Մամուլի Ասուլիս

"Հայ Կամավորների Համախմբման" ժամանակավոր համակարգող Արմեն Աղայանի մամլո ասուլիսի ամփոփագիր, 11.01. 2007

Վահան Արոյանը կամ նույն ինքը Վանոն Ժիրայր Սէֆիլյանին ճանաչում է 1992թ. մայիսից, երբ Դաշնակցության վաշտի Արարատի դասակի կազմում մասնակցել է Շուշիի գործողությանը: Այդ մեկ շաբաթից բացի Վանոն Սէֆիլյանի գլխավորած զորամասի հետ որևէ կապ չի ունեցել: Սակայն վերջինիս զինվորական ծառայությունից դուրս գալուց և Երևան տեղափոխվելուց հետո, ընդհանուր ընկերներ և ծանոթներ ունեցող Ժիրայրն ու Վանոն պարբերաբար հանդիպել են:  

"Հայ կամավորականների համախմբման" հավաքին Վանոն չի մասնակցել, նրա անունը հրավիրյալների ցուցակում չի եղել: Իսկ դա նշանակում է, որ նախաձեռնողներից ոչ ոք նրան չի հրավիրել կամ նման հրավեր եղել է (ինչպես բազմաթիվ այլ ծանոթներին և ընկերներին), սակայն Վանոն այդ հրավերից չի օգտվել: 

Չեկիստները քաջատեղյակ են եղել, որ Վանոն զենքի մեծ սիրահար է և իր մոտ "հայտնաբերված" զենքը և զինամթերքը կուտակել է պատերազմի տարիներին: Նրանք վստահաբար գիտեին նաև, որ Վանոն չի զբաղվում զենքի վաճառքով և իր մոտ եղած զենքը երբեք չի օգտագործել հանցագործ նպատակներով: Ավելին, նրա մոտ առկա զենքի մասին տեղյակ է եղել ամբողջ գյուղը և Արարատի շրջանի մի մասը, այդ թվում ոստիկաններն ու այլ իրավապահներ: Կան տեղեկություններ այն մասին, որ Վանոն իր մոտ եղած զենքով նույնիսկ մասնակցել է սահմանը խախտած քրդերի հայտնաբերման և անվտանգության մարմիններին հանձնելու գործողություններին:  

Միաժամանակ Ժիրայր Սէֆիլյանին մշտապես հետապնդող չեկիստները իմացել են, որ Վանոն և Ժիրայրը ծանոթներ են և շփվում են: Ինչը նրանք հարմար առիթ են համարել Ժիրայրին վերագրվող անհեթեթ մեղադրանքները Վանոյի զենքերով "հիմնավորելու" համար: 

Մենք հաստատում ենք, որ Ժիրայր Սէֆիլյանի ձերբակալությունից 3-4 ժամ առաջ նրան զանգահարել է ինչ-որ մեկը և հայտնել, որ ԱԱԾ-ում աշխատող իր ընկերներից իմացել է, որ հենց հիմա գալիս են իրեն ձերբակալելու` երկու օր հետո արտաքսելու նպատակով: Եթե դա Վանոն է, ինչը շատ հավանական է, ապա առաջանում են մի շարք հարցեր: Ինչպես պատահեց, որ ԱԱԾ գործողության մասին նախապես իմանում են Լուսառատ գյուղում: Եվ ինչպես պատահեց, որ սեփական ձերբակալության մասին նույն Վանոն ոչինչ չիմացավ: Կամ, եթե նա իրոք կապված է Ժիրայր Սէֆիլյանի հետ, այդ ինչու վերջինիս ձերբակալությունից 18 օր անց չթաքցրեց իր զենքերը:  

Մենք համոզված ենք, որ չեկիստները հատուկ նպատակով են զգուշացրել Ժիրայր Սէ‎‎ֆիլյանին իր ձերբակալության մասին, որպեսզի նա դիմի փոխուստի, ինչը ըստ "սցենարի" կնշանակեր, որ նա ինչ-որ բանից վախենում է: Որպեսզի նա հավատա, որ իրեն ձերբակալելու են, նրան հայտնել են, որ ձերբակալության նպատակը արտաքսումն է, ինչը փաստաթուղթ չունեցող Ժիրայրը տրամաբանական կհամարեր: Պարզապես ձերբակալության լուրին նա կարող էր և չհավատալ: Իսկ եթե նրան հայտնեին, որ քեզ ձերբակալում են հեղաշրջման մեղադրանքով, նա պարզապես կծիծաղեր: 

ԱԱԾ-ն հրաշալի գիտեր, որ Ժ. Սէֆիլյանը զենք ունի և կրում է այն: Սակայն պարզվեց, որ դրա մասին չէին զգուշացվել ձերբակալության անմիջական մասնակիցները, այլապես նրանք առաջին հերթին զենքը կվերցնեին, բայց նրանք դա մոռացել անել և զենքը վերցրել են Ժիրայրի ասելուց հետո միայն: Հավանաբար չեկիստական հնարավոր "սցենարների" մեջ կար նաև "փոխհրաձգությունը" և "պատահական սպանությունը": 

Վերջապես չեկիստներին անհրաժեշտ էր, որ Վանոն հայտնի Ժիրայրին ձերբակալության մասին, որպեսզի նրանց միջև գոյություն չունեցող "հանցագործ կապը" ավելի "ամրանա": 

Վահան Արոյանը, նրա ունեցած զենքերը, ծանոթությունը Ժիրայրի հետ իհարկե օգտագործվել են ԱԱԾ-ի կողմից: Սակայն մենք գրեթե բացառում ենք, որ նա դա արել է գիտակցաբար: Մենք հերքում ենք նրա` ԱԱԾ-ի գործակալ լինելու մասին տարածվող տեղեկությունները: 

Զենքերի "հայտնաբերումից" հետո գործի էությունը չի փոխվել: Այն էլ ավելի շինծու դարձավ և դժվար թե դատական հեռանկար ունենա: Չեկիստների նպատակները նույնն են. անհեթեթ հիմնավորումներով արգելափակված պահել Ժիրայր Սէֆիլյանին և սարսափի մթնոլորտ ստեղծել, որպեսզի նրա կազմակերպության հետ ոչ ոք չհամարձակվի համագործակցել: Սրանից հետո ավելի քան ակնհայտ է, որ Վարդան Մալխասյանի ելույթն ու կոչերը ոչինչով չէին սպառնում Ժիրայրին և միայն ժամանակավոր առիթ ծառայեցին հալածանքների համար: Վանոյի զենքերը նույնպես ոչինչ չեն նշանակում և ընդամենը հալածանքները շարունակելու առիթ են: Այս քրեական գործը հեռանկար չունի:

Գնահատականները թողնում ենք հանրությանը:

 



















This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
OOPS! You forgot to upload swfobject.js ! You must upload this file for your calendar to work