերին, այլև իրական սպառնալիք են մեր հաջորդ սերունդներին, - նշյալ հիմնահարցերի շուրջ զիջումների գնալու ՀՀ իշխանությունների պատրաստակամությունն ու բոլոր փորձերը չեն կարող այլ կերպ որակվել, քան` համազգային շահերի դավաճանություն: Այս պարտվողական քաղաքականության դեմ միասնական պայքարը, դավաճանական ընթացքի պատասխանատու Սերժ Սարգսյանին ու նրա կամակատարներին իշխանությունից հեռացնելը հայ ժողովրդի ներկայիս գերխնդիրն է, որի դրական լուծմամբ է պայմանավորված մնացյալ հարցերի բարեհաջող հանգուցալուծումը, - իշխանությունների վարած պարտվողական քաղաքականությունը օր առաջ կանխելը պետք է հանդիսանա ընդդիմության գործունեության հիմնական առանցքը: Իրեն ընդդիմություն համարող որևէ ուժ, որի մոտեցումներն այս հիմնահարցերի նկատմամբ, ըստ էության, չեն տարբերվում իշխանությունների որդեգրած սկզբունքներից, չի կարող այլընտրանք համարվել գործող վարչախմբին, - որպես ընդդիմություն հանդես եկող ուժերն ու անհատները համազգային կարևորագույն այս հարցերում պարտավոր են ցուցաբերել սկզբունքային և հստակ, այլ ոչ թե` հեղհեղուկ ու անորոշ դիրքորոշում: “Մադրիդյան սկզբունքները” մերժելու առաջին և գլխավոր չափանիշը տարածքներ հանձնելու գաղափարի միանշանակ և ամբողջական մերժումն է: Միևնույն ժամանակ արդեն հայտնի արձանագրություններում Ցեղասպանության հարցի քննարկումը և հայ ժողովրդի համար ամբողջությամբ անընդունելի Կարսի պայմանագրի փաստացի ընդունումը բացարձակապես մերժելի են: Միայն մասնակի մերժումը, կամ` այլ “կետերի” մասին առարկությունների արտահայտումը, փաստացի, նպաստում են վարվող պարտվողական քաղաքականությանը: - վերստին հայտարարում ու վերահաստատում ենք մեր այն աննահանջ դիրքորոշումը, որ Արցախն իր այսօրվա սահմաններով հանդիսանում է Հայաստանի անբաժանելի մասը և վաղ թե ուշ նաև դե-յուրե վերամիավորվելու է Մայր պետականությանը: Արցախի հիմնահարցին վերաբերող բոլոր միջանկյալ մարտավարական լուծումներն ու գործառույթները, ներառյալ ԼՂՀ-ին առնչվող, պետք է ամբողջությամբ ուղենշեն ու սպասարկեն ռազմավարական այդ գերնպատակը: Հավաքի մասնակիցները իրենց վճռականությունն են հայտնում անկոտրում մնալու Արցախի և Արևմտյան Հայաստանի հիմնահարցերի պաշտպանության գործում և պատրաստակամ են նպաստելու այս հարցերի շուրջ ազգային լայն համախմբման արդի հրամայականին: “Միացում” ազգային նախաձեռնության կազմակերպած հավաքի մասնակիցներ 03.09.09թ. Երևան |
||
azadakrum.org©
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org©
կայքի
խմբագրության տեսակետի հետ: