ՈՒՂԵՐՁ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Լևոն Տեր-Պետրոսյանին աջակցող կուսակցություններ, հասարակական
կազմակերպությունների և քաղաքացիական նախաձեռնությունների պատվիրակների
հանրապետական կոնգրեսի կողմից
2008 թվականի նախագահական ընտրությունների նախաշեմին Հայաստանում
տեղի է ունեցել մի քանի տասնյակ քաղաքական կուսակցությունների,
հասարակական կազմակերպությունների համախմբում, որոնք նախագահի
ընտրություններում ՀՀ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի
թեկնածությունը պաշտպանելու որոշում են կայացրել:
Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածության շուրջ ձեւավորված
համագործակցության մաս են կազմում ամենատարբեր գաղափարախոսություններ
եւ քաղաքական հայացքներ դավանող կուսակցություններ, հասարակական
կազմակերպություններ, մտավորականներ, ազատամարտիկներ, գործարարներ,
տարբեր մասնագիտության տեր անհատ քաղաքացիներ:
Վերջին տարիների համար աննախադեպ համախմբման հիմքում պետության եւ
ժողովրդի առաջ ունեցած պատասխանատվության գիտակցումն է, եւ հայրենի
երկրի ապագայի նմատմամբ ունեցած մտահոգությունը:
Քոչարյանասերժական իշխանության տարիներին Հայաստանում հաստատվել է
ավազապետական ռեժիմ, որը իշխանությունը ընկալում է որպես պետությունն
ու ժողովրդին հարստահարելու միջոց:
Ավազակապետական ռեժիմի վարած ապաշնորհ արտաքին քաղաքականության
արդյունքում Հայաստանը դուրս է մնացել տարածաշրջանային տնտեսական
ծրագրերից եւ հայտնվել է միջազգային մեկուսացման մեջ, վերածվել երրորդ
կարգի մի երկրի:
Լեռնային Ղարաբաղը զրկվել է բանակցային կողմ լինելու` միջազգայնորեն
ճանաչված միակ կարգավիճակից: Միջազգային հանրությունը սկսել է չընկալել
Արցախի ժողովրդի ինքնորոշման ձգտումները:
Երկրի տնտեսությունը հայտնվել է փլուզման վտանգի առաջ, արհեստական
մենաշնորհները խեղդել են ազատ ձեռներեցությունը, անընդհատ կրճատվում են
արտահանման եւ ավելանում` ներմուծման ծավալները, սպառողական գները
շարունակում են աճել:
Հայաստանում հաստատվել է հարաբերությունների խանական համակարգ, որը
հակասում է հայ ժողովրդի մենթալիտետին: Վախի, կասկածամտության,
անապահովության մթնոլորտի, մարդու իրավունքների եւ քաղաքացու
արժանապատվության համատարած ոտնահարումների հետեւանքով շարունակում է
ահագնանալ կործանարար արտագաղթը:
Հայաստանի ազատատենչ ժողովուրդը այլեւս չի կարող հանդուրժել
ավազակապետական ռեժիմի գոյությունը, քանզի այն մեր հայրենիքը տանում է
դեպի կործանում, մեր երեխաներին զրկում ապագայի նկատմամբ ունեցած
հավատից:
Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ համախմբված ուժերի նպատակը ժողովրդի
վստահության վերականգնումն է սեփական ուժերի նկատմամբ, քաղաքացու
իշխանության հաստատումը, Հայաստանի հզորացումը, Ղարաբաղի անկախության
միջազգային ճանաչումը:
Մենք համոզված ենք, որ 2008թ. նախագահի ընտրություններում Լեւոն
Տեր-Պետրոսյանի հաղթանակը երկրում որակական փոփոխությունների հասնելու
միակ ճանապարհն է: Լեւոն Տեր-Պետրոսյանը միակ թեկնածուն է, որ ի վիճակի
է համախմբել երկրի ապագայով մտահոգ ուժերին, տեր կանգնել ժողովրդի
ընտրությանը եւ իր հսկայական քաղաքական փորձը ներդնել ի նպաստ
Հայաստանի, Ղարաբաղի եւ համայն հայ ժողովրդի բարօրության:
Սիրելի հայրենակիցներ.
Հայաստանում ձեւավորվել է համաժողովրդական շարժում, որի
վճռականությունը պսակվելու է հաղթանակով: Դա լինելու է Հայաստանի
Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու հաղթանակը: Ավազակապետական
ռեժիմը խուճապի է մատնված: Ժողովրդին ահաբեկված պահելու նրա հուսահատ
փորձերը դատապարտված են ձախողման: Հայ ժողովուրդը քաղաքացիական զարթոնք
է ապրում: Ոչինչ չի կարող կասեցնել ժողովրդական կամքի հաղթական
ընթացքը: Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու կոչ ենք
անում միանալ համաժողովրդական շարժմանը, մասնակցել համաժողովրդական
հաղթանակի կերտմանը` հանուն սերունդների առաջ ունեցած
պատասխանատվության:
Հաղթանակ Հայաստանին,
Հաղթանակ ժողովրդին,
Հաղթանակ Լեւոն Տեր-Պետրոսյանին:
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԱՋԱԿՑՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍ