|
Ալեքսանդր
Իսկանդարյան. "Սոցիալապես ակտիվ հասարակությունը շոկային վիճակի մեջ է"
azatutyun
Կովկասյան
լրատվամիջոցների ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի գնահատականով,
Հայաստանում այժմ սոցիալապես ակտիվ հասարակությունը շոկային վիճակի մեջ է, ինչին
մեծապես նպաստում է տեղեկատվական շրջափակումը: Առաջնային խնդիրը, ըստ քաղաքագետի,
այդ շոկից դուրս գալն է:
Ալեքսանդր Իսկանդարյանի գնահատականով իշխանության վերջին օրերի
հայտարարություններից զգացվում է, որ նրանք էլ գիտակցում են, որ "հասարակության մեջ
կա հսկայական ճեղք":
"Հասարակության մեջ կա դժգոհության մեծ հիմք, որ ոչ մի տեղ չի չքացել", - "Ազատություն"
ռադիոկայանի հետ զրույցում այսօր ասաց Իսկանդարյանը: - "Լեւոն Տեր-Պետրոսյանը
կարողացավ տալ հասարակությանը իր սոցիալական դժգոհությունը արտահայտելու համար
քաղաքական խողովակ: Նա միավորեց հասարակության մեջ առկա տարբեր տեսակի
դժգոհութունները: Այս դժգոհությունը հասարակության մեջ ոչ մի տեղ չի չքացել: Ալիքի
համար միլիոնավոր մարդիկ պետք չեն, այն մի քանի տասնյակ հազար մարդը, որ կարող են
լարվածության մեջ պահել երկիրը, կան, եւ նրանք ծայրահեղականացված են":
"Ում ուզում ես ձերբակալիր, ում ուզում ես հեռացրու, ում հետ ուզում ես
պայմանավորվիր, ինչ կերպ ուզում ես կարգավորիր իրավիճակը, բայց երբ ունես չոր խոտի
մեծ դեզ՝ ինչ-որ մեկից լուցկին խլելով հարցը չես լուծում, դեզը միմեւնույն է մնում
է", - նշեց քաղաքագետը:
Ընդ որում, Ալեքսանդր Իսկանդարյանի գնահատականով, եթե ընտրություններում հաղթեր
Լեւոն Տեր-Պետրոսյանը, որոշ ժամանակ անց դժգոհության այդ նույն պոտենցիալը դարձյալ
ի հայտ էր գալու:
Եվ այստեղ խնդիրը, ըստ քաղաքագետի, ոչ միայն այն է, թե ինչպես են անցել
ընտրությունները. - "Խնդիրն այն, է որ անհրաժեշտ է, որ երկրում ձեւավորվի քաղաքական
միջավայր, որտեղ մարդիկ կարողանան իրենց դժգոհությունը եւ ցանկությունները
արտահայտել":
Հարցին, թե
պատրա՞ստ է արդյոք հասարակության այն հատվածը, որ մինչեւ մարտի 1-ը Ազատության
հրապարակում էր, վերադառնալ այնտեղ արտակարգ դրության ավարտից հետո, Իսկանդարյանը
պատասխանեց, թե "դրա պոտենցիալը կա":
Իրավաբան Հրայր Թովմասյանը "Ազատություն" ռադիոկայանի հարցին, թե զուտ իրավական
տեսանկյունից ի՞նչ է հնարավոր ակնկալել արտակարգ դրության ավարտից հետո եւ արդյո՞ք
հանրահավաքները կարող են շարունակվել, արձագանքեց. - "Արտակարգ դրության ավարտից
հետո բոլոր սահմանափակումները, ըստ էության, վերանալու են: Ցանկացած նման
սահմանափակում կլինի մեր գործող օրենքների խախտում":
This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
|