Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

Հայտարարություն 

Փաստաթուղթը, փորձում է վերջնականապես լուծել Հայկական հարցը ի նպաստ Թուրքիայի 

Այլևս իրողություն է, որ Արևմուտքի պարտադրմամբ և գործուն մասնակցությամբ հայ-թուրքական հակամարտությունը, որը վերածվեց հայ-թուրքական հարաբերությունների, թևակոխում է որակապես նոր փուլ, փոխելով տարածաշրջանում ուժերի առկա հարաբերակցությունը, վտանգելով հայ ժողովրդի գոյությունը: 

2009թ. ապրիլի 22-ին, Հայոց Ցեղասպանության օրվա նախօրեին “ճանապարհային քարտեզ” կոչված փաստաթուղթը ստորագրելու մասին ՀՀ և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունը և փաստաթղթի հրապարակումը օգոստոսի 31-ին, Լեռնային Ղարաբաղի հանրապետության անկախության տարեդարձից երկու օր առաջ, նոր մարտահրավեր է, ուղղված համայն հայությանը: 

Փաստաթուղթը, որը ներառում է երկու արձանագրություն փորձում է վերջնականապես լուծել Հայկական հարցը ի նպաստ Թուրքիայի: Այսպես. 

ա. կասկածի տակ է դրվում Ցեղասպանության փաստն իսկ, որի լինելիության մասին վերջնական գնահատական կարող են տալ հայ, թուրք, շվեյցարացի և այլ միջազգային փորձագետները, 

բ. ձեռք է բերվում պայմանավորվածություն, որով վերահաստատվում է  ՀՀ-ի և Թուրքիայի միջև գոյություն ունեցող ընդհանուր սահմանի փոխադարձ ճանաչումը` սահմանված միջազգային իրավունքի համապատասխան պայմանագրերով, որով վավերացվում է 1921թ. հոկտեմբերի 13-ի Ղարսի պայմանագիրը, ինչը փաստորեն ՀՀ-ի կողմից Թուրքիայի ճանաչումն է վերջինիս ներկա սահմաններով: Այսինքն ՀՀ-ն այլևս ամրագրում է Հայաստանի հանրապետության և Թուրքիայի հանրապետության միջև գոյություն ունեցող ներկա բաժանարար գիծը որպես սահման, ի չիք դարձնելով Արևմտյան Հայաստանի` Հայոց բնօրրանի գոյության փաստը, 

գ. ՀՀ-ն վերահաստատում է հավասարության, ինքնիշխանության և այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելու, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության սկզբունքները հարգելու երկկողմ և բազմակողմ պարտավորությունները, որով արձանագրում է, որ Արցախի հարցը Ադրբեջանի ներքին գործն է, միաժամանակ ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամողջականությունը: 

Ձգտելով պահպանել հայ ժողովրդից բռնությամբ վերցրած իշխանությունը, գործող ռեժիմի պարագլուխ Սերժ Սարգսյանը, հայության շահերը մեկ անգամ ևս ստորադասում է իր հատվածական շահերին, տուրք տալով տարածաշրջանում շահեր ունեցող որոշ գերտերությունների ճնշմանը: Նա փորձելու է վեց շաբաթ հետո ստորագրել Հայաստանի հանրապետության և Թուրքիայի հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունները: 

Կոչով դիմում ենք ՀՀ-ում և արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին վիժեցնել ՀՀ ներկա վարչակազմի կողմից իրականացվող ներկա դավաճանական ընթացքը, երկրում վերականգնել սահմանադրական կարգը, ինչը կհանդիսանա երաշխիքը նաև Արցախի ճակատում ձեռք բերած հաղթանակը ամրագրելու դիվանագիտական դաշտում: 

“Հայ կամավորականների համախմբում” ազգային-քաղաքական նախաձեռնություն 

01.09.09թ. Երևան 

 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: