ԻՆՉՈ՞Ւ ՀԱՂԹԱՆԱԿ 

Կհաղթենք, եթե արժանի ենք: Միշտ չէ, որ հաղթանակը արժանավորին է հասնում:  

“Հայկական Ժամանակ”,

Բայց այս անգամ նա փնտրում է արժանավորին: Կհաղթենք, եթե իրոք ազատություն ցանկացող ժողովուրդ ենք եղել եւ ենք: Կհաղթենք, եթե իրոք ազգ ենք, որը ձգտում է առաջադիմության եւ ձեռքբերումների: Ընտրության օրը շատ բան ցույց կտա: Ովքե՞ր ենք մենք իրապես` մի քանի հազար դրամով իրենց ազատությունը ծախելու պատրաստ կարճամիտնե՞ր, թուրքի ու ռուսի մտրակով դարերով "դաստիարակված" ու իր հոգին իր վախի հետ նույնացրած "միլե՞թ", թե՞ բոլոր "անհաղթահարելի խոչընդոտները" արհամարհած, պատերազմում հաղթանակած ազգ: Պատերազմ եւ ճակատամարտ, որը ոչ միայն ռազմի դաշտում էր, այլեւ շրջափակված Հայաստանի առօրյայում: Պատերազմում հաղթեցինք, բայց չնկատեցինք, թե ինչպես մեր տուն ներս թողեցինք մի օտար հոգի, ինչպես մեր ազատական ոգուց պարտված թուրքի հոգեբանությունը անզգուշորեն ու անհոգաբար բաց թողնված հետեւի դռնից խուժեց մեր տարածությունը, օկուպացրեց Հայաստանի 20, 30, 50... տոկոսը: Մենք չգիտեինք, որ պատերազմը ժողովուրդների շփման հոգեբանորեն ամենաինտենսիվ ձեւերից է, ու եթե հաղթողը կորցնում է զգոնությունը, հեշտությամբ ու իր համար էլ սկզբում աննկատ լիցքավորվում է պարտվածի էներգետիկ դաշտով: Մենք չհասկացանք, որ պատերազմի մեջ մտնելով թուրքի հետ` դարձանք նրա հետ երկվորյակ սիամյան եղբայրներ, ընդունեցինք մեր մեջ նրա "արյան" մի մասը: Դրանում է նաեւ այս կոնֆլիկտից ազատվելու հեռանկարային նպատակի իմաստներից մեկը: Քանի դեռ սառը թե տաք պատերազմի մեջ ենք թուրքի հետ, թուրքական քամիները միշտ փչելու են մեր հայրենիքում, եւ պետք է շատ ուշադիր լինել` նրանցից չվարակվելու համար: Հարցը մեր ու թուրքերի գենետիկայի մասին չէ, գենետիկորեն մենք իրարից այնքան էլ հեռու չենք, մեր հակադրությունը մշակութային է: Մենք հաղթեցինք, որովհետեւ ներքուստ ավելի ազատ ազգերը այլ հավասար պայմանների դեպքում հաղթում են մշակութապես ավելի տհաս` ներքուստ ավելի անազատ ազգերին: Իրենց էությամբ նույնն են մեր երեկվա հաղթանակը թուրքի նկատմամբ եւ վաղվա մեր ներքին հաղթանակը: Միշտ էլ հայտնի է եղել, որ մեծագույն հաղթանակը ինքնահաղթահարումն է: Ավելի հեշտ է ծնկի բերել թշնամուն, քան հաղթանակ տոնել սեփական թուլությունների, թերությունների նկատմամբ: Թուրքի վարքն ու բարքը, նիստն ու կացը, "հատուկ մենթալիտետը", "պրիյոմները", խարդախությունն ու քաղցրիկ կեղծավորությունը, մանր խանի ներքին աշխարհը տիրող է դարձել մեր հայրենիքում: "Թուրքը" յուրաքանչյուրիս ներսում է. դա մեր թերահավատությունն է, մեր վախն է, մեր ընկճվածությունն է: Թուրքը, ըստ հայկական պատկերացումների, միշտ էլ եղել է ոչ այնքան գենետիկա, այլ մշակույթի եւ վարք ու բարքի հատուկ մի համակարգ, որը հակադիր է իդեալական հայկականին: Դրա համար հակաթուրքական պայքարի մակերեսային մի մասն է միայն "արտաքին" թուրքի հետ պատերազմը: Ավելի կարեւոր է ոչնչացնել "թուրքին", "քիրվային" յուրաքանչյուրիս մեջ: Երեւանն ու Հայաստանը շատ միամիտ էին եւ չգիտեին, որ հաղթանակ բերող պատերազմը իր մեջ պարունակում է պարտված թուրքի աննկատ ներքին հոգեբանական ռեւանշի վտանգ: Այս` այլեւս ակնհայտ վտանգի նկատմամբ էլ մենք պետք է հաղթանակ տանենք` Ղարաբաղյան շարժման սկզբից ուղիղ 20 տարի անց:

Երբեք անկախ ՀՀ-ի պատմության մեջ ընդդիմությունն ու ժողովուրդն այսքան մոտիկ չեն եղել հաղթանակին: Երբեք ընտրություններից դեռ մի շաբաթ, մի ամիս, մի քանի ամիս առաջ այսքան հզոր հանրահավաքներ չեն եղել (ամենահուժկու հանրահավաքները եղել են ետընտրական շրջանում): Երբեք ընտրություններից առաջ իշխանամետ կուսակցություններից ու կառույցներից արտահոսք չի եղել դեպի ընդդիմադիր դաշտ: Այսօր արդեն մեր կողքին են ոչ միայն ԲՀԿ-ից դուրս եկածները, այլեւ ՀՀԿ-ից, ՀՅԴ-ից իսկ: Եւ սա պատահական չէ: Սա ցույց է տալիս տվյալ ընտրությունների իսկական էությունը: Իսկ այդ էությունը նրանում է, որ խոսքը ոչ թե սովորական քաղաքական մրցակցության մասին է, այլ ազգային համախմբման: Ամենատարբեր գաղափարներով մարդիկ միավորվում են մեկ` տվյալ պահին անժխտելիորեն գերիշխող ազգային նպատակի շուրջ, որը վեր է բոլոր տեսակի գաղափարական եւ քաղաքական տարաձայնություններից: Լա՞վ է սա, թե՞ վատ, նորմա՞լ է, թե՞ ոչ: Իհարկե, ազգային համախմբումն ամեն օր չի լինում, չի կարող եւ չպետք է ամեն ընտրություններից առաջ քաղաքական ակտուալ խնդիր դառնա: Նորմալ, սովորական պայմաններում այն պետք է լինի ոչ մեկի կողմից առանձնապես չարծարծվող, բայց բոլորի կողմից լռելյայն ընդունվող ֆոն, որի համատեքստում էլ ընթանում է տարբեր քաղաքական եւ այլ ծրագրերի մրցակցությունը: Այսինքն` կա սկզբունքների մի փաթեթ, որի շուրջ բոլորը համաձայն են, ասենք` օրենքի գերակայություն, սահմանադրական կարգ եւ այլն, բայց որոնց կոնկրետ մեխանիզմների շուրջ տարբեր խմբեր ունեն տարբեր կարծիքներ: Մեզ մոտ, սակայն, այսօր այդ վիճակը չէ. կա փոքրամասնություն կազմող մարդկանց մի խումբ, որը վեր է դասում իրեն այդ ընդհանուր սկզբունքներից: Այդ պատճառով էլ քաղաքացիական առողջ բնազդը մղում է այսօր հայաստանցիներին դեպի վերգաղափարական լայն ճակատի ստեղծումը: Եւ կարելի է միայն հպարտանալ այս ժողովրդով, որը նորից ու նորից վերահաստատում է իր ձգտումը դեպի իր երազած ազատ ու անկախ Հայաստանը: Ներկա հանրահավաքային ալիքի ազգային համախմբվածություն լինելու էությունը ինձ համար վերջնականապես պարզ դարձավ, երբ վերջին հանրահավաքի ընթացքում տեսա մեր գրողների` Վարուժանի, Սեւակի, Չարենցի եւ, եթե ճիշտ եմ նկատել, Ավետիս Ահարոնյանի պատկերներով մի քանի պաստառներ: Ազգագրագետները կհասկանան ասածս: Երբ մարդիկ դուրս են գալիս նման պաստառներով, նշանակում է` նրանք ընկալում են իրենց պայքարը ոչ թե որպես պայքար հանուն այս կամ այն քաղաքական մասնավոր գծի, ոչ թե հանուն այս կամ այն անձի, այլ որպես պայքար հանուն համազգային արժեքների: Այս պաստառները լավագույն նշանն էին, որ 2008-ի հանրահավաքներն ուղիղ ժառանգում են ոչ միայն 1988-ին, այլեւ 1965-ի ապրիլյան հանրահավաքին, ուր նույնպես մարդիկ դուրս էին եկել Վարուժանի եւ այլոց պաստառներով: Այսօր տեղի ունեցողը ոչ թե նախընտրական, այլ անկախության պայքար է, եւ ով դեռ ամեն գնով փորձում է չտեսնել այս իրողությունը, նա դատապարտում է ինքն իրեն քաղաքական չգոյությանը ապագայում: Իհարկե, լավ չէ, որ անկախության 16-րդ տարում դեռ ստիպված ենք անկախության հիմնարար հարցեր լուծել, լավ չէ, որ ազգային համախբվածության մեթոդի ծանր հրետանուն ենք դիմում ներքին ճակատում, բայց փաստը մնում է փաստ, որ դա այդպես է, եւ այլ կերպ հնարավոր չէ այսօր: Երբեք այսքան պարզ չի եղել Հայաստանում լույսն ու ստվերը, երբեք այսքան պարզ չի եղել, թե ով ինչ արժե, ում խոսքերն ինչ գին ունեն: Երբեք այսքան բացահայտ չի եղել բեւեռացումը: Երբեք հանրահավաքների մասնակիցների կազմը այսքան երիտասարդ չի եղել: Ես չեմ ուզում տպավորություն ստեղծել, թե թերագնահատում կամ մոռանում եմ 2003-ը, 2004-ը, 2007-ը: Ո՛չ, ինձ համար այդ բոլոր տարեթվերը միշտ էլ ապացույց են եղել, որ չնայած բոլոր խոսակցություններին, ՀՀ հասարակության միջուկն առողջ է, որ մեր ժողովուրդը շատ լավ տարբերում է սուտն ու ճիշտը, որ Հայաստանի բնակիչների "հատուկ մենթալիտետի" մասին ստոր, ես կասեի` ռասիստական (ռասիստական, որովհետեւ ենթադրվում է, որ աշխարհի ժողովուրդները բաժանվում են ժողովրդավարությանը ընդունակների եւ ոչ ընդունակների` "հատուկ մենթալիտետի" կրողների), գաղութատիրական տեսությունը զրպարտություն է, որ սովետական ԿԳԲ-ից ժառանգած` ժողովրդի որպես մութ ու տգետ նախիրի մասին պատկերացումները չեն դիմանում իրականության փորձությանը, որ շահագործելով քարոզչական ամենահմուտ տեխնոլոգիաներն իսկ` չես կարող ՀՀ քաղաքացիների մեծ մասին համոզել, որ մածունը սեւ է: Բայց կարծում եմ, որ եթե մենք չհաղթեցինք այն տարիներին, ուրեմն հետադարձ հայացք գցելով` պետք է փնտրենք նախ եւ առաջ մեր սեփական թերացումները: Ինչեւէ, մեր այս տարվա հաղթանակը, անշուշտ, լինելու է բոլոր այդ տարիների պայքարի արդյունքը: Անկախ իրենց անհաջող ավարտից, այդ բոլոր թվերի հանրահավաքային շարժումները մի կարեւոր գործառույթ են կատարել` պահելով դեռեւս 60-ականների Երեւանի ընդերքում ծնված բարձր քաղաքացիական ակտիվության ոգին, չթողնելով, որ այդ ավանդույթը մարի, եւ էստաֆետը փոխանցել են 2008-ին: Այսօր բաց են դռները, ջինջ է դառնում օդը, ժպտում է երկինքը, արեւի ճառագայթը երեւում են ամպի ետեւից, նորից ճանաչելի է դառնում երբեմնի երեւանյան մթնոլորտը: Ի հեճուկս մեր հակառակորդների, մեզ միավորողը սերն է, ոչ թե ատելությունը: Եւ ի դեպ, այդ երկուսը իրարից անպակաս են: Ով սիրում է ճշմարտությունը, չի կարող չատել կեղծիքը, ով անտարբեր չէ արդարության նկատմամբ, չի կարող չվիրավորվել, երբ դա ոտնահարվում է, ով սիրում է իր հայրենիքը, չի կարող չատել իր երկիրը ալիեւյան խանության վերածող ընթացքը, ում համար նվիրական է ՀՀ անկախությունը, ով հուզվում է ՀՀ օրհներգը լսելուց, ով ցանկանում է իր երկիրը տեսնել առաջադիմող ու արժանապատիվ ազգերի շարքում, նա չի կարող չվրդովվել` տեսնելով այդ ամենին խոչընդոտող համակարգը: Ով ունի իր "հանուն"-ը, իր վճռական "այո"-ն, նա չի կարող չունենալ իր "դեմ"-ը, եւ իր վճռական "ոչ"-ը: Ուրեմն` մենք չպետք է ամաչենք ո՛չ մեր սիրուց, որը մեզ համախմբող գլխավոր ուժն է, ո՛չ էլ մեր ատելությունից, որը մեր սիրո ուղիղ հետեւանքն է: Ատելություն ոչ թե անձերի նկատմամբ (ծիծաղելի կլիներ ատել, ասենք, Սերժ Սարգսյանին. ի վերջո, ատելությունը լուրջ էմոցիա է, զգացմունք մարդու նկատմամբ, իսկ Սարգսյանի խնդիրն էլ ոչ թե նրանում է, որ նա բոլորիցս վատն է կամ բոլորիցս լավն է, այլ այն, որ նա ակնհայտ իր տեղում չէ), այլ ատելություն երեւույթների նկատմամբ: Իսկ նրանք, ովքեր ծանոթ չեն այս 2 զգացումներին, խորհուրդ կտայի կարդալ Ավետարանի հետեւյալ խոսքերը. "Պարտ էր քեզ ցուրտ լինել կամ ջերմ: Այլ դու գաղջ ես եւ ո՛չ ջերմ եւ ո՛չ ցուրտ` հանդերձեալ ես փսխել ի բերանոյ իմմէ": Երբեք այսքան մոտ չենք եղել հաջողությանը: Միակ բանը, որ այսօր մեզ պետք է հիշել, ոգեւորության մեջ սահմանը չանցնելն է, հիշելն է այն փաստը, որ ավելի լավ է գերագնահատես հակառակորդիդ, քան թերագնահատես, գիտակցումը այն փաստի, որ առջեւում դեռ ամենալուրջ աշխատանքն է ու վճռական պահերը, իսկ մյուս կողմից` նրա, որ, միեւնույնն է, ցանկացած արդյունք վերջնականապես հասանելի կդառնա միայն Աստծո կամոք: Իսկապես, աննախադեպ են մեր այսօրվա հաջողությունները, բայց, ի վերջո, կան նաեւ գործոններ, որոնք մարդկային կամքից վեր են, պատճառահետեւանքային կապեր, որոնք հասկացվում են միայն տարիներ կամ տասնամյակներ հետո, բայց որոնք կարելի է կանխազգալ նախօրոք` տրամաբանական հիմնավորումը ձեռքի տակ դեռ չունենալով: Եւ հիմնվելով այդ տիպի կանխազգացմանս վրա` կարող եմ ասել, որ եթե մենք այսօր պարտվենք, ապա մի քանի տարուց (1, 5, 10, 15... էական չէ) կկորցնենք ե՛ւ ԼՂ-ն, ե՛ւ ՀՀ անկախությունը, իսկ եթե հաղթենք, գուցե արդեն մեր սերնդի առջեւ այնպիսի հեռանկարներ բացվեն, որոնք այսօր զառանցանք կարող են թվալ: Երբ մի դուռ է բացվում, դրա հետ սովորաբար միանգամից մի քանիսն էլ են բացվում, եւ հնարավոր է, որ ճակատագիրը մեզ նվերներ է պատրաստել, որոնց մենք տեղյակ չենք: Իսկ եթե օրերից մի օր էլ իրականանա մեր ազգային իղձերից մեկը, եւ տեսնենք ՀՀ-ին միավորված Արեւմտյան Հայաստանը, դա կլինի ոչ թե անպտուղ երազանքների եւ թուրքերի հետ տղայական քյալա տալու, այլ այս իրական, ոչ երազային ՀՀ-ն իր բոլոր դարդ ու ցավերով, իր առօրյա ոչ ռոմանտիկ հոգսերով, իր իրական ժողովրդով, սիրելու, նրան զարգացնելու, նրա հողի վրա աշխատելու, հանուն իրական հողի իրական շահերի վարվող ռեալիստական քաղաքականության արդյունք: Ոչ թե երազանքը պետք է մոռանալ հանուն իրապաշտության, այլ երազանքը ինքնանպատակից դարձնել իրականությունը ծաղկեցնելու գործիք: Բայց այս ամենը` արդեն հաղթանակից հետո:

ՀՐԱՆՏ ՏԷՐ-ԱԲՐԱՀԱՄԵԱՆ

 










This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
OOPS! You forgot to upload swfobject.js ! You must upload this file for your calendar to work