|
||
|
|
Գլխավոր Մեր Մասին Հայտարարություն Հարցազրույց Ելույթներ Հոդվածներ Լուրեր Ասուլիսներ Կապ | |
|
Հայտարարություն Սամցխե-Ջավախքը այլևս նահանջելու տեղ չունի Bagin.info 02/02/09 Սամցխե - Ջավախքի և Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի 2009թ. հունվարի 30 -ին կայացած ընդլայնված նիստում ընդունված հայտարարությունը։ Հայրենակիցնե՛ր, Մենք, Վրաստանի Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորhրդի անդամներս, բազմակողմանիորեն ուսումնասիրելով բոլոր հավաստի տեղեկությունները, քննության առնելով տարածաշրջանում ստեղծված պատմական ու ներկայի իրավիճակը, փաստում ենք, որ այստեղ առկա են կենտրոնական իշխանությունների կողմից հովանավորվող շովինիստական, ազգայնամոլական տարրեր պարունակող գործողություններ, որոնք ուղղված են հայ էթնոսի արհեստական դուրս մղելուն և այլազգիներով վերաբնակեցնելուն: Այլևս գաղտնիք չէ, որ վիրահայության դեմ ուղղված այս վտանգավոր իրավիճակը այսօրվա իրադարձությունների արդյունք չեն, այլ Վրացական իշխանությունների կողմից դեռևս 19-րդ դարի կեսերից սկիզբ առած, ծրագրավորած հակահայ գործողությունների շարունակությունն են: Այսօր այդ քաղաքականությունը նոր թափ ու ձև է ստացել: Քանզի ներկայիս իշխանությունները 2008 թվականի օգոստոսյան դեպքերից հետո վերջնականապես սեփական ժողովրդի մոտ հեղինակազրկվելով, կարիք ունեն ազգայնականության քողի տակ պաշտպանություն գտնել ժողովրդական արդարացի ցասումից: Իրենց նպատակին հասնելու առկա գործողությունների քողարկման նպատակով վրացական իշխանությունները ուրիշ շատ ծրագրերի կողքին երկրի հայազգի քաղաքացիներին արհեստականորեն բաժանել են մի քանի շերտերի ու խմբերի: Ըստ նրանց հաշվարկների այդ շերտերը կամ խմբերը պայքարելու են իրար դեմ ու իրար մեջ, ինչը մասնակիորեն նրանց հաջողվել է: Նրանք յուրաքանչյուր խմբի հետ աշխատելու նախորոք հաստատված ծրագրեր ունեն: Փաստերն առկա են: Օրինակի համար ասենք, որ հունվարի 22-ին ձերբակալվեցին Ախալցխայի բնակիչներ, Ախալցխայի Հայ երիտասարդական կենտրոնի պատասխանատու Գրիգոր Մինասյանը և «Շառլ Ազնավուր» հասարակական-բարեգործական կազմակերպության նախագահ` Սերգեյ Հակոբջանյանը: Բոլոր Ախալցխացիները և նրանց ճանաչողները գիտեն, որ նրանց նկատմամբ հարուցված մեղադրանքները ոտից գլուխ հնարովի են, սակայն փաստը մնում է փաստ` մարդկանց իրավունքները ոտնահարվել են հեռահար, հակահայ, հայաթափման քաղաքականության ծրագրերի հիմքի վրա: Այդ հրեշավոր ծրագրերի դեմն առնելը այսօր մեր բոլորիս սրբազան պարտքն է: Այդպիսի անմարդկային գործողություններին հակազդելու միակ միջոցը մեր ժողովրդի միասնական ու վճռական գործողություններն են լինելու: Մենք ապստրակտ միասնության մասին չէ, որ ասում ենք, այլ խոսքը գործնական ու ազգապահպանությանն ուղղված ժամանակի ընթացքում փորձություն անցած միասնականության մասին է: Մեր ազգային արժեքների, մարդկային իրավունքների պահպանությունն ապահովելու նպատակով հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը բազում անգամներ, Վրաստանի իշխանությունների առաջ բարձրացրել ու այսօր էլ բարձրացնում է հետևյալ խնդիրները. 1. Պետականորեն վերացնել հակահայ շեշտված քաղաքականությունը, որի արդյունքում կիրականացվեն ու կապահովվեն ներքոթվարկյալ գործողությունները. ա/ Տեղական ինքնակառավարման մարմինների ազատ, թափանցիկ և արդար ընտրությունների կազմակերպում: ▪ Ռեգիոնալ ծառայություններում բնակչության թվակազմին համապատասխան հայերի ներգրավվում: ▪ Ախալքալաքում և Նինոծմինդայում պետանվտանգության ռեգիոնալ ծառայության կողքին , ռեգիոնալ այլ ծառայությունների տեղակայում: բ/ Տեղում աշխատատեղեր ստեղծելու նպատակով. ▪ Պետության կողմից լուրջ ներդրումային քաղաքականության իրականացում, այն հաշվով, որ առաջիկա հնգամյակում տեղաբնիկների համար կբացվեն առնվազն քսան հազար աշխատատեղեր: ▪ Բավարար պայմաններ կստեղծվեն արտաքին ներդրողների համար: գ/ Կվերացվեն խոչընդոտները և կխրախուսվեն մասնավոր ներդրումներն ու բիզնեսը: ▪ Ներդրումներն ու բանկային փոխառությունները մարդկանց կտրվեն ոչ ըստ ազգային պատկանելության ու քաղաքական հայացքների: դ/ Բնակչության էթնիկ կազմի արհեստական փոփոխմանն ուղղված և ըստ ազգային պատկանելության խտրական ՙվերաբնակեցման՚ գործընթացների դադարեցում: 2. Կրթական-մշակութային խնդիրներ։ ա/ Տարածաշրջանի բացարձակ մեծամասնության մայրենիին` հայոց լեզվին, պետական լեզվին` վրացերենին զուգահեռ կտրվի տարածաշրջանային լեզվի կարգավիճակ: ▪ Տեղական ինքնակառավարման մարմիններում գործավարությունը տեղաբնիկների մեծամասնության մայրենի լեզվով վարում… բ/ Բոլոր հայկական հանրային դպրոցներում դասավանդման լեզուն` հայերենը կպաշտպանվի օրենքով. ▪ Հայկական դպրոցներում դասավանդող մանկավարժներին և տնօրեններին չի պարտադրվի պետական լեզվի իմացությունը: գ/ Մանկավարժական և տնտեսությանն անհրաժեշտ մասնագետներ պատրաստելու նպատակով առաջիկա տարում կկայացվի որոշում` Ախալքալաքում Հայ -Վրացական պետական համալսարան հիմնելու վերաբերյալ: 3. Քաղաքական խնդիրներ։ ա/ Կընդունվի անցումային օրենք երկքաղաքացիություն ունենալ ցանկացող Վրաստանի հայազգի քաղաքացիներին Վրաստանի քաղաքացիությունից չզրկելու վերաբերյալ, այն կգործի, մինչև սահմանադրությունից կհանվի այն արգելող հոդվածը: բ/ Վրաստանի կառուցաձևի մասին օրենքի սահմաններում Ջավախքին կտրվի լայն լիազորություններով օժտված ինքնակառավարման միավորի կարգավիճակ: 4. Միջազգային եւ միջպետական խնդիրներ։ Վրաստանի և ՀՀ-ի միջև Ջավախքի վերաբերյալ կկնքվի միջազգային պայմանագիր« Ազգային փոքրամասնությունների պաշտպանության վերաբերյալ Եվրախորհրդի շրջանակային կոնվենցիայի ոգուն համահունչ, որի պահպանման ու հսկման պարտավորությունը կհանձնվի եվրոպական հեղինակավոր կառույցի: Վերոնշյալ պահանջների, առաջարկների և խնդրանքների ներկայացման նպատակով մենք համապատասխան դիմումներ ենք հղելու Վրաստանի և ՀՀ-ի նախագահներին և խորհրդարաններին: 5. Անհետաձգելի խնդիրներ։ Որպես երկխոսության սկիզբ երկրի իշխանություններից պահանջում ենք անհապաղ ազա՛տ արձակել անհիմն ձերբակալված Գրիգոր Մինասյանին ու Սերգեյ Հակոբջանյանին, համապատասխան պատժամիջոց կիրառելով նրանց անօրինական ձերբակալման համար մեղավոր ծառայողների նկատմամբ, և պետության հաշվին հատուցել նրանց կրած նյութական ու բարոյական վնասները: Եթե մեր բնակչության սույն առաջարկներն ու պահանջները ուշադրության չարժանացվեն ու գործնական քայլեր չիրականացվեն ստիպված կլինենք մեր տարածաշրջանների կարգավիճակը լուծել հանրաքվեի ճանապարհով: Կրկնում ենք` մենք ստիպված կլինենք դիմելու Սահմանադրությամբ ամրագրված մեր իրավունքների պաշտպանության սահմանադրական բոլո՛ր միջոցներին: Հայրենակիցնե՛ր, Մեր դեմ ուղղված սադրանքների շարանը կենտրոնական իշխանությունների կողմից վաղուց գործողության մեջ են դրված, սակայն ամեն ինչ դեռևս առջևում է, եղե՛ք զգոն, եղե՛ք միասնական ազգապահպանությանն ուղղված առաջիկա գործողությունների հաջողությունն ապահովելու համար: Մեր գործն արդար է, մենք այլևս նահանջելու տեղ չունենք:
|
||
azadakrum.org©
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org©
կայքի
խմբագրության տեսակետի հետ: