Ո՞վ էր սպառնում ՀՀ սահմանադրական կարգին

Գ. Ա.

Ժամանակ Երևան

Մեր սերունդը յուրովի դժբախտ ու յուրովի երջանիկ սերունդ եղավ: Մեծ հաշվով մեր կյանքի լավագույն տարիները անցան հեղափոխական եռուզեռների ու փլուզվող համակարգերի միջով:

Մի կողմից սա տխուր է, որովհետեւ չես կարողանում լիարժեք տրվել անհոգ կյանք վայելելու շատ բնական մղումին, մյուս կողմից` տողերիս հեղինակը իրեն երջանիկ է համարում, որ տեսել է 1988 եւ 2008 թվականների հեղափոխական ռոմանտիզմը, ժողովրդի հուժկու ուժը, որ տասնյակ սերունդներ ապրում են ու չեն տեսնում: Մենք տեսանք, թե ինչպես փլուզվեց խորհրդային համակարգը, տեսանք հայոց պետ ու պետականության ծնունդը, տեսանք, թե ինչպես պատմության մեծագույն մի անհատ հայտարարեց, որ հեռանում է իշխանությունից, քանի որ երկրում որոշ մարդիկ չեն հավատում իրեն ու իր ծրագրերին, տեսանք անկախ Հայաստանում ռազմա-ֆեոդալական նոր համակարգի ձեւավորումը եւ հիմա տեսնում ենք դրա կործանումը: Ու, եթե մեկը հաշվի առնելով մեր անցած կյանքի ուղին հարցնի, թե պետությունները ինչից են կործանվում, ես կպատասխանեի. «Ստից ու կեղծիքից: Կործանվում է այն ժամանակ, երբ պետությունը սկսում է խաբել իր քաղաքացուն»:

Մարտի 1-ի դեպքերի անհրաժեշտությունը հիմնավորելու համար իշխանական քարոզչամեքենան, պետության ամենաբարձր դեմքերի մասնակցությամբ, փորձում է մարդկանց համոզել, իբր վտանգված էր երկրի սահմանադրական կարգը, իբր վերականգնել են երկրի սահմանադրական կարգը եւ այլն: Սա ոչ միայն սուտ է, այլ հանցավոր խաբեություն: Մի հայացք նետենք ՀՀ Սահմանադրությանը ու տեսնենք, թե ինչո՞վ էին խաղաղ ցուցարարները սպառնում երկրի սահմանադրական կարգին:

Մեր երկրի Սահմանադրության «Սահմանադրական կարգի հիմունքների» առաջին հոդվածում ասվում է. «ՀՀ-ն ինքնիշխան, սոցիալական, իրավական պետություն է»: Խաղաղ ցույցերը ոչնչով չէին սպառնում պետության ինքնիշխանությանը, չէին պահանջում սոցիալական հենքի փոփոխություն, ասենք` անցում դեպի պետական սեփականության ձեւին: Պետության իրավական ատրիբուտին ոչ միայն չէին սպառնում, այլ միայն հաստատում էին դրա գոյությունը:

Երկրորդ հոդվածում ասվում է, որ «Իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունը իրականացնում է ազատ ընտրությունների միջոցով»: Այնուհետեւ շարունակում. «Իշխանության յուրացումը որեւէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է»: Դատեք ինքներդ` հրապարակում հավաքվածների ազատ ընտրության սահմանադրական իրավունքը ոտնահարել էին, եւ նրանք պահանջում էին վերականգնել այն: Պահանջում էին նոր, ազատ, արդար ընտրություններ: Այս պահանջը սահմանադրական կարգին սպառնու՞մ էր: Բնականաբար` ոչ: Դեռ ավելին` իշխանական վերնախավում գտնվող մի խումբ հանցագործություն է կատարել` խախտելով Սահմանադրությունը յուրացրել է իշխանությունը` ընտրությունների արդյունքները կեղծելու միջոցով: Եթե նախագահը նրանց մեջ չէր, նա պետք է պատժեր առաջին հերթին այդ անձանց:

Հոդված երրորդում ասվում է. «Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները եւ ազատությունները բարձրագույն արժեքներ են»: Ազատության հրապարակում հավաքված ժողովուրդը պաշտպանում էր ՀՀ Սահմանադրության բարձրագույն արժեքները` իր արժանապատվությունը, հիմնական իրավունքները եւ ազատությունները: Հոդվածում նաեւ ասվում է. «Պետությունը սահմանափակված է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներով եւ ազտություններով` որպես անմիջականորեն գործող իրավունք»: Հետեւաբար ոչ թե ցուցարարներն են սպառնացել պետության սահմանադրական կարգին, այլ նրանց վրա ձեռք բարձրացնողները: Նրանք պետական հանցագործներ են եւ պետք է դատվեն այդ հոդվածով:

 







This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
OOPS! You forgot to upload swfobject.js ! You must upload this file for your calendar to work