Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 Սադրանք Ախալքալաքում 

Տագնապալի լուրեր են ստացվում Ջավախքից:

Ախալքալաքում շուրջ երկու տասնյակ մարդ է բերման ենթարկվել ոստիկանություն, այն բանից հետո, երբ մի անհետևանք պայթյուն է որոտացել շրջանի ոստիկանապետի տնից ոչ շատ հեռու: Նույն պատրվակով հայկական շրջան են բերվել մեծ թվով վրացի հատուկջոկատայիններ: Ձերբակալվածների մի մասը ազատ է արձակվել:  

Ոստիկանները հարձակվել են նաև Գուրգեն Շիրինյանի բնակարանի վրա, որին հաջողվել է փախուստի դիմել: Դիմադրության ժամանակ զոհվել է մեկ ոստիկան: Հայտնի է դարձել, որ Գուրգենին փնտրող վրացի հատուկ ջոկատայիններին հրամայվել է սպանել նրան: 

Հիշեցնենք, որ "Միասնական Ջավախք" կազմակերպության երիտասարդ գործիչ Գուրգեն Շիրինյանը, նույն կազմակերպության ղեկավարներից Վահագն Չախալյանի հետ միասին, 2006թ հարձակման էր ենթարկվել Երևանի մատույցներում, դանակահարվել և վիրահատվել էր: Փոխանակ հանցագործներին գտնելու, ՀՀ ԱԱԾ-ն ձերբակալեց, դատեց և հետո էլ արտաքսեց հանցագործների թիրախ Վահագն Չախալյանին` իբր սահմանն ապօրինի հատելու համար: Սա հիմնավորեց կասկածները` որ հանցագործները գործել էին ՀՀ ԱԱԾ-ի հետ համաձայնեցված: Դրանից հետո Վահագն Չախալյանը, Գուրգեն Շիրինյանը և նրանց բազմաթիվ համախոհներ տարատեսակ հալածանքների ենթարկվեցին Վրաստանի ոստիկանության կողմից, որի նպատակն էր կազմալուծել Ջավախքի ազգային շարժումը, որը վերջին տարիներին որոշ հաջողությունների էր հասել վրացական պետության տարածքում հայտնված հայկական երկրամասի բնիկ ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցում:  

Ակնհայտ է, որ ներկայիս պայթյունը հերթական սադրանք է, որի հեռահար նպատակը հայկական երկրամասը վրացական ուժերի կողմից ավելի վերահսկելի դարձնելն է, և հատկապես ազգային տարրը Ջավախքում ոչնչացնելը: Այս հանգամանքը հատկապես կարևորվում է Բաքու-Ջեյհան և Կարս-Ախալքալաք պանթուրանական նախագծերի անվտանգությունը ապահովելու համատեքստում: Հայտնի է, որ բազմահազարանոց հանրահավաքներ կազմակերպող "Միասնական Ջավախքը" Ախալքալաքում և հարակից շրջաններում գործող ամենազդեցիկ քաղաքական միավորն էր և միակ ուժը` որը ի վիճակի էր կազմակերպել ժողովրդի դիմադրությունը Ջավախքի վրացացմանը և հիշյալ պանթուրանական նախագծերին: 

Այս ամենը տեղի է ունենում ՀՀ իշխանությունների լուռ համաձայնությամբ և գործնական օժանդակությամբ: Իսկ Ախալքալաքի տեղական իշխանության և հատկապես ոստիկանության մարմինները վաղուց վերածվել են Վրաստանի իշխանությունների ձեռքի կույր գործիքի: 

ՋԱՎԱԽՔ ԽՈՐՀՐԴԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ

 

 

 
 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: