Ծրագրված սադրանք էր Ականատեսի վկայություններ

Մարտի 1-ի կեսօրին ինձ զանգեցին տուն եւ տեղեկացրեցին, որ Ֆրանսիայի դեսպանատան մոտ խաղաղ ցուցարարներին առել են օղակի մեջ եւ ջարդում են: Արդեն հետագա զրույցից իմացա, որ ցուցարարներին առավոտյան մութուլուսին բիրտ ուժի կիրառմամբ, դաժանաբար ծեծելով, տեղահանել են Ազատության հրապարակից: Մոտ ժամուկեսի չափ լրատվամիջոցներով զուր սպասելով որեւէ ինֆորմացիայի` զգացի, որ անիմաստ է տանը մնալը եւ իջա քաղաք:

Օպերայի մոտ անձամբ հավաստիացա Ազատության հրապարակն իշխանությունների կողմից «ազատագրելու» մեջ: Որ իշխանությունները ամսի մեկի գիշերվա վրա ինչ-որ բան էին որոճում, ես կասկած չունեի: Բանն այն է, որ թեկնածուների առաջադրման փուլից առժամանակ անց գոնե ինձ համար պարզ էր, որ Արթուր Բաղդասարյանը մնացած վեցի պես (ես հավատում եմ Վազգեն Մանուկյանի ինքնուրույն խաղին) ընդդիմադիրների դաշտում իշխանությունների կողմից դրված ական է եւ ամենավճռական պահին ցույց է տալու իր իրական դեմքը: Արթուրի դեմքը պատռվեց անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնին վազելով գնալով ու աներկբա էր, որ նրան ձայն տված մոլորյալներն անցնելու էին հանրապետության առաջին նախագահի կողմը: Ահա այս գումարվելիք բազմությունն էր, որ իշխանություններին ստիպեց արագացնել իրենց ձեռնարկելիքը, որ շատ ավելի շուտ էր լինելու, եթե չլիներ միջազգային կառույցների զսպիչ գործոնը:

Ինչեւէ:

Ազատության հրապարակը լցված էր զինվորներով ու զինտեխնիկայով: Մաշտոցի պողոտայով շարունակեցի ճանապարհս: Ժողովրդի մի մասը չարացած, մի մասը վշտացած, մի մասը պարզապես տեղեկանալու համար շտապում էր ֆրանսիական դեսպանատան մոտ: Այստեղ արդեն տեսա, որ միտինգավորները տրոլեյբուսներից, ավտոբուսներից բարիկադներ էին կառուցել` սպասելով հնարավոր կրկնահարձակման: Երեք շերտ պաշտպանական գիծ էր կառուցվել կրկեսի, մեկական` մնացած կողմերից: Լեւոն Տեր-Պետրոսյանը չկար: Ժամանակ առ ժամանակ հայտարարվում էր, որ սպասում են նրա գալուն եւ ողջախոհության, սթափության, սադրանքների չենթարկվելու կոչեր էին հնչում: Մինչ կբերվեին բարձրախոսները, շրջեցի հանրահավաքի մասնակիցների մեջ, տեսա այրված ոստիկանական այն «Վիլիսը», որը արագության տակ սուրացել էր դեպի միտինգավորները` վրաերթի ենթարկելով եւ ճզմելով երեք թե չորս քաղաքացու, ինչի համար էլ այրել էին մեքենան: Ի դեպ, նույն այդ վարորդին դաժան հետեւանքներից փրկել էին նույն միտինգավորները:

Քանի որ բերված բարձրախոսները ցածր հզորության էին եւ մինչեւ Տեր-Պետրոսյանի գալը ոչ ոք չէր կարող քայլ ձեռնարկելու պատասխանատվություն վերցնել (հանրահավաքների բոլոր օրերի ընքացքում ամենասպասվածը եղել է հանրապետության Առաջին նախագահը եւ նրա խոսքը եղել է վճռական իր սթափությամբ, կուռ տրամաբանվածությամբ, կշռադատվածությամբ եւ ինչու չէ` նաեւ զսպվածության կոչերով), ես գնացի իմ բարեկամներից մեկի տուն` «Ազատություն» ռադիոկայան լսելու եւ գոնե այս կերպ ինֆորմացիոն բացը լրացնելու:

Երեկոյան ութն անց տաս ես արդեն Շահումյանի հրապարակում էի: Ոստիկանները եռաշերտ թե քառաշերտ պատնեշ էին կառուցել իրենցով` փակելով Հանրապետության հրապարակ տանող փողոցները: Դեպի Մյասնիկյանի արձան տանող ճանապարհին արդեն կային մետաղյա ձողերով քայլող երիտասարդներ, միջին տարիքի մարդիկ: Արձանի դիմացի հրապարակը լեփ-լեցուն էր այլեւս: Կային դիմադրության կոչեր անողներ, որոնց, որքան էլ տարօրինակ կարող է թվալ, ես չէի հանդիպել Թատերական հրապարակում հանրահավաքների այդ օրերին: Կայի՞ն խմած մարդիկ: Ես տեսել եմ այդպիսի մեկին, որը կուրծքն էր ծեծում` լալահառաչ իրեն գետնով տալով եւ վիրավորված այն բանից, որ իրենց գյուղապետն ընտրությունների ժամանակ բռերով լցոնել է քվեատուփը, կոչ էր անում գրոհել նախագահական: Շատ արտիստական էր այդ տղամարդու պահվածքը եւ այնքան ցուցադրական, որ կողքի կանգնածներից մեկը դիտողություն արեց, որ այդպես իրեն ճղելու փոխարեն կարող էր իր անսպառ էներգիան տեղում օգտագործել ու կանխել ապօրինությունը: Ես, որ համենայնդեպս գիտեմ Սպիտակի շրջանի գյուղերի անվանումները, այդ մարդու տված անունով գյուղ ինչ-որ չեմ հիշում: Կասկածելի էր, շատ կասկածելի էր տղամարդու պահվածքը եւ լավ հիշում եմ Նիկոլի արձագանքը` այստեղ պանիկայի տեղ չէ, ձեր հույզերը ձեզ պահեք:

Տղամարդն իր ողբ ու կականով տարրալուծվեց հավաքվածների մեջ:

Տեղեկանալով, որ նախագահը գալու է, ես հեռացա դեպի այգու կողմը: Քիչ անց հայտնվեցին երկու կին եւ իրար ընդմիջելով հարթակում կանգնածներին տեղեկացրեցին, որ Շահումյանի արձանի մոտ բախումներ են եւ արդեն կա տասը զոհ: Ականջներիս մեջ է Արամ Սարգսյանի ձայնը. «Ոչ մեկին թույլ չի տրված կոնտակտի մեջ մտնել զինվորականների հետ»: Նրան շարունակեց Նիկոլը` ասելով, որ պրովոկացիաների չենթարկվեն: Պիտի նկատեմ, որ դրությունն արդեն շիկացած էր: Իմանալով, որ Հանրապետության նախագահն իր բնակարանում փաստացի կալանված է, ես հարթակից հեռացա Կոմայգու կողմը, որտեղ չորս-հինգ տղաներ ինտենսիվ պոկում էին ճաղերը: Հենց այդ պահին թնդաց առաջին որոտը, սկսեցին սուլել լույս արձակող փամփուշտները: Ձայնի վրա երիտասարդների մի խումբ պոկվեց առաջ: Ես հետեւեցի նրանց` փորձելով ետ պահել, սակայն էլ ուր: Այգու առաջնամասից արդեն գրոհի էր նետվել 20-30 հոգի: Արդեն չեմ հիշում փշալարերի առաջին պատնեշը Զաքյան փողոցի մոտ էր, թե՞ ձկան խանութի: Ակնհայտ էր, որ միչեւ այս գրոհը եղել էր եւ ուրիշը կամ ուրիշները: Այդ ընթացքում թնդաց եւս երկու ահռելի պայթյուն: Երկինքը լուսարձակվում էր արձակված փամփուշտներից: Օդը հագեցած էր արցունքաբեր գազով: Գրիգոր Լուսավորչի փողոցը կատարյալ պատերազմի դաշտ էր` վառվող մեքենաներով, փշալարերով, փամփուշտներով: Ոստիկանները ետ էին քաշվել եւ գրոհողները հասան մինչեւ Լեոյի փողոցի խաչմերուկ: Խաչմերուկից քիչ այն կողմ վառվում էր ավտոբուսը: Գիրգոր Լուսավորչից Լեո տանող խաչմերուկի վրա բարիկադ էր կառուցվել երկու մեքենաներից: Դրանք այրված չէին: Ես բարձրացա շենք եւ արդեն պատուհանից տեսա, թե ինչպես «ռակետնիցան» տեղում տապալեց մի քաղաքացու: Հարվածը մահացու էր: Գնդակների սուլոցի տակ երկու հոգի դին փողոցի մեջտեղից քաշեցին դեպի մայթ: Լեոյի կողմից 10-15 րոպե անց հայտնված շտապօգնության մեքենան անշնչացած մարմինն իր հետ վերցրեց: Քիչ անց չորս հոգով, գոռալով ու վազելով, տարան արնաշաղախ մի վիրավորի: Րոպեների տարբերությամբ, «888» սուպերմարկետից քիչ այն կողմ գետնին շրմփաց հերթական կրակվածը: Հայտնված հերթական շտապօգնության մեքենան տեղում հնարավոր օգնություն ցույց տվեց` մնացածը թողնելով հիվանդանոցում ավարտին հասցնելուն: Լուսամուտների տակով մի քանի հոգով տարան հերթական վիրավորին` վախենամ թե այս անգամ անշնչացած:

Քիչ անց ամեն ինչ խաղաղվեց: Առժամանակ անց հայտնվեցին 4-5 հոգի եւ մայթի վրա կանգնած ավտոմեքենան, որքան հնարավոր է, քարշ տվեցին դեպի Լեոյի խաչմերուկ` բարիկադն ամրացնելու, ապա այրեցին: Խաչմերուկից 40-50 մետր այն կողմ կանգնած էր զրահամեքենան` զինվորների ավելացող կուտակումով: Որոշ ժամանակ անց մի քանի տղա մտան «888» խանութ: Տեսա, թե ինչպես նրանցից երկուսը դուրս եկան փոքրիկ փաթեթներով: Հետո մեկ ուրիշը դուրս եկավ ձեռքին ինչ-որ բան` շատ փոքր մեծության: Մյուս երեքի, թե չորսի մոտ երեւի թե բան չկար, եթե գրպանները չէին լցրել: Խանութի հետ այս է եղել պատահածը եւ անկեղծորեն սաստիկ զարմացա, երբ առավոտյան տեղեկացա, որ խանութը հիմնովին թալանել են: Խանութի պահախումբն էլ էր այնտեղ, ոստիկաններն էլ կանգնած էին: Գիշերվա իմ տեսածն այսքանն էր եւ մեկ էլ այն, թե ինչպես հանդարտված փողոցում ահռելի հռնդյունով հայտնվեց երկու տանկ, առաջացավ մինչեւ Գրիգոր Լուսավորչի կողմից ծածկած շուկա տանող մաս, ցուցադրական ետ դարձավ եւ քիչ անց լսելի դարձավ միտինգավորների գոռում-գոչյունը: Թե ում համար էր փայլուն անցկացված այդ ռազմական մանեւրը, կմնար անհասկանալի, եթե Լեոյի խաչմերուկի վրա հայտնված սպան չկարգադրեր դալանի մոտ կանգնած ոստիկաններին ետ քաշվել, քանի որ, իր բառերով, «հիմա գործ են անելու»: Գործ անողները երկու դիմակավորված զինվորականներ էին` «Կալաշնիկներով», որոնք մտան շենքի մուտք` դարանակալելու: Բարեբախտաբար, միտինգավորները չառաջացան:

Այն, ինչ կատարվեց այդ չարաբաստիկ օրը, անջնջելի խարան է բոլորիս համար: Սակայն հիմա ինձ հուզում է բոլորովին ուրիշ հարց. հնարավո՞ր էր կանխել այս ամենը: Ես ավելի քան համոզված եմ` այո: Սակայն ինչ-որ մեկին ձեռնտու էր, շատ էր ձեռնտու իրադարձություններն այս ուղղությամբ զարգացնելը եւ ես դույզն իսկ կասկած չունեմ, որ այս սադրանքի հետեւում կանգնած են իշխանությունները: Եվ ցավալին այն է, որ եղած հիմարության վրա նոր հիմարություններ են ավելացնում: Նույն բութ համառությամբ տարվում է նույն ապուշ պրոպագանդան: Մարդկանց խեղդում են լրատվական շրջափակումով: Այնքան անգրագետ են, որ ցույց են տալիս ջարդարարության, դիցուք` այսպիսի կա