Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

Հայտարարություն

Հայրենակիցներ, 

Քսան տարի առաջ, 1988-ին աշխարհասփյուռ հայությունը միավորվեց մեր պատմական Հայրենիքի արևելյան մի հատվածի`   Արցախի ազատագրման գաղափարի շուրջ: Հազարավոր հերոսների կյանքի գնով մարտի դաշտում մենք հասանք բաղձալի հաղթանակի:

Սակայն, ինչպես արդեն պատահել է մեր պատմության մեջ, աշխարհազորի ու զինվորի հաղթանակը կարող է պարտության վերածվել անհոգ ու անշնորհք քաղաքական գործիչների պատճառով:

 "Ազատագրված տարածքների պաշտպանություն " հասարակական նախաձեռնության անունից, հանուն հազարավոր զոհվածների Սուրբ հիշատակի, հանուն միլիոնավոր հայերի զրկանքների ու սխրանքերի, մենք պահանջում ենք անմիջապես դադարեցնել առանց ժողովրդի համաձայնության ու հասարակական քննարկման վարվող քաղաքական առևտուրը Արցախի ու ազատագրված տարածքների վերաբերյալ:

Տասը տարի առաջ` 1998 թվականին առաջին Նախագահի փորձն անգամ հրապարակայնորեն վերլուծել որոշ փոխզիջումային տարբերակներ պատճառ դարձան քաղաքական սուր ճգնաժամի և իշխանափոխության:

Այժմ, 2008-ին, նույն մարդիկ, ովքեր իշխանության եկան մարտաշունչ կարգախոսներով, արդեն բանակցություններ են վարում, անհայտ ու կիսագաղտնի պայմանավորվածություններ են ձեռք բերում, խոստումներ տալիս երկրի ու ազգի անունից, որի իրավունքը մենք նրանց չենք տվել:

 "Ազատագրված տարածքների պաշտպանություն " հասարակական նախաձեռնությունը կոչով դիմում է հայ ժողովրդին` հասարակական կազմակերպություններին ու քաղաքական կուսակցություններին, պատերազմի վետերաններին, զոհված ազաատամարտիկների ընտանիքներին, բոլոր հայրենասեր մարդկանց թույլ չտալու մի քանի անձանց մենաշնորհ դարձնել, շահագործել ու պղծել մեր ընդհանուր Սուրբ հաղթանակը:

Մենք կազմակերպելու ենք հանդիպումների շարք`  "Կլոր սեղան ", հրավիրելով լայն հասարակական ու մասնագիտական քննարկումներ:

Մենք դիմում ենք ՀՀ Արտաքին գործերի նախարարարին հետևյալ նամակով.

 "Վտանգավոր ու անթույլատրելի ենք համարում ազգային համերաշխության ու համաձայնության բացակայության պայմաններում, առանց լայն հասարակական քննարկումների Արցախի և ազատագրված տարածքների խնդրի շուրջ, փոփոխվող ձևաչափերով, կիսագաղտնի բանակցությունների անցկացումը:

Ազգային ազատագրական պայքարը չի կարող հանդիսանալ Թուրքիայի հետ առևտրա-դիվանագիտական հարաբերությունների բարելավման առարկա:

Ազատագրված տարածքների հաշվին քննարկվող զիջումները ներկայիս պայմաններում անխուսափելիորեն խարխլելու են Արցախի և Հայաստանի հանրապետության պաշտպանվածությունը և ֆիզիկական անվտանգությունը: Նման բանակցությունները չունեն որևէ  բարոյական հիմք, ուստի դրանց արդյունքը անընդունելի է լինելու հայության համար:

Մենք պահանջում ենք ընդունել մեր պատվիրակությանը և ապահովել արտգործանախարարության մասնակցությունը առաջիկայում կազմակերպվող հասարակական քննարկումներին:

 "Ազատագրված տարածքների պաշտպանություն " հասարակական նախաձեռնություն

02.10.08

 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: