|
||
|
|
Գլխավոր Մեր Մասին Հայտարարություն Հարցազրույց Ելույթներ Հոդվածներ Լուրեր Ասուլիսներ Կապ | |
|
Հայտարարություն Հայաստանի Հանրապետությանը պարտադրված հայ-թուրքական հարաբերությունների ներկա գործընթացը թևակոխում է վճռական փուլ: Միջպետական սահմանի բացման մասին խոսակցությունները ավելի են առարկայանում: Հայաստանի պետական այրերը հիմնավորում են, որ թուրքական կապիտալի մուտքը ՀՀ բնական է և օրինաչափ: Հայ-թուրքական հարաբերությունների միջև առկա խոչընդոտները վերացնելու, երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ ստեղծելու համար առաջարկվում է ստեղծել երկկողմ մասնագիտական աշխատանքային հանձնաժողովներ, ընդ որում նաև Ցեղասպանությունը ուսումնասիրող, որի մասին Մոսկվայում հայտարարեց ՀՀ չընտրյալ նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՀ Զինված ուժերում տեղի ունեցող կառուցվածքային փոփոխություններից փչում է ՀՀ ԶՈՒ-ն ՆԱՏՕ-ի ստանդարտներին համապատասխանեցնելու հոտը: Հայ ժողովրդից բռնազավթած իշխանությունը պահելու համար, Արևմուտքի ակնհայտ հովանավորությունը վայելող Սերժ Սարգսյանին մնում է գործնականում կատարել մի շարք քայլեր, որոնց արդյունքում Հայաստանի Հանրապետությունը փուլ առ փուլ կդառնա Արևմուտքի և տարածաշրջանում նրա կենսական շահերը ապահովող Թուրքիայի արբանյակը: Այն է. Ցեղասպանությունը դառնում է վիճելի հարց և անվերջ երկար քննարկվում է: Զիջվում է հայկական ազատագրված տարածքները Ադրբեջանին: Հայկական զինված ուժերը դուրս են բերվում այդ տարածքներից և խաղաղապահի անվան տակ ՆԱՏՕ-ի զորախումբ է տեղակայվում հայ-ադրբեջանական և հայ-իրանական սահմանների երկայնքով: Լուծարվում է Հայաստանի Հանրապետությունում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան: Թուրքական կապիտալը աննախադեպ մեծ հոսքով մտնում է Հայաստանի Հանրապետություն: Հայաստանի Հանրապետությունում արևմտյան քաղաքական ազդեցությունը դառնում է գերիշխող: Եվ այս ամենի արդյունքում Հայաստանի Հանրապետությունը ենթարկվում է Թուրքիայի կողմից տնտեսական, քաղաքական, այնուհետև ռազմական, երբ Հայաստանին պարտադրվի մտնել ՆԱՏՕ-ի կազմի մեջ, էքսպանսիայի: Սա այն գինն է, որով Սերժ Սարգսյանը Արևմուտքի օժանդակությամբ փորձում է մնալ իշխանության ղեկին: Քանի դեռ Հայաստանի Հանրապետությունում չի վերականգնվել սահմանադրական կարգը, պետական հաստատությունները չեն ծառայում ազգային շահերին, Թուրքիայի հետ հարաբերություններ ստեղծելու մտադրությունները համարում ենք ժամանակավրեպ: Դատապարտելով Հայաստանի Հանրապետության ներկա իշխանավորների Թուրքիայի հետ բարեկամություն անելու մեծ ցանկությունը, հորդորում ենք իշխանիկներին ճամպրուկները արագ կապել և հեռանալ Հայաստանից: “Հայ կամավորականների համախմբում” ազգային-քաղաքական նախաձեռնություն 02.04.09 ք. Երևան |
||
azadakrum.org©
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org©
կայքի
խմբագրության տեսակետի հետ: