Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

            Բաց Նամակ Տիար Շարլ Ազնավուրին

 Մեծարգո ու սիրելի Maestro.

 Դիմում ենք Ձեզ, որպես աշխարհասփյուռ հայ ազգի խորհրդանիշ հանդիսացող արվեստագետի և որպես Հայաստանի Հանրապետության լիազոր դեսպանի:

 Հայցում ենք Ձեր միջամտությունը Արցախյան Ազատամարտի հերոս, “Մարտական Խաչ” 1-ին աստիճանի շքանշանի ասպետ, Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի Հայաստանից արտաքսումը կանխելուն:

 1990 թվականին Լիբանանից գալով նախնիների երկիր, Ժիրայր Սեֆիլյանը բնակություն է հաստատում Հայաստանում, մասնակցում Արցախի ազատագրական պատերազմին, և հայտնի դառնում որպես Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար: Պատերազմի հաղթական ավարտից հետո նա կարևորագույն զինվորական պաշտոններ է զբաղեցնում Լեռնային Ղարաբաղի հանրապետության Պաշտպանական բանակում, կանգնելով Արցախի ինքնապաշտպանական ուժերի ստեղծման, կայացման և հզորացման ակունքներում:

 Ժիրայր Սեֆիլյանը ամուսնանում է Հայաստանում, ունենում է երկու զավակ, որոնք ծնվում են Հայաստանի Հանրապետությունում:

Ժիրայր Սեֆիլյանը երեք անգամ` 2004, 2006 և 2008 թվականներին դիմում է ՀՀ նախկին և ներկա Նախագահներին քաղաքացիություն ստանալու խնդրով, սակայն վերջիններս մերժում են դիմումները առանց որևէ պատճառաբանությամբ կամ հիմնավորմամբ:

 Հայրենիքի և Սփյուռքի մերձեցման, Հայաստանի Հանրապետությունը որպես համայն հայության հայրենիք ընդունելու, յուրաքանչյուր հայի, Հայաստանի Հանրապետության քաղաքացի դառնալու անօտարելի իրավունքի և վերջապես ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված “Երկքաղաքացիության մասին օրենքի” գոյության պայմաններում և այդ ամենի մասին անընդմեջ շեփորահարող հայրենի իշխանությունները մերժում են Ազգի նվիրյալի բոլոր դիմումները` ՀՀ քաղաքացիություն ստանալու, հատուկ, մշտակական կամ ժամանակավոր  կացության կարգավիճակով Հայաստանի Հանրապետությունում բնակվելու համար:

 Այս իրողությունների ֆոնի վրա զավեշտ է այն փաստը, թե որքան դյուրին կերպով Հայաստանի Հանրապետության քաղաքացի դառնալու պատվին արժանացան Բրազիլիայից Հայաստան հրավիրված մարզիկներ` Հայաստանում ծովափնյա վոլեյբոլի թիմ ստեղծելու “խիստ կարեւոր” հիմնավորումով:

 Ավելին` 2006-2008 թթ. Ժիրայր Սեֆիլյանը ազատազրկման է ենթարկվում Հայաստանում, ազատագրված Հայրենիքի` Արցախի պաշտպանության ու վերաբնակեցմանն ուղղված հասարակական գործունեության պատճառով, ընդ որում Մարտական ծառայությունների համար ԼՂՀ Պաշտպանական բանակի հրամանատարի հրամանով անվանական զենքով պարգևատրված հրազենը որպես “ապօրինի զենք պահելու” կեղծ մեղադրանքի հիմնավորմամբ:

 Մեծարգո Վարպետ:

 Ժիրայր Սեֆիլյանն այն եզակի անհատներից մեկն է, որի կյանքն ու պայքարը, կենսագրությունն ու գաղափարները օրինակ են ծառայում երիտասարդ սերնդի դաստիարակության համար, իբրեւ հայրենասիրության, ասպետության ու բարոյականության չափանիշ:

 Մերժելով Հայրենիքի քաղաքացի դառնալու նրա դիմումները, երկու անչափահաս զավակներով նրա ընտանիքը արտաքսման սպառնալիքի է ենթարկվում, դրանով իսկ Հայաստանի Հանրապետության իշխանությունը խարխլում ու կասկածի տակ է դնում ազգային միասնությունը` այն հիմնական գաղափարը, որը միավորում է աշխարհասփյուռ հայությանը, անկախ քաղաքական, կուսակցական և կրոնական պատկանելությունից:

 Որպես Հայաստանի Հանրապետության նորանշանակ լիազոր դեսպան, որպես համազգային ու համաշխարհային հեղինակություն, Դուք կարող եք ազդել Հայաստանի Հանրապետության իշխանությունների որոշման վրա, կանխելով սպասվելիք ապօրինի գործողությունը:

 Հայցում ենք Ձեր օգնությունը:

 Հարգանքներով` 

 Օհան Դուրյան

Երվանդ Մանարյան

Տիգրան Խզմալյան

 

22.05.2009

 

 
 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: