Հայ Ազգային Կոնգրեսի
Հայտարարությունը
05/09/08
Հայ
Ազգային Կոնգրեսը, հիմնվելով համաժողովրդական աջակցության վրա, իր պայքարի
նպատակն է դարձրել Հայաստանում ժողովրդավարական ազատությունների եւ
սահամանադրական կարգի վերականգնումը: Կոնգրեսն ազդարարել է, որ սեպտեմբերի
12-ին կսկսվի բռնապետության դեմ ուղղված համաժողովրդական պայքարի վճռական
փուլը: Կեղծված ընտրությունների ու այլ ապօրինությունների շնորհիվ
ձեւավորված իշխանությունների կեցվածքը վկայում է, որ այն ընդունակ չէ գնալ
երկրում խորացող քաղաքական ճգնաժամը ընդդիմության հետ բանակցությունների
միջոցով հաղթահարելու որեւէ քայլի։ Իշխանությունները նաեւ բացարձակ ցինիկ
կեցվածք են ընդունել միջազգային կառույցների, մասնավորապես Եվրոպայի
Խորհրդի առջեւ ստանձնած պարատավորությունների նկատմամբ: Նրանք չեն կատարում
հավաքների ազատության, մարտի 1-ի իրադարձությունների հետաքննության անկախ
եւ վստահելի մարմնի ստեղծման, ինչպես նաեւ էլեկտրոնային լրատվաջոցներով
խոսքի ազատության ապահովման իրենց պարտավորությունները: Իսկ
քաղբանտարկյալների հարցը շարունակում է մնալ ներքաղաքական ճգնաժամի
կարգավորման ամենամեծ խոչնդոտը:
Հայաստանում այսօր շարունակում են բանտերում մնալ 75 քաղբանտարկյալ, որոնց
կարելի է բաժանել վեց խմբի: Առաջին խումբը՝ 7 հոգի, որոնց գործերը մինչեւ
հիմա, մարտի 1-ից ավելի քան 6 ամիս անց, դեռ չեն մտել դատարան, ինչը
հակասում է Եվրոպայի Խորհրդի 1620 բանաձեւի 4.7.1 կետին: Երկրորդ խումբը` 8
հոգի, որոնք պայքարել են ընտրական գործընթացի օրինականության համար, բայց
շինծու մեղադրանքներով հենց իրենք են դատապարտվել ընտրական գործընթացը
խոչնդոտելու եւ նմանատիպ այլ «հանցակազմի» համար: Երրորդ խմբում են այն 15
ակտիվիստները, որոնք թեեւ ձերբակալվել են հետընտրական զարգացումների
պատճառով, սակայն դատապարտվել են դրանց հետ կապ չունեցող կեղծ
մեղադրանքներով, ինչպիսիք են՝ ապօրինի զենք պահելը, հարկերից խուսափելը,
պաշտոնական դիրքի չարաշահումը եւ ալյն: Չորրորդ խումբը կազմում են 38
քաղբանտարկյալներ, որոնք դատապարտվել են բացառապես ոստիկանական
ցուցմունքների հիման վրա, ինչը հակասում է Եվրոպայի խորհրդի 1620 բանաձեւի
4.7.3 կետին: Հինգերորդ խումբը 4 ցուցարարներ են, որոնց դեմ մեղադրանքները,
բացի ոստիկանական ցուցմունքներից, հենված են նաեւ բռնության, շանտաժի եւ
այլ ապօրինի միջոցներով ձեռքբերված այլ «ապացույցների» վրա: Եվ, վերջապես,
վեցերրորդ խումբը՝ 3 հոգի, որոնց քաղբանտարկյալի կարգավիճակը կապված չէ
փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների գործընթացի հետ:
Կոպտորեն ոտնահարվում են քաղբանտարկյալների իրավունքները։ Նրանցից 13 հոգի
նվազագույն անհրաժեշտ բժշկական օգնությունից զրկված լինելու պատճառով ծանր
առողջական խնդիրներ ունեն, իսկ ոմանց կյանքին արդեն նաեւ վտանգ է սպառնում:
Չնայած փաստաբանների անընդհատ միջնորդություններին, իշխանությունները որեւէ
միջոց չեն ձեռնարկում բժշկական օնություն տրամադրելու, նրանց տառապանքները
մեղմելու համար: Դրանով իշխանությունները խախտում են Մարդու իրավունքների
Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածը, որն արգելում է բանտարկյալներին
ենթարկել խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող
վերաբերմունքի կամ պատժի:
Քաղբանտարկյալներ, խոշտանգումներ, հավաքների եւ խոսքի ազատության
սահմանափակումներ, չընտրված եւ կեղեքիչ կառավարություն, նվաստացուցիչ ներկա,
անհեռանկար ապագա` այս ամենը երեւույթներ են, որոնք հայ ժողովուրդը չի
հանդուրժի երբեք: Սեպտեմբերի 12-ին մենք դա ցույց կտանք բռնապետությանը եւ
ապօրինությանը հակադրված մեր հավաքական կամքով: