Դատախազություն են հրավիրվել Ստեփան Դեմիրճյանն ու Ռուզան Խաչատրյանը

Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, այսօր դատախազություն են հրավիրվել ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանն ու ՀԺԿ վարչության անդամ Ռուզան Խաչատրյանը:

 Ինչպես «Ազատության»-ը ասել է  Ռուզան Խաչատրյանը, իրեն հրավիրել էին նախագահական ընտրություններին հաջորդած, մասնավորապես` մարտի 1-ի եւ մարտի լույս 2-ի գիշերվա իրադարձությունների փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննության` «առայժմ, համենայն դեպս, իբրեւ վկա»: «Նախ` անընդհատ պնդում էին մասնակցությունը «ապօրինի»` ինչպես իրենք էին արտահայտվում, հանրահավաքներին, երթերին եւ այլն: Ես հակադարձում էի, որ Սահմանադրությամբ հռչակված է ազատ երթերի եւ հանրահավաքների, զանգվածային միջոցառումների իրավունք, եւ ես իրականացրել եմ իմ իրավունքը, իսկ «ապօրինի հանրահավաք» հասկացություն Հայաստանի օրենքում չկա: Բացի այդ, հետաքրքրվում էին` որ օրը որ ժամին որտեղ եմ եղել, ինչ եմ տեսել: Պնդում էին, որ զանգվածային անկարգություններ, սպանություններ, ինչպես այնտեղ հարցը ձեւակերպված էր, զենքի կիրառում եւ այլն: Ես պատասխանեցի, որ ես այդպիսի բաներ չեմ տեսել, հետո մամուլից եմ իմացել, որ ինչ-որ անկարգություններ են եղել Մաշտոցի պողոտայում, բայց հանրահավաքը տեղի է ունեցել Ֆրանսիայի դեսպանատան մոտ: Այնտեղ որեւէ այդպիսի բան չի եղել: Բայց երկու դրվագ, ինչին ականատես եմ եղել, ես մեջբերեցի: Առաջինը` ցերեկվա ժամերին ոստիկանության մեքենան թափով մխրճվեց ցուցարարների մեջ, եւ հետո մենք իմացանք, մեզ տեղեկացրեցին քաղաքացիները, որոնք երկու հոգու տարել էին հիվանդանոց` մի կնոջ եւ մի տղամարդու, նրանք ենթարկվել էին վրաերթի, ինչը ոստիկանությունը որեւէ կերպ չի ուզում ընդունել: Եվ եւս մեկ դրվագ, երբ ցուցարարների մի խումբ բերեցին տոպրակ, որի մեջ շշեր էին բենզինով լցված, եւ ասացին, որ առգրավել են այդ տոպրակը ոստիկանության մեքենայից»,- ռադիոկայանին պատմել է Խաչատրյանը: Խաչատրյանի խոսքերով, հարցաքննությունը տեւել է չորս ժամ: «Երբ ես այնտեղ էի, հարցաքննության եկավ նաեւ Ստեփան Դեմիրճյանը իր փաստաբան Աշոտ Սարգսյանի ուղեկցությամբ», - պատմել է Ռուզան Խաչատրյանն ու հավելել. - «Ասեմ, որ ինձ հարցրեցին նախապես` ուզո՞ւմ եմ փաստաբան, թե՞ոչ: Ես պատասխանեցի, որ այս պահին փաստաբանի կարիք չունեմ, հետագայում, եթե պետք լինի, կհրավիրեմ»: Ինչպես նշում է «Ազատությունը», Խաչատրյանի հետ հարցազրույցի պահին Ստեփան Դեմիրճյանը դեռ դատախազությունում է  եղել:

 

 

 

 







This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
OOPS! You forgot to upload swfobject.js ! You must upload this file for your calendar to work