ԿԼԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՓԱԽՈՒՍՏԻ

Արցախյան պատերազմի ազատամարտիկ, Ֆրանսիայի քաղաքացի Սարգիս Հացպանյանը, որը նաեւ "Ակոս" հասարակական կազմակերպության համակարգողն է եւ 1990 թվականից բնակվում է Հայաստանում, "ՀԺ"-ին տված հարցազրույցում ասել է, որ գիշերները չի քնում, երբ Սերժ Սարգսյանը հայտարարում է. "Առաջ, Հայաստան": 

"Մենք արդեն անդունդի եզրին ենք: Առաջ, նշանակում է գլորվել անդունդ: Ես ուզում եմ հետ գալ, որ հանկարծ իր ասած "առաջ"-ը չիրականանա",- ասում է Ս. Հացպանյանը: Նա նաեւ հայտարարում է, որ 98-ի հեղաշրջումից հետո Հայաստանում ամեն օր հետընթաց է նկատվում բոլոր առումներով, քաղաքական դաշտն ամայացել է, ապաքաղաքականացվել, ժողովուրդը զոմբիացման եզրին է հասել, դատարկվել է Արցախը, իսկ իշխանության վերնախավում տիրող վիճակը հասել է գանգրենային վիճակի, որը պետք է կտրվի: Մի խոսքով, ըստ Հացպանյանի, Հայաստանում պետականությունը լինել-չլինելու եզրին է:

- Պարոն Հացպանյան, դուք ասում եք` քաղաքական դաշտն ամայացել է, բայց այսօր քաղաքականություն է վերադարձել Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ինչպե՞ս եք վերաբերվում նրա վերադարձին:

- Ես ներքուստ հույս ունեի, որ նա մի օր կվերադառնա: Բանաստեղծը որ ասել է` ուշ-ուշ են գալիս, բայց ոչ ուշացած, դա բնութագրում է Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձը: Նրա վերադարձը քաղաքական դաշտ առաջ բերեց քաղաքական մթնոլորտ: Հարցերը քաղաքականացվեցին: Նա հարցեր դրեց իշխանությունների առաջ, որոնք մինչեւ հիմա անպատասխան են: Այսինքն` մարդն իր վերադարձով մի բարոյական նշաձող դրեց, որին ոչ ոք չի կարողանում մոտենալ: Իր կողմից նետված մարտահրավերի ձեռնոցն այսքան ամիս գետնին մնաց, վերցնող չկա: Սա տեսավ մեր ժողովուրդը, եւ ժողովուրդը, նույնիսկ նրանք, ովքեր Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին ընդդիմադիր էին նրան, սկսեցին իմաստավորել այդ նույն ժամանակաշրջանը, եւ առաջին նախագահի շուրջը սկսվեց համախմբում: Տեր-Պետրոսյանն իր անկեղծությամբ, իր բարոյականությամբ հանդես եկավ ժողովրդի առաջ, եւ ժողովուրդն ընկալեց նրան: Այս վերադարձն ընկալված է ժողովրդի կողմից: Ուստի եւ դրա պտուղը մենք կքաղենք մոտ օրերս:

- Որոշ ընդդիմադիր գործիչներ, մասնավորապես` ՆԺԿ առաջնորդ Արամ Կարապետյանը հայտարարում էր, թե ինքը տվյալներ ունի, որ Հայաստանի իշխանական վերնախավը Փարիզում դղյակներ ունի, հաճախ է լինում այնտեղի կազինոներում եւ զվարճանքի վայրերում: Դուք, որպես Ֆրանսիայի քաղաքացի, գիտե՞ք նման փաստեր:

- Այո, անշուշտ: Այսօրվա իշխանական վերնախավում գոնե իմ կողմից իմացած 4-5 հոգի ամեն անգամ, երբ լինում են Եվրոպայում, շարժվում են 3 ուղղությամբ` Մոսկվա, Գերմանիա` Բադեն-Բադեն, Ֆրանսիա` Մոնտե Կառլո, Նիս եւ այդտեղի կազինոները: Նրանք են Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը, Արմեն Ավետիսյանը, Անդրանիկ Մանուկյանը եւ եւս մի քանի հոգի: Սրանք այնտեղ միլիոններ են վատնում: Եւ դա չեն անում թաքուն, որովհետեւ Ֆրանսիայում ամեն ինչ բացահայտ է: Սրանք շատ հաճախ այնտեղ ոչ սթափ վիճակում են հայտնվում: Սրանք պարզապես խաղամոլ են, ղումարբազ: Եւ այդ ամենը տեսնում է ամբողջ հայ համայնքը, եւ նրանց մոտ կոտրվում է հայոց պետականության հանդեպ հույսն ու հավատը: 

- Պարոն Հացպանյան, այս օրերին ինֆորմացիա է ստացվում, որ իշխանության վերնախավի որոշ ներկայացուցիչներ իրենց ունեցվածքը տեղափոխում են արտասահման: Դուք դրսի հետ սերտ կապեր ունեք: Գիտե՞ք նման փաստեր:

- Այս վերջին 4 ամիսների ընթացքում ՀՀ իշխանական ճամբարում գտնվող սեւ փողերի շատ մեծ արտահոսք է եղել: Բայց դրանք շատ քիչ մասով են հայտնվել Ռուսաստանում: Ավելի շատ այդ փողերը գնացել են Շվեյցարիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի բանկերը: Կոնկրետ ես գիտեմ 4 տվյալ Հայաստանից Շվեյցարիա տեղափոխված գումարի մասին, որը մոտավորապես 1,7 միլիարդ դոլարի չափ է: Չորս մարդու փոխանցած գումար է դա, եւ սա ստույգ ինֆորմացիա է: Եւ իշխանության այդ պարագլուխները, որոնց գործունեության մեջ հանցակազմ կա, իրենց ամբողջ գերդաստանները տեղափոխել են Եվրոպայի 2 երկիր` Ֆրանսիա եւ Գերմանիա, ու Միացյալ Նահանգներ:

- Ժողովրդի մեջ դեռ կա մի խավ (այն, իհարկե, գնալով փոքրանում է), որը վստահ է, որ ընտրությունները կեղծվելու են: Ձեր կարծիքով, ի՞նչ կարող է տեղի ունենալ, եթե իսկապես կեղծիքներ լինեն:

- Ես եւս համոզված եմ, որ այս իշխանությունները փորձելու են կեղծել, որովհետեւ իրենք այլ տարբերակ չունեն: Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը չլիներ, նրանց մոտ ամեն ինչ նորմալ կլիներ: Բայց հիմա իրենց մոտ խուճապն աննկարագրելի է: Սակայն ժողովուրդը հասել է այն գիտակցության, որ այլեւս չի կարելի կեղծիքներ հանդուրժել, եւ շատ լուրջ դիմադրողական ալիք է ստեղծելու: Ինձ, սակայն, մտահոգում է այլ բան: Ընտրատեղամասերի այդ աշխատողների մեծ մասը մանկավարժներ են, եւ ընտրությունը տեղի է ունենում դպրոցներում: Ես միշտ այդ հարցը տվել եմ ինձ եւ չեմ կարողացել պատասխանել. մանկավարժը` երեխա կրթող, աճեցնող մարդը, ինչպե՞ս կարող է այդ երեխայի ապագան կեղծել, խաղալ անմեղ երեխաների ապագայի հետ, երբ երկրորդ մայրը պետք է լինի այդ երեխաների համար: Մի՞թե դա կարող է գին ունենալ` 5 հազար դրամ, 10 հազար, 100 հազար: Չարենց, Իսահակյան, Սեւակ սովորեցնող ուսուցիչը պետք է ունենա այդ գիտակցությունը եւ բարոյականությունը ու չկեղտոտի իր ձեռքերը, իր հոգին, չկեղտոտի մեր երեխաների հոգին, զերծ մնա այդ ամենից: Բայց ես հույս ունեմ, որ հավանաբար այս բոլոր մարդիկ նույնպես կիմաստավորեն իրենց անցած ուղին, եւ իրենց մեջ կխոսի քաղաքացին, որն ուզում է ապրել արժանապատիվ, բոլոր մնացած քաղաքակիրթ երկրների կողքին:

ԼՈՒՍԻՆԵ ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

 

 










This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
OOPS! You forgot to upload swfobject.js ! You must upload this file for your calendar to work