Կոչ են արել վերացնել արտակարգ դրությունը

ԱՄՆ-ի Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը եւ Ջո Նոլենբերգը մարտի 1-ին եւ լույս 2-ի գիշերը Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ նախօրեին հանդես են եկել հայտարարությամբ:

Դրանում, մասնավորապես, նշվում է.

«
Որպես Կոնգրեսի Հայկական հարցերով խմբի համանախագահներ` մենք խորապես վշտացած ենք մարտի 1-ին Երեւանում տեղի ունեցած անկարգություններով եւ մեր անկեղծ կարեկցանքն ենք հայտնում այդ միջադեպերից բոլոր տուժածներին: Կոչ ենք անում բոլոր կողմերին գտնել այս ճգնաժամի խաղաղ լուծումը` հանուն կայուն ու ժողովրդավարական Հայաստանի»:

Ամերիկայի հայկական համագումարի հաղորդագրության համաձայն, Ֆրենկ Փալոնը եւ Ջո Նոլենբերգը նաեւ արտակարգ դրությունը վերացնելու կոչով դիմել են Հայաստանի իշխանություններին: «Այս դժվարին պահին օրենքի գերակայության ու իրավական մարմինների անկախության ապահովումը, ինչպես նաեւ իրադարձությունների ճշգրիտ լուսաբանումը մամուլում անչափ կարեւոր են` հասարակական կարգ ու կանոնը վերահաստատելու համար: Մենք համոզված ենք, որ քաղաքական երկխոսության մեջ ներգրավումն ու ազգն առաջ ուղղորդելու պատասխանատվության ցուցադրումը լավագույն ուղին են բոլոր շահագրգիռ կողմերի համար»,- ասված է հայտարարության մեջ:







This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
OOPS! You forgot to upload swfobject.js ! You must upload this file for your calendar to work