Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

Արցախի քաղաքական և ռազմական ղեկավարությանը

 Թուրքական “Արձանագրությունները” և “Մադրիդյան սկզբունքները” որպես Հայաստանին և հայությանը նետված դիվանագիտական պատերազմի մարտահրավերներ, թևակոխել են ավարտական փուլ, այն է` փաստաթղթերի վավերացում և գործնական կիրառում:

Այսօր որևէ հայ մարդու անհրաժեշտություն չկա ապացուցելու, որ թուրքական “Արձանագրությունների” կյանքի կոչելը կասկածի տակ է դնում Ցեղասպանության իրողությունը, դրանից բխող բոլոր հետևանքներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությանը պարտադրվում է հաստատել 1921թ. Կարսի պայմանագրի ճանաչումը, այսինքն` Թուրքիան ներկայիս սահմաններով:

Առավել ողբերգական հետևանք կարող է ունենալ, եթե “Մադրիդյան սկզբունքների” հենքի վրա լուծվի Արցախի խնդիրը, որը մեզ համար գոյություն չունի: Հայության համար կա մեկ գերխդիր: Դա Արցախի և ազատագրված տարածքների վերաբնակեցումն է:

Այլևս իրողություն է, որ սեպտեմբերի 19-ին Սերժ Սարգսյանը ի լուր բոլորին հայտարարեց, որ եթե ճանաչվի Արցախը ԼՂԻՄ վարչատարածքային սահմաններում, ապա Հայաստանի Հանրապետությունը ի դեմս իրեն պատրաստ է “անվտանգության գոտու” տարածքները, իմա` ազատագրված բոլոր յոթ շրջանները զիջել Ադրբեջանին:

Հայաստանի Հանրապետությունում և արտերկրում բնակվող հայությունը դեմ է “Մադրիդյան սկզբունքներին” և թուրքական “Արձանագրություններին”, որքան էլ որ ՀՀ իշխանությունները փորձեն շեփորահարել հակառակը:

Համոզված ենք, որ Արցախում բնակվող հայությունը, նրա քաղաքական և ռազմական ղեկավարությունը իրապես գնահատում են այսօր տեղի ունեցող գործընթացների ամբողջ լրջությունը և կդրսևորեն համապատասխան կամք կանխելու հայակործան այն քաղաքականությունը, որը փորձում են իրականացնել գերտերությունների անմիջական պարտադրմամբ ՀՀ իշխանությունները:

Դժբախտաբար Հայաստանի Անկախացումից մինչ այսօր չկարողացանք օգտագործել մեզ ընձեռված հնարավորությունը և բավականին մեծ ժամանակահատվածը ազգային և պետական հաստատությունները կայացնելու համար: Եթե այդ հաստատությունները կայացած լինեին և ծառայեին իրենց նպատակին, ապա այսօր չէին ծնվի նման փաստաթղթեր:  Միակ հաստատությունը, որն ի զորու է վիժեցնել այս դավաճանական ընթացքը, և անցնցում կանխել այն, դա ստեփանակերտյան անառիկ բերդն է:

Ձեզ այսօր կրկին անգամ վերապահված է պատմական առաքելություն. լինել առաջամարտիկը հայության կենսական շահերի պաշտպանության գործում:

“Միացում” ազգային նախաձեռնություն

02.10.09թ.  Երևան

 
 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: