իրեն զգում է, ինչպես ձուկը ջրում

28 Փետրվարի, 2008

“Հայկական Ժամանակ”,

Ռուսական "Նեզավիսիմայա գազետա" պարբերականը երեկ կրկին անդրադարձել է նախագահական ընտրություններից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակին: "Սերժականները անցան լեւոնականների կողմը" վերնագրով հոդվածում, մասնավորապես, նշվում է, թե երեքշաբթի Հանրապետության հրապարակում ի պաշտպանություն Սերժ Սարգսյանի իշխանությունները հանրահավաք են կազմակերպել: Հոդվածագիրը նշում է, որ Հանրապետության հրապարակը լեփ-լեցուն էր մարզերից բերված մարդկանցով, հեղինակի խոսքերով` 100 հազարից ոչ պակաս: "Նեզավիսիմայա գազետան" գրում է, թե հանրահավաքի ժամանակ Սերժ Սարգսյանը պնդում էր, թե ինքը կարող է երկիրը առաջ տանել, եւ քննադատում էր իր ընդդիմախոսներին, սակայն որքան էլ նա ջանք էր թափում, բայցեւայնպես նկատվում էր, որ վարչապետը բավականին կաշկանդված էր: Հոդվածագիրը նկարագրում է, թե ինչպես վարչապետի ելույթից հետո, երբ հատուկ հրավիրված շոումենը հայտարարեց հայ աստղերի մասնակցությամբ համերգի մասին, ցուցարարները, առանց սպասելու երգիչների ելույթին, մոտակա փողոցներով շարժվեցին Ազատության հրապարակ, ուր արդեն մեկ շաբաթ անընդմեջ շարունակվում է Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների հանրահավաքը, որի մասնակիցները մեծ ոգեւորությամբ դիմավորեցին ժամանողներին: "Բերնեբերան լցված Ազատության հրապարակը չկարողացավ տեղավորել նոր ժամանողներին, որոնք ստիպված եղան տեղ զբաղեցնել հրապարակի մերձակայքում",- իր տպավորություններն է պատմում հոդվածագիրը: Վերջինս նաեւ պատմում է, որ լեւոնականներին միանալով` մարզերից ժամանածները երթ են կազմակերպել Երեւանի կենտրոնական փողոցներով` մտնելով նաեւ Հանրապետության հրապարակ: Պարբերականը գրում է, որ ընդդիմության այս քայլերին զուգահեռ ձերբակալվում են Տեր-Պետրոսյանի կողմնակիցները: Հեղինակը նշում է, որ առաջին նախագահը իշխանությունների բռնություններին հանգիստ է արձագանքում` գտնելով, որ դա իշխող ռեժիմի հոգեվարքի ապացույցն է: Ըստ հոդվածագրի, Տեր-Պետրոսյանը չի բացառում նաեւ իր ձերբակալումը: "Իսկ դա ի՞նչ կտա իշխանություններին: Ես արդեն բանտում եղել եմ Գորբաչովի ժամանակ: Նա գնաց, իսկ ես դարձա Հայաստանի նախագահ: Թող պատմությունը կրկնվի նաեւ այժմ",- մեջբերում է առաջին նախագահի խոսքերը "Նեզավիսիմայա գազետան": "Լեւոն Տեր-Պետրոսյանը սովորականից ավելի աշխույժ էր, սովորականից ավելի շատ էր շփվում հավաքվածների հետ` հավանաբար որոշելով հանգստանալու հնարավորություն ընձեռել հաճախակի ելույթներից ձայնը կտրված իր կողմնակիցներին",- իր տպավորություններն է պատմում հեղինակը, ապա շարունակում. "Նա մեկ հայկական ռազմաշունչ երգերի հնչյունների ներքո հավաքվածների հետ պար էր բռնում, մեկ հավաքվածների հետ զրույցի էր բռնվում` այն համեմելով կատակներով, ներկայացնում էր Հայաստանում ստեղծված վիճակը կամ էլ պարզապես այս ու այն կողմ քայլում` ծխամորճով ծխելով իր սիրելի "Marlborro Light"-ը: Մի խոսքով, Հայաստանի նախագահը հարթակի վրա իրեն զգում է ինչպես ձուկը ջրում: Ինչը չես ասի Սերժ Սարգսյանի մասին",- կարծիք է հայտնում հոդվածագիրը:

Իր հերթին, երեկ ռուսական "Նովիե Իզվեստիա" պարբերականը եւս անդրադարձել է ՀՀ-ում հետընտրական զարգացումներին: Պարբերականը նշում է, որ արդեն մեկ շաբաթ է` Երեւանի Ազատության հրապարակում չի դադարում ընդդիմության անժամկետ բողոքի հանրահավաքը, որի մասնակիցներն այդ կերպ իրենց անհամաձայնությունն են հայտնում ընտրությունների պաշտոնական արդյունքների վերաբերյալ, ըստ որի` հաղթանակ է տարել Սերժ Սարգսյանը, որի հաղթանակը Լեւոն Տեր-Պետրոսյանը համարում է պյուռոսյան: Հոդվածում նշվում է, որ ցուցարարների թիվն օրեցօր ավելանում է: Դրան զուգահեռ, գրում է "Նովիե Իզվեստիան", վերջին օրերին իշխանությունները, իրենց հերթին, խիստ հաշվեհարդար են տեսել ընդդիմադիրների նկատմամբ: Պարբերականը նշում է, որ "երկրի իմիջը խաթարող" երեք արտակարգ եւ լիազոր դեսպանները եւ փոխարտգործնախարար Արմեն Բայբուրդյանը ոչ միայն հեռացվել են իրենց պաշտոններից, այլեւ զրկվել են իրենց դիվանագիտական կոչումներից, ինչը աննախադեպ երեւույթ է: Այնուհետեւ նշվում է, որ դրան հաջորդել է ընդդիմության ներկայացուցիչների ձերբակալությունների մի ամբողջ շարան: Հոդվածագիրը նշում է, որ տեղական հեռուստաընկերություններով պարբերաբար հաղորդվում է, թե իբր երկրի այս կամ այն շրջանում ի պաշտպանություն Սերժ Սարգսյանի ակցիաներ են "բռնկվում", եւ որ իբր թե ոստիկանությունը ձերբակալել է մի խումբ անձանց, ովքեր մարզերից ուղեւորվում էին Երեւան, որպեսզի "կարգուկանոն հաստատեն" մայրաքաղաքում: Հոդվածագիրը հատուկ ընդգծում է, որ ինչպես իրեն տեղեկացրել են նման ակցիաների մասնակիցները` իրենց կազմակերպված մայրաքաղաք են հասցնում ավտոբուսներով, սակայն շատերը "փախչում են" եւ միանում ընդդիմության հանրահավաքին:

 

 









This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
OOPS! You forgot to upload swfobject.js ! You must upload this file for your calendar to work