Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է Պրեսկոտին եւ Բրայզային

Հայաստանում նախագահական ընտրությունները դիտարկող Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Ջոն Պրեսկոտը այսօր հանդիպումներ է ունեցել Ազգային ժողովի խմբակցությունների հետ:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի, խմբակցության անդամներ Անահիտ Բախշյանի եւ Վարդան Խաչատրյանի հետ հանդիպման ժամանակ Պրեսկոտն անդրադարձել է նախընտրական շրջանում Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ ունեցած հանդիպմանը եւ նշել, որ նրա տեղեկացմամբ, այդ շրջանում արդեն ստեղծվել էր լուրջ իրավիճակ` կապված խոսքի ազատության եւ մարդու իրավունքների հետ: Ներկայացնելով հետընտրական իրավիճակի վերաբերյալ իր տպավորություններն ու մտահոգությունները` Պրեսկոտն անհրաժեշտ է համարել երկխոսության ծավալումը եւ հավաստիացրել, որ դրա համար եվրոպական միջազգային կառույցները կօգտագործեն իրենց բոլոր հնարավորությունները: ԵԽԽՎ-ի ժամանակավոր հանձնաժողովի նախագահն անհրաժեշտ է համարել արտակարգ դրության պայմաններում որոշ սահմանափակումների կրճատումը, բաց եւ հրապարակային քննության անցկացումը, ինչը եւս կնպաստի հասարակության վստահության բարձրացմանը:


Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձել է հետընտրական զարգացումներին եւ կարեւորել տարբեր մակարդակներում երկակի ստանդարտների կիրառման բացառումը: Նա ներկայացրել է նախընտրական եւ հետընտրական իրադարձությունները եւ նկատել, որ ներկայումս Սահմանադրական դատարանում ընթացող դատաքննությունը կատարվում է արտակարգ դրության պայմաններում, ինչը չի կարող օրինական համարվել եւ հասարակության մեջ կխորացնի դատական համակարգի նկատմամբ անվստահությունը: «Ժառանգության» ղեկավարը կարծիք է հայտնել, թե քիչ բան է արվում երկխոսություն ծավալելու համար. մասնավորապես, տրվում է միակողմանի տեղեկատվություն, ձերբակալվում են բացառապես ընդդիմության ներկայացուցիչները: Րաֆֆի Հովհաննիսյանը հույս է հայտնել, որ Ջոն Պրեսկոտի այցը կնպաստի երկխոսության ծավալմանը:
Իսկ երեկոյան էլ Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, ԱՄՆ-ի պետքարտուղար տեղակալի օգնական Մեթյու Բրայզային եւ ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնին: «Ժառանգություն» կուսակցության տրամադրած հաղորդագրության համաձայն` հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային եւ Հայաստանի ներքաղաքական զարգացումներին առնչվող մարտահրավերները:


Այնուհետեւ ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատանը Մեթյու Բրայզայի հետ են հանդիպել նաեւ «Ժառանգություն» խմբակցության անդամներ Անահիտ Բախշյանը եւ Ստեփան Սաֆարյանը: Պատգամավորները ներկայացրել են նախագահական ընտրություններից հետո Հայաստանում ստեղծված լարվածության լիցքաթափման վերաբերյալ իրենց մոտեցումները:





This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
OOPS! You forgot to upload swfobject.js ! You must upload this file for your calendar to work