|
||
| Գլխավոր Մեր Մասին Հայտարարություն Հարցազրույց Ելույթներ Հոդվածներ Լուրեր Ասուլիսներ Կապ | ||
|
Մեր Մասին "ՀԱՅ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ" նախաձեռնությունը իր անդրանիկ հավաքը անցկացրեց 2006 դեկտեմբերի 2-ին Երևանում: Մոտակա խնդիրը մեկն էր. կազմակերպվել կանխարգելելու 2007թ.-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ իշխանությունների կողմից նախապատրաստվող և կատարվելիք ընտրախախտումները: Իշխող վարչախումբը զգալով իրական վտանգ Համախմբումից, շինծու մեղադրանքներով դեկտեմբերի 9-ին ձերբակալեց Համախմբման նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանին և նախաձեռնության անդամ Վարդան Մալխասյանին, որն առ այսօր գտնվում է անազատության մեջ: Մեկ և կես տարի անցկացնելով ԱԱԾ և Վարդաշենի բանտերում, այժմ Ժիրայր Սեֆիլյանը ազատության մեջ է և "ՀԱՅ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ" նախաձեռնությունը այսօր էլ շարունակում է պայքարը, իր ուժերի ներածին չափով մասնակցելով և օժանդակելով Ժողովրդական Շարժմանը օր առաջ իշխանությունից հեռացնելու կրիմինալ վարչախմբին: "ՀԱՅ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԽՄԲՈՒՄԸ" ունի երկու հիմնական նպատակ` հեռանկարային և մոտակա: Գլխավոր նպատակը հեռանկարայինն է: Այն է. Հայաստանում մի օր պետք է ստեղծվի գաղափարապես կուռ և հզոր առանցքային մի կառույց, որը անշեղորեն կառաջնորդվի ազգային հոգևոր և բարոյական արժեքներով, տեր կկանգնի հայկական իդեալներին` երկրի ներսում, թե արտաքին ճակատի վրա, հանրային կյանքի բոլոր ոլորտներում: Այս նպատակի իրագործումը պահանջում է հետևողական և անձնվեր աշխատանք: Գլխավոր նպատակից բխող ընթացիկ խնդիրները շատ են: Բայց դրանցից առաջնահերթը իշխող վարչախմբից և հատկապես հայտնի զույգից ձերբազատվելն է, միաժամանակ մարտի 1-ին ռեժիմի կողմից ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունների կազմակերպիչների բացահայտումը և պատժումը: Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը պետք է հեռացվեն իշխանությունից: Պետք է թույլ չտալ, որ ժողովուրդը ներքաշվի նրանց միջև ընթացող ձևական կամ իրական պայքարում, այլ օգտվելով այդ իրողությունից ուժեղ հարված հասցնի երկուսին էլ: Պետք է հեռանան նաև այն կուսակցությունները և գործիչները, որոնք տարիներ շարունակ սրանց հլու կամակատարներն են եղել: Անհրաժեշտ է պայմաններ ստեղծել, որպեսզի ժողովուրդը ազատորեն կատարի ընտրություն: Հայտնի զույգը իշխանափոխությունից հետո կանգնելու է դատարանի առջև: 1988-94թթ վտանգը մեծ էր և մենք կամավոր շարք կանգնեցինք: Հիմա մարտական գործողություններ չկան, բայց վտանգը շատ ավելի մեծ է, որովհետև թշնամին ներսից է մեր դեմ պայքարում, ավելի քողարկված միջոցներով: Այս պայքարում հաղթելու համար մենք պետք է սովորենք շարք կանգնել նաև խաղաղ պայմաններում: Անցած տարիները փաստեցին, որ Արցախյան պատերազմի մասնակից կամավորականների որակը բավարար չեղավ խաղաղ տարիներին մեր երկրում արդարության և բարոյականության մթնոլորտ, հայկականորեն իմաստալից կյանք կազմակերպելու համար: Այսօր կամավորականներից պահանջվում է շատ ավելի մեծ խիզախում և հաստատակամություն` գաղափարական և բարոյական առումով: Եթե ոչ մենք, ապա ո՞վ պետք է տեր կանգնի մեր երկրին և պաշտպանի արտաքին և ներքին կեղեքիչներից: "Համախմբման" շարքերում գործ չունեն այնպիսինները, որոնք քաղաքական շարժումներին մասնակցում են անձնական ակնկալիքներից ելնելով: Մենք միավորվում ենք մեր երկրին և ժողովրդին ծառայելու համար: "Համախմբման" գլխավոր տարբերությունը քաղաքական գործընթացներին մասնակցող մյուս կառույցներից մեր անդամների կամավորականության մեջ է: "Համախմբումը" ծառայելու է ժողովրդին և դա անելու է իբրև կամավոր ստանձնած պարտականություն, առանց վարձի ակնկալիքի: "Համախմբումը" վերկուսակցական շարժում է: Նրա մասնակիցների մեծ մասը կուսակցականներ չեն, սակայն կուսակցականները նույնպես կարող են միանալ, եթե պատրաստ են մասնակցել "Համախմբման" հեռակա և մոտակա նպատակների իրագործմանը: Մեր "Համախմբմանը" մասնակցում են ոչ միայն պատերազմի մասնակից կամավորները, այլև երիտասարդ սերնդի կամավորները նույնպես, որոնք առիթ չեն ունեցել մասնակցել Արցախյան շարժմանը կամ ազատատամարտին, բայց ազգային արժեքների նույնպիսի կրողներ են: Ավելի եռանդուն են, իսկ երբեմն էլ ավելի պատրաստված այսօրվա մարտահրավերներին: Բոլոր սերունդների հայ կամավորականներին միավորելու համար է ծնվել "Հայ կամավորականների համախմբումը": |
||
azadakrum.org©
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org©
կայքի
խմբագրության տեսակետի հետ: