Ընտրակեղծիքները եւ բռնությունները պետք է խստորեն դատապարտվեն

Ժամանակ Երևան

Արմեն Գրիգորյան

Հայտնի է, որ փետրվարի 19-ի աննախադեպ ընտրակեղծիքներով եւ բռնությամբ ուղեկցված ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ տասնօրյա բողոքի ցույցերի ընթացքում բռնության որեւէ դեպք չի եղել, մեկ ապակի էլ չէր կոտրվել անգամ, երբ Երեւանի փողոցներով կես միլիոնանոց մարդկային բազմություն էր անցել:

Իհարկե, իշխանությունների կողմից եղել են սադրիչների ներդրման փորձեր, բայց դրանք կանխվում էին ցուցարարների կողմից: Իշխանությունների համար օրեցօր ավելի դժվար էր դառնում վերահսկել իրադրությունը. Երեւանում ընթացող բողոքի ցույցերին սկսել էին ավելանալ Հայաստանի այլ քաղաքներում անցկացվող հանրահավաքները, որոնք, ի դեպ, կազմակերպվում էին առանց հայտնի քաղաքական գործիչների մասնակցության: Ստեղծվել էր մի իրավիճակ, երբ Ռ.Քոչարյանը եւ Ս.Սարգսյանը չէին կարող վստահ լինել, որ բողոքի զանգվածային ցույցերի ուղեկցությամբ Սահմանադրական դատարանի նիստեր անցկացնելու դեպքում նրանք կստանային իրենց անհրաժեշտ որոշումը: Չնայած Ռ.Քոչարյանի պաշտոնավարման ընթացքում Սահմանադրական դատարանի անդամների մեծամասնությունը ենթարկվել է իր ցանկություններին` աննախադեպ ընտրակեղծիքների առկայությունը եւ զանգվածային բողոքները կարող էին նպաստել Լ.Տեր-Պետրոսյանի հայցադիմումի բավարարմանը: Ռ.Քոչարյանի եւ Ս.Սարգսյանի հաշվարկով` Սահմանադրական դատարանի նիստերն արտակարգ դրության պայմաններում անցկացնելով ավելի հեշտ կլիներ ստանալ իրենց համար ցանկալի որոշումը, իսկ քաղաքացիներն իրենց բողոքն արտահայտելու հնարավորություն չպիտի ունենային:

Ինչու՞ շաբաթ, մարտի 1-ի առավոտն ընտրվեց Երեւանի Ազատության հրապարակում հավաքվածների դեմ ոստիկանական գործողության համար: Գործոններից մեկը հավանաբար իշխանությունների ձգտումն էր` նվազագույնի հասցնել կատարվածի մասին տեղեկատվության տարածումը: Շաբաթ օրվա թերթերն արդեն տպագրված էին եւ ուղարկվել էին տարածողներին, իսկ կիրակի եւ երկուշաբթի թերթեր չէին տպագրվելու, «Ազատություն» ռադիոկայանը հանգստյան օրերի առավոտյան լրատվական թողարկումներ չի հեռարձակում: Բացի այդ, նախատեսվում էր, որ շաբաթ եւ կիրակի օրերին հանրահավաքների եւ երթերի մասնակիցների քանակն ավելի մեծ կլիներ:

Հայտնի է, որ ոստիկանության կողմից չի եղել նախազգուշացում պատրաստվող գործողության վերաբերյալ, հեռանալու հնարավորություն տալու նպատակով միջանցք էլ չէր թողնվել: Բռնության են ենթարկվել ոչ միայն Ազատության հրապարակում գտնված մարդիկ. ծեծուջարդի են ենթարկվել նաեւ հրապարակից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվող պատահական անցորդներից շատերը: Բազմաթիվ մարդիկ վիրավորվեցին, մի շարք ընդդիմադիր գործիչներ ձերբակալվեցին: Հատուկ ուշադրության է արժանի այն, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն ապօրինաբար ենթարկվել է տնային կալանքի. խափանման նման միջոց Հայաստանի օրենսդրությամբ նախատեսված չէ:

Երբ մարդիկ սկսեցին հավաքվել Ֆրանսիայի դեսպանատան մոտ, արդեն հայտնի էր, որ առավոտյան կիրառված ուժն անհամաչափ էր: Բնականաբար, հավաքվող մարդիկ որոշ նախապատրաստություն տեսան` հետագա ինքնապաշտպանության հնարավորություն ապահովելու նպատակով: Տրանսպորտային միջոցներից բարիկադներ կառուցվեցին, իսկ մոտակա շինհրապարակից բերվեցին մետաղյա ձողեր եւ խողովակներ: Ցուցարարների մոտ հրազեն չկար. դա հաստատել է, մասնավորապես, «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը (նյութին կարելի էր ծանոթանալ արդեն մարտի 2-ի առավոտյան` ինտերնետ-կայքից): Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը եւ Հայոց Համազգային Շարժման վարչության անդամ Արամ Մանուկյանը ցուցարարներին տեղեկացրին Գերմանիայի դեսպանատանը Եվրամիության անդամ երկրների դեսպանների եւ որոշ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպման մասին: Շեշտվեց, որ դիվանագետներն ակնկալում էին, որ իրադարձությունների հետագա ընթացքը խաղաղ կլիներ: Խաղաղ ցույցը շարունակվեց. հիմնականում հնչում էին Լ.Տեր-Պետրոսյանին հանրահավաքի անցկացման վայր գալու թույլտվություն տալու պահանջներ:

Սակայն ինչպես արդեն նշվել է, իշխանությունների համար խիստ անցանկալի էր սպասել Սահմանադրական դատարանի որոշմանը` զանգվածային բողոքի արտահայտությունների ուղեկցությամբ: Քանի որ առավոտվա ոստիկանական գործողությունը իշխանությունների համար ցանկալի արդյունքի չհանգեցրեց` մարդիկ չէին վախեցել եւ կրկին հավաքվեցին ու շարունակեցին արտահայտել իրենց բողոքը, որոշվեց դիմել ավելի լայնածավալ բռնությունների: Շաբաթ երեկոյան ոստիկանությունը հարձակվեց ցուցարարների վրա` ոստիկանական համազգեստ կրող տարբեր օլիգարխների բանդաների զինված անդամների ուղեկցությամբ: Հրազեն կիրառելու հրամանն, ամենայն հավանականությամբ, կարող էր տրվել միայն անձամբ Ռ.Քոչարյանի կողմից: Ըստ պաշտոնական տվյալների` զոհվել է ութ մարդ, որոնցից մեկը ոստիկան. նշենք, որ բոլորը մահացել են հրազենային վնասվածքներից, ընդ որում, ոստիկանի վնասվածքը մեջքի կողմից է եղել: Ավելին` որոշ լավատեղյակ աղբյուրներ, որոնց ինքնությունն առայժմ բացահայտվել չի կարող, հաստատել են, որ իրականում սպանվածների քանակն ավելի մեծ է: Մասնավորապես, սպանվել են օլիգարխների բանդաների անդամներից շատերը` մեծամասնությամբ «բարեկամական կրակի»` իրենց զինակիցների արձակած կրակոցների արդյունքում: Զոհվածների իրական քանակը գաղտնի պահելու հիմնական պատճառները երկուսը կարող են լինել. նախ, զոհերի հայտարարված մեծ քանակը կարող էր հանգեցնել առավել կոշտ միջազգային արձագանքների: Բացի այդ, ինչը խիստ կարեւոր է, սպանվածների մեծ քանակի մասին հայտարարելու դեպքում կպահանջվեր կատարել դիակների ճանաչում եւ հրապարակել անունները. սակայն անունների հրապարակումից հետո ընդամենը տեխնիկական խնդիր կլիներ պարզել տվյալ անձնավորությունների պատկանելությունն այս կամ այն օլիգարխի բանդային: Անշուշտ, իշխանությունները ցանկացած միջոց կգործադրեն` նման տեղեկությունների տարածումը կանխելու համար:

Ինչ վերաբերում է մարտի 1-ի երեկոյան թալանված չորս խանութներին. դրանցից մեկը Ռ.Քոչարյանի որդիներից մեկի, իսկ մյուսները` հայտնի օլիգարխների սեփականությունն են: Հասկանալի է, որ այդ մարդիկ չեն պնդելու, որպեսզի անաչառ քննություն անցկացվի: Իսկ առկա հավաստի տեղեկությունների համաձայն` այդ չորս խանութներից առնվազն մեկը` «Երեւան Սիթին» թալանվել է հենց դրա սեփականատիրոջ թիկնապահների կողմից: Հարկ է նշել նաեւ, որ Երեւան բանակի ստորաբաժանումներ մտցնելու հրամանը Ռ.Քոչարյանի կատարած Սահմանադրության հերթական խախտումն էր. Սահմանադրությամբ արգելվում է բանակի օգտագործումը ներքին խնդիրների լուծման նպատակով: Նշենք նաեւ, որ չնայած պաշտոնական տեղեկատվությանն այն մասին, որ ցուցարարներն իբրեւ թե զինված էին եւ ապստամբություն էին նախապատրաստում, Ռ.Քոչարյանը եւ իր հանցակիցները չեն կարող տրամաբանության շրջանակներում բացատրել. ինչու ապստամբության պատրաստվողները պետք է սպասեին զրահամեքենաների ժամանելուն եւ միայն դրանից հետո գործողությունների անցնեին: Իշխանություններին պարզապես պահանջվում էր արտակարգ դրություն հայտարարելու եւ բողոքի ցույցերին վերջ դնելու պատրվակ, եւ իրենք էլ այդ պատրվակը ստեղծեցին:

Վերջին օրերին հայկական հեռուստաընկերությունների եթերում հնչող ապատեղեկատվության եւ քարոզչական նյութերի շարքում քիչ տեղ չեն զբաղեցնում միջազգային մի շարք կազմակերպությունների արձագանքի նկատմամբ դժգոհության արտահայտությունները, մասնավորապես` Ռ.Քոչարյանի մամլո խոսնակի կողմից: Իսկապես, հնչած գնահատականներից մի քանիսը խիստ ուշագրավ են: Այսպես, մարտի 2-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Լուիզ Արբուրը հայտարարել է, որ մտահոգված է խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժի գործադրման եւ ընդդիմադիր ակտիվիստների ձերբակալությունների կապացությամբ: Նույն օրը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը նշեց, որ ուժի անհամաչափ կիրառում է տեղի ունեցել եւ կոչ արեց Հայաստանի իշխանություններին` վերանայելու արտակարգ դրության կապակցությամբ մտցված սահմանափակումները, մասնավորապես` խոսքի ազատության սահմանափակումը: «Human Rights Watch»-ի մարտի 2-ի զեկույցում նշվել է, որ «մարտի 1-ին հայկական ոստիկանությունն անհամաչափ ուժ եւ բռնություն է գործադրել` վերջերս կայացած ընտրությունների արդյունքների դեմ բողոքող խաղաղ ցուցարարներին ցրելու համար»: Մարտի 4-ին Եվրամիության նախագահողը հանդես եկավ հայտարարությամբ` մասնավորապես նշելով. «ԵՄ-ն կոչ է ուղղում Հայաստանի իշխանություններին` ազատ արձակել խաղաղ հավաքների իրենց իրավունքն իրագործելու համար ձերբակալված բոլոր քաղաքացիներին եւ վերացնել արտակարգ դրությունը, որով սահմանափակվել է խոսքի ազատությունը, հավաքներ անցկացնելու ազատությունը եւ քաղաքական կուսակցությունների գործունեությունը»: Նույն օրը ԵՄ արտաքին հարաբերությունների հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները Հայաստանի իշխանություններին կոչ է ուղղել` վերացնել արտակարգ դրությունը, վերացնել Լ.Տեր-Պետրոսյանի ազատ տեղաշարժի համար բոլոր խոչընդոտները, ինչպես նաեւ ազատ արձակել խաղաղ հավաքների իրենց իրավունքն իրագործելու համար ձերբակալված բոլոր քաղաքացիներին: Կարելի է նշել, որ ընդհանուր առմամբ առկա է այն ընկալումը, որ բողոքի ցույցերը խաղաղ են եղել, իսկ իշխանությունների կողմից ուժի գործադրումը` անհամաչափ: Սա տհաճություն է պատճառում իշխանություններին` ստիպելով նրանց բողոքել, որ օտարերկրացիներն իբրեւ թե լավ չեն տեղեկացված մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ:

Կարելի է հիշել, որ 2003թ. նախագահական ընտրությունների ընթացքում թույլ տրված կեղծիքների դատապարտմանն ի պատասխան Ս.Սարգսյանն անհեթեթ արտահայտություն է թույլ տվել` Հայաստանում եւ Արեւմուտքում գոյություն ունեցող տարբեր «մենթալիտետների» եւ ժողովրդավարության տարբեր ընկալումների մասին: Իսկապես, տարբեր մտածելակերպեր գոյություն ունեն, սակայն տարբերությունը հայերի եւ Արեւմուտքի բնակիչների միջեւ չէ: Պարզապես գոյություն ունի ազատ եւ ապահով ապրել