Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

Կոչ Հայ Երիտասարդութեանը

 Մի մտահայեցութիւնն անգամ բաւական է հասկանալու համար, որ մեր ազգային կորուստներն աւելի մեծ են եղել քան նուաճումները:

     Եւ ո՞ւմ պիտի մեղադրենք մեր ազգային պատմութեան ողբերգական էջերի համար. Աստծո՞ւն, Ով այնքան շռայլ եւ գթառատ է եղել մեր ազգի հանդէպ, պարգեւել է դրախտային երկիր եւ օժտել մեզ բանականութեամբ եւ բազմապիսի շնորհներով:

     Այս ամենից սակայն մենք ոչ միայն առաւելագոյնս չենք օգտուել եւ գերագոյն ճիգեր գործադրել դրանց իրականացման համար, այլեւ հակուել ենք անհաւատութեան եւ նիւթապաշտութեան եւ կորցրել թէ’ մեր Հայրենիքի մեծագոյն մասը եւ թէ’ աղճատել մեր անհատական մարդկային նկարագիրը, նոյնիսկ ստուերել մեր ազգային պայծառ դիմագիծը եւ արդ յաճախ ամօթով ենք նայում աշխարհին, որ ի զօրու չենք անգամ բարեկիրթ կեցութեամբ ապրելու եւ ժառանգորդը լինելու այն մեծագոյն արժէքների եւ արժանիքների, որոնցով փայլել են մեր նախնիք:

     Արդիւնքն այս ամենի այն է, որ մենք թուլացել ենք ազգովի եւ պետականօրէն, իսկ միջազգային ուժերի համահարթեցող /գլոբալացնող/ մամլիչը աւելի ու աւելի է մօտենում մեր ազգային գոյութեան առանցքային սիւներին եւ ահռելի վտանգ է կախուած մեր Ազգի գլխին, որը կարող է համաշխարհային ցնցումների ժամանակ մեզնից թողնել միայն փլատակներ:

   Լի եւ առատ  ապրելու մարմաջը մեզ զրկում է մեր հաւաքական բանականութիւնից, կրծում մեր գոյապահպան բնազդները եւ գաղթական անում ամբողջ աշխարհում: Չդրսեւորելով մեր Հայրենիքում ապրելու կամք եւ զրկուելով պայքարելու վճռականութիւնից յանուն մեր անհատական եւ ազգային, ժողովրդական իրաւունքների, մենք մեզ առաջին իսկ դժուարութեան պահին դուրս ենք նետում Հայաստանից եւ այլեւս տասնամեակներ շարունակ եւ գուցէ ամբողջ կեանքի ընթացքում այլեւս ի վիճակի չենք լինում թոթափելու թափառականի խարանը եւ վերադառնալու մեր Հայրենիք: Սա է պատճառը, որ չորս հազարամեակ շարունակ մենք չենք աճում թւով եւ մի կերպ գոյութիւն ենք պաշտպանում:

     Հազարամեակների պատմական կենսափորձը ցոյց է տալիս, որ ազգի եւ երկրի կեցութեան մէջ էական փոփոխութիւններ կարող է կատարել միմիայն երիտասարդութիւնը, այն երիտասարդութիւնը, որն առլեցուն է կենսուժերով, տակաւին անաղարտ է պահպանում Աստծու ներշնչաց հոգին եւ կարող է լինել այն ուխտի, առաքելութեան տէրը, ինչը նախանշուած է Սուրբ Գրականութեան մէջ,  եւ որի հիմքերն են կազմում արդարակեցութիւնը, ճշմարտութիւնը, ազատասիրութիւնը, պաշտամունքն Աստծուն եւ Հայրենիքին, անսահման հաւատը հոգենորոգուելու եւ լաւապէս նորացնելու իր երկրի, ժողովրդի կեանքը եւ իմաստաւորելու մարդկային, ազգային կեանքն առհասարակ:

    Հայ երիտասարդը պէտք է լինի հաւատաւոր եւ ազատ կամքի տէր բառի բուն իմաստով, գաղափարապաշտ եւ բարոյական, խիզախ եւ ընդունակ իր վրայ վերցնելու մեծագոյն նպատակների իրագործման նախաձեռնութիւնը: Եթէ Աստուած է մեզ դաշնակից, էլ ի՞նչ անյաղթ թշնամի կարող է դիմագրուաւել մեզ:

    Բազմաթիւ են մեր խնդիրներն ու նպատակները եւ դրանց մէջ առանցքայինն ու առաջնահերթը բարեպաշտ պետութիւն ստեղծելն է եւ ՀԱՅ ԴԱՏԸ, որոնք պիտի դառնան իւրաքանչիւրիս կեանքի բովանդակութիւնը:

    Հետեւաբար, քե’զ, հա’յ երիտասարդ, քանի դեռ չեն կաշկանդել նիւթականացուած կեանքի ճիրանները, քանի դեռ չեք վերածուել լոկ ուտող կենդանի էակի, որը կորցրել է հոգու եւ նուիրական կեցութեան զգացողութիւնը, Քեզ ենք դիմում, վերցրո’ւ քո պատմական առաքելութեան լծակը եւ մտի’ր Հայ Ազգի հոգեւոր անդաստանի համագործական դաշտը եւ գնա քո Հայ Աստուծոյ յետեւից: Նա քեզ կը տանի:

 Ժիրայր Սէֆիլեան

 27.04.09թ. Երեւան

 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: