|
Մամլո Ասուլիսի Ամփոփագիր
Հինգշաբթի,
հուլիսի 19-ին, Ուրբաթ ակումբի հյուրերն էին Ժիրայր Սէֆիլյանի
և Վարդան Մալխասյանի պաշտպաններ Վահե Գրիգորյանը, Արա Զաքարյանը և Մուշեղ
Շուշանյանը, ինչպես նաև "Ազատագրված տարածքների պաշտպանություն" հաս.
նախաձեռնության քարտուղար Արմեն Աղայանը:
Պաշտպանները
անդրադարձան հուլիսի 13-ի դատական նիստին և հաջորդ օրերին սպասվող զարգացումներին:
Մուշեղ
Շուշանյանը ընդգծեց, որ, մամուլում սխալ տեղեկություններ են հրապարակվել, այն մասին,
թե իբր Վարդան Մալխասյանը առաջին հարցաքննության ժամանակ ընդունել է մեղքը և
զղջացել: Նա, հիշեցնելով Վարդանի հայտարարությունը, ընդգծեց, որ նա երբեք 301
հոդվածով իր մեղքը չի ընդունել, չի զղջացել: Պարզապես ինը քննիչներ և ԱԱԾ
աշխատակիցներ, փաստաբանի բացակայությամբ, խաբել են Վարդանին, ասելով, որ իր "հակաիշխանական"
ելույթի պատճառով ձերբակալելու են կամավորականների հավաքի 30-ից ավելի մասնակիցների,
նրանց մեղադրելով իշխանությունը բռնությամբ զավթելու նախապատրաստության մեջ, և
Վարդանը փորձել է այնպիսի ցուցմունքներ տալ, որոնք իր կարծիքով կնպաստեն, որ այլոց
նկատմամբ, իր ելույթի պատճառով գործ չհարուցվի:
Ժիրայր Սէֆիլյանի
պաշտպանները ներկայացրեցին հուլիսի 13-ի նիստում ուսումնասիրված գործի նյութերի և
իրենց միջնորդությունների մեկնաբանությունները: Եվս մեկ անգամ ընդգծվեց, որ 235
հոդվածի առաջին մասով (անօրինական զենք, զինամթերք պահել, կրել) Սեֆիլյանին
ներկայացված մեղադրանքի անհիմն լինելը: Մասնավորապես հիշեցվեց, որ նույն գործով
Տավուշի մարզից մեկ այլ անձի նույնպես մեղադրանք էր առաջադրվել փամփուշտներ պահելու
համար, սակայն նրա նկատմամբ գործը կարճվել էր: Վահե Գրիգորյանը գովելի համարեց, այն
հանգամանքը, որ գործը կարճվել է այն հիմնավորմամբ, որ մեղադրյալը մասնակցել է
Արցախյան պատերազմին և տարակուսանք հայտնեց, որ նույնը չի կատարվել Ժիրայր Սէֆիլյանի
նկատմամբ:
Փաստաբանները նաև կասկած հայտնեցին, որ դատի վերջին հետաձգման իրական պատճառն այն
էր, որ դատարանին ժամանակ էր պետք մեկնաբանելու համար զենքի հետ կապված դատարանին
ներկայացված փաստաթղթերի միջև առկա հակասությունները, որոնք ավելի ցայտուն դարձան,
երբ դատարանին ներկայացվեց Սեֆիլյանին
զենքով պարգևատրելու հրամանի և դրա հիման վրա զենքը նրան հանձնելու ապրանքագրի
բնօրինակները:
Ինչ
վերաբերում է զենքը կրելուն, ապա այդ մասին ներկայացված միակ ապացույցը
խուզարկության արձանագրությունն է, որը կազմվել է անօրինական ձևով` ոչ պատշաճ անձի
կողմից, ոչ այնտեղ, որտեղ իբր այն առգրավվել է:
Փաստաբանները նաև անդրադարձան դատավարության ընթացքի հետ կապված, նախագահողի
անօրինական գործողությունների դեմ իրենց առարկություններին, որի արդյունքում չեն
քննարկվում, հետաձգվում են և մերժվում բոլոր միջնորդությունները:
Արմեն
Աղայանը արձագանքեց վերջերս արված Գալուստ Սահակյանի այն հայտարարությանը, որում նա
կարծիք էր հայտնել, թե պետք է ազատ արձակել Սեֆիլյանին
և Մալխասյանին, պետք չէ նրանց հերոսացնել: Աղայանը ասաց, որ երթուղայինի
դիսպետչերները չեն, որ պետք է հերոսացնեն կամ չհերոսացնեն պատերազմի տարիներին
մարտական զորամասեր գլխավորած հրամանատարներին:
Խոսելով
30-ից ավելի վկաների դատարան կանչվելու մասին, Արմեն Աղայանը պարզաբանեց, որ դրա
գլխավոր նպատակը դատավարությունը ձգձգելն է: Միաժամանակ փորձ է արվում
տպավորություն ստեղծել, թե "Հայ կամավորականների համախմբումը" մի կազմակերպություն
էր, որը ստեղծվում էր զինված ճանապարհով իշխանությունը զավթելու նպատակով: "Սա
անհեթեություն է: Իշխանությունը փոխելու մեր ցանկությունը մեծ է և բոլոր միջոցները
ընդունելի են, սակայն մենք հիմարներ չենք և հասկանում ենք, որ պետական մեքենայի դեմ
զենքով դուրս գալ հնարավոր չէ, և մենք փնտրում էինք այլ, ավելի արդյունավետ
միջոցներ: Հալածանքները փաստում են, որ ճիշտ ուղղությամբ էինք փնտրում և դա
սարսափեցրեց իշխանություններին: Բայց քանի որ նրանք բոլորին իրենց արշինով են
չափում, (հայտնի է, որ պետական համակարգում կան մարդիկ, որ զինված հեղաշրջման
փորձեր են արել, օրինակ` Գառնիկ Իսագուլյանը), ապա մեզ էլ են փորձում իրենց
մեթոդները վերագրել:
This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
|