Նոր թանկացումներ

Գ.Ա

Ժամանակ Երևան

Նախագահի ընտրությունների քարոզարշավի օրերին, հանրահավաքներից մեկի ժամանակ գործող վարչապետ Սերժ Սարգսյանը անհեթեթություն համարեց ընդդիմության այն պնդումը, ըստ որի բոլոր ընտրություններից հետո Հայաստանում տեղի է ունենում ապրանքների գների բարձրացում:

Նա հայտարարեց, որ ոչ մի կուսակցության ձեռնտու չի նման քաղաքականություն վարելը. «Ինչու՞պետք է թանկացնենք, ես չեմ հասկանում»: Ինչ եռանդով, որ Ս.Սարգսյանը հերքում էր վերոնշյալ փաստը, նույն եռանդով օլիգարխիկ կառույցները այսօր թանկացնում են ապրանքների գները, ինչը ապացուցում է, որ «նորմայից» շեղում չեղավ նաեւ այս անգամ: Թանկացումների հնարավորինս ճիշտ պատկեր ունենալու համար եղանք Երեւանի մանրամեծածախ շուկաներում եւ վաճառողներից ստացած տեղեկություններով պարզեցինք հետեւյալը.

1. Լուսակերտի հավի մեկ կիլոգրամի արժեքը թանկացել է 150 դրամով:

2. Գրեթե բոլոր տեսակի ձեթերի մեկ լիտրը թանկացել է 100դրամով:

3. Բոլոր տեսակի յուղերը: Օրինակ` 2.7 կիլոգրամանոց տարայով «Աֆտաբ» տեսակի յուղի գինը բարձրացել է 600 դրամով` 1700-ից 2300 դրամ:

4. Ալյուրի 50 կգ-անոց պարկի արժեքը 10.400-ից դարձել է 12.500: Երեկոյան, երբ պատրաստվում էր նյութը, ընթերցողներից մեկի պնդմամբ` այն հասել էր 15.000-ի:

5. Իտալական մակարոնեղենի կես կիլոգրամանոց տուփի արժեքը 320-ից հասել է 400 դրամի:

6. Թանկացել է նաեւ սուրճը: Զորօրինակ` 1450 դրամանոց «Արաբիկան» դարձել է 1700:

7. «Վալիո» տեսակի 200 գ կարագի տուփի գինը 470-ից դարձել է 520 դրամ:

Նորզելանդական կարագի 25 կգ-ոց արկղը թանկացել է 1550 դրամով:

Տնտեսագետ Էդուարդ Աղաջանովը նշում է, որ «թանկացել են սոցիալական բոլոր ապրանքները»: Պատճառը նա կապում է բացառապես ընտրական ծախսերը վերադարձնելու օլիգարխների ցանկության հետ: «Որեւէ այլ բացատրություն գոյություն չունի, որովհետեւ այս ապրանքներից ոչ մեկի թանկացումը չի հիմնավորվում միջազգային գներով, բացի ալյուրի թանկացումից: Վերջին տվյալներով Չիկագոյի բորսայում ցորենի մեկ տոննայի գինը հասել է 400 դոլարի: Բայց այստեղ հարց է առաջանում` ե՞րբ է գործարարը գնել ապրանքը: Հաստատ կարելի է պնդել, որ այստեղի ապրանքը թանկացած գնով չի գնվել: Ուղղակի ապրանքի տերը, օգտվելով առիթից, գերշահույթներ է ստանում», - ասում է նա: Մեր այն հարցին` մի՞թե գործարարը իրավունք չունի իրեն ապահովագրել բիզնես-ռիսկերից եւ թանկացնել իր էժան գնով ձեռք բերած ապրանքը, երբ մեծածախ շուկայում այն արդեն թանկացել է, Աղաջանովը պատասխանեց. «Նրան ոչ մեկը չի կարող դա արգելել, բայց նորմալ երկրներում նրա եկամուտը կհամարվի գերշահույթ, եւ նա համապատասխան հարկեր կմուծի պետությանը, ինչը չի արվում մեր երկրում: Գերշահույթի մասին օրենք ընդունելու փոխարեն, ստեղծել են մի ինչ-որ տնտեսական մրցակցության հանձնաժողով, որը պետք է վերահսկի գները: Ինչ վերաբերում է ալյուրի գնի թանկացմանը, գների վերջնական ձեւավորումից հետո կհամոզվենք, որ այստեղի թանկացումները համարժեք չեն բորսային թանկացումներին»:

Ըստ նրա` որոշ երկրներում սոցիալական նշանակության ապրանքների վրա, որոնք են առաջին անհրաժեշտության սննդամթերքները, առեւտրային վերադիրի չափը հստակ սահմանված է: Այն կարող է լինել 10-15 տոկոսի սահմաններում: Սա չի նշանակում, որ առեւտրականը չի կարող ավելի բարձր տոկոսներ դնել, բայց այդ դեպքում նա ստիպված կլինի պետությանը վճարել եկամուտի 90 տոկոսը:

Թանկացումների պատճառների մասին պաշտոնական պատասխան ստանալու նպատակով դիմեցինք Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին: Լրատվության պատասխանատու Արմինե Ուդումյանի ներկայացմամբ հանձնաժողովը տեղյակ է թանկացումներին: Սակայն առայժմ չի շտապում եզրակացություններ անել, քանի որ դեռ ամբողջությամբ պարզ չի, թե որ ապրանքների գներն են թանկացել եւ չի պարզել թանկացումների պատճառները:

Հ.Գ. Հիշեցնենք, որ սա թանկացումների արդեն երրորդ ալիքն է այն «սեւ» օրից հետո, երբ իբրեւ նախատոնական աչքալուսանք իշխանությունները հայտարարեցին, որ աշխատավարձերն ու նպաստները տոներից հետո բարձրացվելու են 60 տոկոսով: Լավ չէ՞ր` չբարձրացնեին:

 

 





This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
OOPS! You forgot to upload swfobject.js ! You must upload this file for your calendar to work