Բոլոր ծածուկ գործերը ջրի երես կելնեն

Ժամանակ Երևան

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանը սեփական աչքերով է տեսել` ինչ է կատարվել մարտի մեկին:

-Պարոն Ղազարյան, Դուք եղել եք նաեւ 88-ի շարժման ակունքներում: Ձեր կարծիքով` կա՞ն նմանություններ երկու շարժումների միջեւ:

- Արտաքուստ, այո, մանավանդ` մասնակիցների թվաքանակի առումով, նաեւ` նախագահի նստավայրի հրահանգներով հանրահավաքների լուսաբանման, հանրահավաքների մասին հանրությանն իրազեկելու առումով: 88-ին, ըստ «Վրեմյա»-ի, հրապարակում հավաքվում էին մի խումբ էքստրեմիստներ: Ըստ «մերոնց»` մի 7-8 հազար բոմժերով ու նարկոմաններով: Իսկ բովանդակային առումով միանգամայն տարբեր շարժումներ են: 88-ի շարժիչն ազգային հարցն էր` ահռելի հուզական հենքով, 2008-ի շարժումը` գիտակցված քաղաքացիական է` հանուն մարդու եւ քաղաքացու, ՈՒՄ մեր վայ իշխանությունները ծրագրավորած ուզում են վերածել ճորտի ու ստրուկի, որ հեշտ կառավարեն: Այս շարժումը շարժում է մեր տականքի դեմ` ի դեմս հայտնի զույգի եւ նրանց սպասարկողների: Երիցս ճիշտ է Լեւոն Տեր-Պետրոսյանը` 10 օրվա ընթացքում մեր երկրում ձեւավորվեց նոր հասարակություն, որին սրանք այլեւս ի զորու չեն կառավարել:

- Այսօր, սակայն, քրեական գործեր են հարուցվել հանրահավաքի մասնակիցների դեմ, եւ իշխանությունն ու դատախազությունը հայտարարում են, թե հանրահավաքները եղել են ոչ թե բողոք կեղծված ընտրությունների դեմ, այլ դրանցով ծրագրել են բռնությամբ վերցնել իշխանությունը: Դուք մասնակցել եք հանրահավաքներին եւ նստացույցին, նման կոչեր լսե՞լ եք:

- Ես մասնակցել եմ ողջ ընտրական պրոցեսին, եղել եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Արաբկիր համայնքի թիվ 4 ընտրատարածքում, համակարգել եմ 10 տեղամասերի մեր թիմակիցների աշխատանքը եւ շատ լավ գիտեմ, թե ինչպես են կեղծվել ընտրությունները: Հետեւաբար` գիտեմ նաեւ, որ հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել հրապարակ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին տրված իրենց ձայների խորալը հասնի առ Աստված, իսկ միջազգային դիտորդական առաքելություններն էլ` մեկիկ-մեկիկ հաշվեն այդ ձայների տերերին: Իսկ թե ինչ են բարբաջում հայտնի զույգի` Սերժի ու Ռոբի սպասարկուները` իշխանությունը բռնությամբ զավթելու կոչերի մասին` լկտի, սանձարձակ սուտ է ու կեղծիք` Գեբելսի հանգույն: Այն, ինչ տեղի ունեցավ Ազատության հրապարակում մարտի 1-ի վաղ առավոտյան եւ հետայնու` Ալ.Մյասնիկյանի հուշարձանի հարակից հրապարակի հանրահավաքից հարյուրավոր մետրեր հեռավորության վրա` վաղուց ծրագրավորված էր, մանրազնին պլանավորած:

- Ասել է թե` այս զարգացումները, քրեական գործերը արդեն իսկ գծագրված հնարավոր սցենարների՞ց են:

- Անտարակույս: Ամիսներ առաջ, եթե հիշողությունս չի դավաճանում, նոյեմբերի սկզբներին, ոչ անհայտ Գառնիկ Իսագուլյանը «Հայոց աշխարհ» թերթին տված մի հարցազրույցում մանրամասն «կանխատեսում էր», թե ինչեր են լինելու քարոզչության ընթացքում եւ ինչպիսի իրադարձություններ են ծավալվելու հետընտրական շրջանում: Եթե մտովի վերհիշենք քարոզչության ընթացքն ու մյուս թեկնածուների վարքագիծն ու բարբաջանքը` ամեն ինչ կերեւակվի: Գառնիկ Իսագուլյանի բերանով նախագահականից հնչեցված սույն հրահանգը առաջին անգամ փորձարկվեց Թալինում կազմակերպված սադրանքով, այնուհետ` Մուկն այն փորձեց իրականացնել Արտաշատում: Լեւոն Տեր-Պետրոսյանի` ժամ առ ժամ աճող վարկանիշին զուգահեռ ահագնանում էր կլանի խուճապն ու Սերժի կլիենտ թեկնածուների քարոզարշավն ընդդեմ Լեւոն Տեր-Պետրոսյանի դառնում էր անթաքույց ու մերկապարանոց: Կլիենտներից խիստ ինքնատիպը` Ա.Գեղամյանը, բոլոր հեռուստաալիքներով լալահառաչ գուժում էր Գառնիկ Իսագուլյանի կանխատեսումները հետընտրական զարգացումների մասին եւ ի վերջո` հայտարարեց, որ ինքը Դը Գոլի հանգույն (ինչպիսի նսեմացում` մինչեւ մեծամտություն)` նախընտրում է դավաճանել ժողովրդին, քան պետությանը: Սերժի մյուս կլիենտ թեկնածուներն ու նրանց խոսնակներ շավոներն ու արշակները, նույն եռանդով, բայց տարբեր վարիացիաներով տիրաժավորում էին հետընտրական «մղձավանջն» ու մատնացուցում «մեղավորներին»:

Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի վարկանիշն աճում էր ու աճում...

Անտեսելով Արթուր Բաղդասարյանի` ժողովրդին դավաճանելու իրողությունը նաեւ հետընտրական փուլում, երբ ԿԸՀ-ին ուղղորդված միտումնավոր դիմում հղեց` հիշենք ՀՅԴ-ին:

Քվեարկության օրվանից մեկ շաբաթ առաջ արդեն տեղի տվեցին ՀՅԴ-ի ներվերն ու էկրաններին հայտնված բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը` ի հավելումն Տեր-Պետրոսյանի ու նրա թիմի հասցեին հնչեցրած պարսավանքների` Լեւոն Տեր-Պետրոսյանին խորհուրդ տվեց հանել թեկնածությունն ու սատարել Սերժի մյուս կլիենտ Վազգեն Մանուկյանին: Հընթացս էլ հոխորտաց, թե իրենք ապակայունություն, արյունահեղություն թույլ չեն տա:

Քաղակական ուժերն այսպես` միով բանիվ «դաբրո» տվեցին ավազակապետության պարագլուխներին, որպեսզի նրանք իրենց սպասարկու որոշ թաղապետերի ու օլիգարխների խաժամուժի միջոցով Երեւանում սանձազերծեն... Սումգայիթ:

- Պարոն Ղազարյան, այնուհանդերձ, իբրեւ մարտի մեկի վաղ առավոտյան Ազատության հրապարակի եւ դրանից հետո էլ` Ալ.Մյասնիկյանի հուշարձանին հարակից հրապարակի դեպքերի ականատես, ի՞նչ եք տեսել Դուք:

- Անշուշտ: Նախ ասեմ, որ մարտի մեկին նրանք ամենայն մանրամասնությամբ սկսել էին պատրաստվել մի քանի օր առաջ: Ազատության հրապարակին հարող բոլոր փողոցներում նրանք արգելեցին մեքենաների կայանումը, իսկ հրապարակից դուրս եկող մեքենաները տանում էին տուգանային հրապարակ: Արգելում էին սննդի ու վառելափայտի մատակարարումը` գիշերողների քանակը նվազեցնելու ակնհայտ միտումով: Մարտի մեկին, առավոտյան ժամը 5.30-ից 6-ի սահմաններում Ազատության հրապարակին հարակից փողոցները լցվեցին բազմաթիվ ոստիկանական մեքենաներով: 6.30 րոպեին Լեւոն Տեր-Պետրոսյանը հարթակից դիմեց նստացույցի մասնակիցներին` հորդորելով կոնտակտի մեջ չմտնել ոստիկանության հետ: Սակայն քիչ անց Սայաթ-Նովայի փողոցի կողմից դեպ հրապարակ շարժվեց վահանավոր ու մահակավոր ոստիկանների կուռ շղթան: Նստացույցի մասնակիցների վկայությամբ, նույն կերպ եղել է նաեւ այլ հարակից փողոցների կողմից: Մենք` Սայաթ-Նովայի փողոցի հատվածում գտնվողներս, նույնպես փորձեցինք շղթա կազմել` նրանց մուտքը հրապարակ կասեցնելու համար: Բայց անվերջ ավելացող նրանց թվաքանակի ճնշման տակ նստացույցի մասնակիցներիս շղթան արագ փլուզվեց, ու մենք մասնատվեցինք: Ընդհանուր իրարանցման պայմաններում ես մի կերպ հասա Հյուսիսային պողոտա ու շարժվեցի Հանրապետության հրապարակի ուղղությամբ, եւ Հյուսիսային պողոտայի միջնամասում տեսա նստացույցի այլ մասնակիցների եւս: Սակայն շատ արագ պարզ դարձավ, որ արդեն հատուկ ջոկատայիններն են փորձում մեզ շրջապատել բոլոր կողմերից: Ասես պայմանավորված` մենք բոլորս փորձեցինք խուսափել շուրջկալից: Ես շարժվեցի Տերյան փողոցով դեպի Թումանյան փողոց եւ երբ հասա խաչմերուկին, Առնո Բաբաջանյանի արձանի մոտերքում խրոխտ կանգնած հատուկ ջոկատայինները հարձակվեցին ինձ վրա ու սկսեցին մահակներով ծեծել: Ես շնչահեղձ, քանի որ աջ թոքս վիրահատված է, մի կերպ հասա Խնկո Ապոր գրադարանին հարող բակ, ուր եւ հանդիպեցի մերոնցից` այլոց: Տերյան փողոցի մուտքը Սայաթ Նովայի կողմից նույնպես փակված էր հատուկ ջոկատայիններով, ովքեր, հավանաբար, գրոհի հրահանգ դեռ չունեին: Ամեն ինչ վկայում էր այն մասին, որ մեր հարազատ իշխանությունները «կոլցո» օպերացիա էին իրականացնում: Ի դեպ, 91-ին ես եղել եմ նաեւ Գորբաչովի «կոլցոյի» մեջ: Մենք անցանք Խնկո Ապոր գրադարանի հետնաբակ եւ այլ բակերի միջով դուրս եկանք Աբովյան փողոց, որտեղից էլ բաժանվեցինք: Ես այլ բակերի միջով մի կերպ հասա Աշոտ Մանուչարյանի տուն, եւ քիչ անց, անվերջ հնչող զանգերի շնորհիվ, իմացանք, որ «կոլցոյից» փրկվածներն ինքնաբերաբար հավաքվում են Ֆրանսիայի դեսպանատան մոտ: Ալ.Մյասնիկյանի հուշարձանի հրապարակ ես հասա կեսօրից անց եւ այնտեղից հեռացա Լեւոն Տեր-Պետրոսյանի` հրապարակը թողնելու հորդորից հետո, որը հնչեցրեց Արամ Սարգսյանը: Թե ինչի ականատես եղա մարտի 1-ի ցերեկվա եւ 2-ի գիշերվա ընթացքում, ու փաստերի, տեսաերիզների, վկայությունների հսկայական նյութն ինչ իրական պատկեր է ուրվագծում, կմանրամասնենք առաջիկայում, եւ թաքուն ոչինչ չի կարող մնալ: Քանզի, ինչպես ասում էր Վիլյամ Շեքսպիրը` ծածուկ գործերը կգան հրապարակ, թեկուզ երկիրն իսկ թաքցնի իր տակ: Համոզված եմ, որ լրագրողական հետաքննության արդյունքում Մաշտոցի պողոտայում եւ Լեոյի փողոցի մերձակայքում տեղի ունեցած անցքերի մեղավորները եւս ի հայտ կգան:







This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
OOPS! You forgot to upload swfobject.js ! You must upload this file for your calendar to work