«Միք ծեծի կնոջը, միք ծեծի աղջկան»

Մարինա Բաղդագյուլյան                                                                                                                                          Ժամանակ Երևան

Ռաֆայել Ղազարյանի կնոջ` Գրեզելդա Ղազարյանի հետ իմ զրույցն սկսվեց բռնապետերի մասին հիշողություններով:

«Ես երեք տարեկան չկայի, բայց իմ մանկական հիշողության մեջ տպավորվել է այն օրը, երբ մեր հարեւանուհին մտավ մեր տուն ու ճչաց. «Մեր հայրը մեռավ»... Տատս, որ շատ գեղեցիկ, բարձրահասակ կին էր, մի ձեռքով բռնեց այդ կնոջն ու դուրս նետեց, թե. «Ջհանդամը մեռնի, գյոռբագյոռ լինի, նա իմ ընտանիքը քայքայեց»...Իսկ իմ Վասակ քեռին Նժդեհի թիկնապահն է եղել, հիշում եմ նաեւ Նժդեհի մասին պատմությունները: 1923 թվականին նրան ամբողջ ընտանիքով աքսորել են Ուզբեկստան: Երբ նրա տղան վերադարձավ Հայաստան, նրան նորից ձերբակալեցին: Վաթսունական թվականներին իմ Վասակ քեռին եկավ, նա կրկին հիացմունքով պատմում էր Նժդեհի մասին: «Նժդեհ» գաղափարն էլ ոչնչացրին. Գալուստ Սահակյանը, ենթադրենք, ինչպե՞ս կարող է Նժդեհի գաղափարախոսության կրողը լինել...

Իմ ամուսնու հայրը, ով Անդրանիկի հրետանավորն էր, 1933 թվականին ձերբակալվում է` երկու որդիներին թողնելով, փաստորեն, որբ: Որդիներից մեկը` Ռաֆայել Ղազարյանը դարձավ ակադեմիկոս, մյուս որդին` Վազգեն Ղազարյանը իր մեծ ներդրումն է ունեցել Խորհրդային Միությունում եւ արտասահմանում ատոմակայաննների եւ ջերմակայանների կառուցման հարցում: Այսօր նրանց Հայաստանում չեն հիշում: Ավելին` մարտի մեկին նպատակադրված սպանում էին Ռաֆայել Ղազարյանի կնոջն ու աղջկան»:

Մարտի 1-ին, ժամը 10-ին, իմանալով կատարված սպանդի մասին, Ղազարյանները շտապում են Ազատության հրապարակ: Այնտեղ այլեւս ոչ ոքի թույլ չէին տալիս մտնել: «Կանգնել էինք Մաշտոցի պողոտայում, չգիտեինք` ինչ անել, ուր գնալ: Գնացինք Մյասնիկյանի արձանի մոտ: Արդեն ժամը 20-ն էր, երբ աղջիկս ուտելիք էր բերել: Բացեցինք, կերանք միասին. ծանոթ, անծանոթ չկար, 88-ի ոգին էր: Գալիս էին մինչեւ վերջ կանգնելու վճռականությամբ, չնայած գիտեին ինչ է եղել առավոտյան եւ ինչ կարող է լինել»: Ծարավել էին, մի քանի հոգով` կանայք եւ աղջիկներ, շարժվում են դեպի Մաշտոցի պողոտա: «Հասանք անցումի մոտ, մեր ետեւից զինվորները լցվեցին` ժողովրդին բաժանելով երկու մասի եւ սկսեցին հեռացնել միմյանցից»: Տիկին Գրեզելդան սկսում է զրուցել զինվորների հետ, հորդորել, թե` «Այս ի՞նչ եք անում, ախր դուք մեր եղբայրներ եք, այս ի՞նչ եղբայրասպան պատերազմ եք անում: Երկիրը մերն է, պետությունը մենք ենք, միասին պիտի փրկենք, պայքարենք...»... Հանկարծ նկատում է մի սպայի, ով բոլոր միտինգներին, հանրահավաքներին, նաեւ` Ժիրայր Սեֆիլյանի դատավարությանն էր ներկա եղել, ակտիվ ջարդողներից էր: Կինը դառնում է այդ սպային, թե` «Այս «37 թիվն» էլ է վերջանալու, եւ դուք պատասխան եք տալու»: Սպան մոտենում է, մահակի կոթով խփում կնոջ փորին եւ կեղտոտ հայհոյում: Կնոջը ետ են քաշում, այդ պահին սկսվում են կրակոցները: «Մտածեցի` մենք փրկվեցինք, այնտեղ ժողովրդին սպանում են: Էլ ո՞ւմ է պետք մեր կյանքը»: Հետո սաղավարտակիր զինվորներն են վրա տալիս: «Մեր ձեռքին ոչինչ չկար, որ գոնե պաշտպանվեինք, անգամ պայուսակ չունեինք», - պատմում է տիկին Գրեզելդան: Այդ պահին բացվում է Պարոնյան փողոցի շենքի մուտքերից մեկի դուռը, մարդիկ սկսում են ներս մտնել: Բայց Ռաֆայել Ղազարյանի կնոջն ու աղջկան թույլ չեն տալիս ներս մտնել, փրկվել...«Շեմքի վրա ինձ խփեցին ու գցեցին: Գայանեի գլխանոցից քաշեցին ու գցեցին...»... Մայրը չէր զգում, որ իր գլուխը պատռված է, ինքը արյունլվիկ է եւ իր մեջքին ինչ որ մեկը կանգնած է: Միայն իրեն խփող ոտքերի արանքից տեսնում էր գետնին ընկած աղջկան եւ նրան անխնա, վայրենի հարվածող մի քանի զույգ ոտքեր. օրիորդին` հրեշտակի պես նուրբ, քնքուշ աղջկան...

Վահան Շիրխանյանի կինը սկսում է գոռալ` «Ռաֆայել Ղազարյանի կնոջը միք ծեծի, աղջկան միք ծեծի»: Դադարում են կնոջը խփել, բայց աղջկան դեռ ծեծում են: «Միք ծեծի Ռաֆայել Ղազարյանի աղջկան, միք ծեծի»... Սպաներից մեկը կնոջն ու աղջկան քարշ տալով հասցնում է մուտքի դռներից մեկը եւ ներս խցկում նրանց: Ծեծում են բնակարաններից մեկի դուռը, դուռը բացվում է, այնտեղ` երկու տասնյակի չափ քաղաքացիներ, որ կարողացել էին փրկվել սպանդից: Զանգահարում են «Շտապ օգնություն», պատասխանում են, որ չեն կարող մոտենալ, քանի որ ոստիկանները կրակում են մեքենայի վրա: Գրեզելդան ցավից, ամոթից, սարսափից ետ ու առաջ էի շարժվում ու կանչում. «Կազարիկ օգնիր, Կազարիկ, փրկիր` ինձ, աղջկադ, ազգիդ, Կազարիկ...»... Այսպես էր կոչում կինը ամուսնուն: Ամուսնու մահվանից առաջ կինը խնդրել էր նրան, որ եթե ինչ-որ բան ասելու, հասկացնելու լինի, քրոջ` Գայանեի երազներում գա: Համաձայնել էր: Քույրը` Գայանեն, պատմում է, որ հենց այդ պահին ծանր, խորը հառաչ է լսել` Ա~խ... Ո՞վ էր...

Ռաֆայել Ղազարյանը 2007 թվականի մայիսի 9-ին ելույթ ունեցավ Մատենադարանի մոտ ու ասաց. «Գավառական խոպանչիները հոշոտում են այս երկիրը»: Կինն ու աղջիկը հիշում են, որ վերջին օրերին, երբ ուռուցքն իր արմատներն արդեն տարածել էր ակադեմիկոսի ողջ մարմնով, եւ նա այլեւս չէր կարողանում անգամ պառկել, անկողնում նստած` ետ ու առաջ էր շարժվում ու ասում` «Դա հոգեվարք է, ժողովուրդ, դուք չեք հասկանում, դա հոգեվարք է...»...

 Լսեցէք Ռաֆայել Ղազարյանի   խoսքը Խայտառակ Դատավարության կապակցաբար:

 

 







This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
OOPS! You forgot to upload swfobject.js ! You must upload this file for your calendar to work