|
Հաղթանակած
Ժողովրդի Վտանգը
Կարծում եմ` պատահական չէ,
որ ՀՀ-ում բարձրագույն իշխանությունը զավթած ռեւանշիստական-հակաանկախական ուժերի
կողմից նյարդահոգեբանական ազդեցության զենք հռչակվեցին "հայրենիք" եւ "հաղթանակ"
բառերը ("ընտանիքի" առումով, անկեղծ ասած, մինչ այժմ չեմ հասկանում այդ ցուցակում
հայտնվելու տրամաբանությունը):
"Հայրենիքի"
մասին մի այլ առիթով կխոսենք. այս պահին փորձենք հասկանալ, թե որն է "հաղթանակ"
բառի` այս ցուցակում հայտնվելու ներքին տրամաբանությունը: Համաշխարհային պատմության
տեսակետից գաղտնիք չէ, որ բռնակալական վարչակարգերը կա՛մ բնազդով, կա՛մ գիտակցորեն
վտանգ
են տեսնում պատերազմի
դաշտից հաղթանակած վերադարձած զինվորի, ավելի լայն վերցված` հաղթանակած ժողովրդի
մեջ: Նախկին ԽՍՀՄ քաղաքացիներիս ամենահայտնի օրինակը, Երկրորդ hամաշխարհայինի
ավարտից հետո Ստալինի քաղաքականությունն էր, երբ պատերազմից վերադարձող բազմաթիվ
զինվորներ քշվեցին ուղիղ սիբիրյան ճամբարներ, որպեսզի նրանց մեջ առաջացած ազատ եւ
ինքնակամ մարդու հոգեբանության սաղմերը ոչնչացվեն հենց արմատից: Եւ, ի դեպ,
ականատեսների վկայությամբ, այդ զինվորների հայտնվելուց հետո հենց նույն ճամբարների
մթնոլորտն էլ կտրուկ փոխվեց,
եւ ԽՍՀՄ պատմության
մեջ ճամբարային ընդվզման առաջին դեպքերը արձանագրվեցին հետպատերազմյան տարիներին`
նախկին բանակայինների գլխավորությամբ: Սա միակ օրինակը չէ. դեռեւս Հին Հռոմի եւ
Հունաստանի շրջանից հայտնի են նաեւ այլ դեպքեր, երբ հաղթանակած ժողովրդի
հոգեբանությունն անմիջական վտանգ է ներկայացրել բռնապետների համար: Այդ պատճառով էլ
հին աշխարհի եւ միջնադարի բռնակալներն ապավինել են հիմնականում ոչ թե
աշխարհազորային, այլ վարձկաններից կազմված բանակների: Պատահական չէ նաեւ, որ հին թե
նոր ժամանակաշրջանների ժողովրդավարությունները, առհասարակ` հանրապետական կարգ
ունեցող պետությունները, հակառակը, հիմնականում գերադասել են ընդհանուր զորակոչի
սկզբունքով կազմված բանակներ: Նոր պատմության մեջ հեղափոխական Ֆրանսիայի
Հանրապետությունն էր, որ վերականգնեց աշխարհազորային բանակի սկզբունքը եւ
դրա շնորհիվ հաղթեց
եվրոպական բռնակալական միապետությունների վարձկաններից ու ռեկրուտներից կազմված
բանակներին: Իհարկե, պատմական տրամաբանությունն այսքան միանշանակ չէ, ու կարելի է
հիշել եւ հակառակ բազմաթիվ օրինակներ, երբ պատերազմական հաղթանակը բերում է
բռնապետությունների ոչ թե թուլացմանը, այլ ամրապնդմանը: Սակայն կարեւորն այն է, որ
ազատագրական պատերազմներում (որոնք սովորաբար վարում են աշխարհազորային սկզբունքով
կազմված բանակները, այսինքն` դրանց մեջ ընդգրկվում են ժողովրդի լայն խավերը) տարված
հաղթանակների հիմնական միտումը կայանում է նրանում, որ հաղթանակած երկրի ներսում
հասունանում է ժողովրդավարական, հանրապետական, ազատ կարգերի պահանջարկը: Եւ սա
բնական տրամաբանական շղթա է. ազատագրական պատերազմ, ժողովրդական բանակ,
համաժողովրդական հաղթանակ` ազատության ձգտում, ժողովրդավարական, հանրապետական
կարգեր: Բնական է եւ հակառակ տրամաբանական շղթան. բռնակալությանը պետք են հլու
հպատակներ, եւ հետեւաբար` բռնակալության տեսակետից ներքին վտանգ է ներկայացնում
ազատագրական պատերազմում հաղթանակած ժողովրդի կոլեկտիվ հոգեբանությունը: Հաղթանակն
այս
դեպքում ոչ միայն կարգախոս
է, այլեւ գաղափարախոսություն` ազատության գաղափարախոսություն: Հետեւաբար դա իրոք,
որոշ իմաստով, "նյարդալեզվաբանական" զենք է: Խնդիրը նրանում է, որ "նյարդալեզվաբանական
զենքի" վարկածի հեղինակներն իրենց ներքին բնազդի տեսակետից ճիշտ են: Գիտությանն էլ
հայտնի է, որ պարանոիդալ այդպիսի դրսեւորումները, որոնց շարքին էլ պատկանում է այդ
վարկածը, իրենց ներքին տրամաբանության տեսակետից կուռ են եւ անթերի: Տվյալ դեպքում
մարդիկ, իրենք էլ չգիտակցելով իրենց արածը, պարզապես մատնել են իրենց իրական
աշխարհայացքը, իրական կարգախոսը եւ այն հեռանկարը, դեպի որը նրանք տանում են
Հայաստանը` "Հաղթանակի" հակառակը` "Պարտություն": Նրանք մատնում են նաեւ իրենց ով
լինելը. դա հիմնականում այն մարդիկ են, որոնք դեռ 80-ականներից հակառակ են եղել
Շարժման եւ անկախության գաղափարներին, հետեւաբար` հոգեբանորեն նաեւ խորթ են
հաղթանակի ազատարարական արժեքին: Սա հայի` դեռեւս չհաղթահարված այն ճորտ տեսակն է,
որի համար Հաղթանակը որպես ազատ մարդու ազատ կամքի գերագույն դրսեւորում օտարոտի մի
երեւույթ է, եւ որոնք չեն հավատում, որ հայն ի զորու է ինքնուրույն ապրելու եւ
ինքնուրույն հաղթելու, հետեւաբար նաեւ ինքնուրույն ընտրելու: Այս կետում համընկնում
են Հաղթանակը եւ ազատ ընտրության իրավունքը` երկուսն էլ որպես կամքի ազատության
դրսեւորումներ:
Եւ
պատահական չէ, որ ընտրություններից դեռ ամիսներ առաջ Հայաստանի
առաջին
քաղբանտարկյալներ լինելու պատվին վարչակարգն արժանացրեց "Կամավորականների շարժման"
եւ "Ազատագրական տարածքների պաշտպանության" կազմակերպության առաջնորդ, Շուշվա
գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանին, ապա եւ նրա մարտական ընկեր Վարդան
Մալխասյանին,
ընդ որում` հատկանշական
մեղադրանքով` պետական հեղաշրջման փորձ, այսինքն թե` կամավորներն ու ազատամարտիկները
ավազակապետության տեսակետից համար մեկ վտանգն են ներկայացնում: Իսկ հետմարտիմեկյան
Հայաստանում արդեն ազատամարտիկներին եւ երկրապահ-կամավորականներին քաղբանտարկյալի
վերածելու գործընթացը դարձել է առօրյա: Հիմա մենք արդեն ունենք տասնյակից ավելի
անուններից բաղկացած ցուցակ, եւ սա դեռ սկիզբն է. չէ՞ որ մեզ խոստացել են, որ այս
երկրում "ոչ մի մաուզերիստ" ազատ չի մնալու: Եւ ուրեմն, եթե նույնիսկ զուտ
քաղաքական գործիչների
նկատմամբ
ռեպրեսիաները թուլանան, ազատագրական պատերազմում հաղթած տղերքի "հարցերը լուծված են"
համարվում, եւ պիտակավորող անվանումն էլ գտնված է. սովետական գաղափարախոսության
ժանգոտած զինանոցից հանված է "մաուզերիստ" բառը: Եւ հատկանշական է, որ միայն սոսկ
բռնելով չեն սահմանափակվում: Խնդիրը նրանում է, որ նույնիսկ եթե ազատամարտիկը
հանցանք է գործել, եւ պետությունը անհրաժեշտություն է գտնում նրան մեկուսացնել,
վերջինս պարտավոր է անել ամեն ինչ, որպեսզի կամավորական զինվորի կերպարը նվաստացած
չլինի հասարակության աչքերում: Բայց նվաստացնում են: Հատուկ եւ մտածված կերպով: Վկա`
Սասուն Միքայելյանի ձերբակալման կադրերը Հանրային հեռուստատեսությամբ:
Հ.Գ. Ի դեպ, ինձ թվում է,
որ ես կարողացել եմ կռահել, թե կոնկրետ ով է "նեյրոլինգվիստիկ զենքի" վարկածի
հեղինակը: Լայն հասարակությանն այդ մարդը հայտնի չէ, բայց ես բավական ժամանակ
աշխատել եմ նրա հետ եւ գիտեմ նրա ոճն ու մտածողությունը: Անունը չեմ հայտնի
ընթերցողին, նախ` քանի որ համոզված չեմ մինչեւ վերջ, որ հենց ինքն է, երկրորդն էլ`
զուտ մարդկային պատճառներով: Բայց կարծում եմ` նա այժմ այս տողերը կարդում է եւ
հասկանում է, որ ակնարկը հենց իրեն է ուղղված: Եթե դա իրոք այդպես է, ապա ես վերջին
հույսի կոչով դիմում եմ իրեն, որպեսզի մի պահ նա վերացարկվի իր ներկա կարգավիճակից
եւ հիշի, թե ինչպիսի գնահատականներ էր նա տալիս ներկա իշխանությանը 2003-ի
ընտրությունների ժամանակ, եւ հասկանա, որ այսօրվա պայքարը նույնպես որեւէ օտար ուժի
կողմից չի հովանավորվում, այլ մեր հաղթանակած ու արժանապատիվ ժողովրդի մաքուր,
ազնիվ ու բաց պայքարն է` հանուն իր ազատության եւ հանուն իր ապահով ապագայի:
ՀՐԱՆՏ ՏԷՐ-ԱԲՐԱՀԱՄԵԱՆ
This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
|