"Նյու Յորք Թայմս". "Ժողովրդավարությունը Հայաստանում ձեռքից գնում է"

"Ժողովրդավարությունը, ինչի մասին հայերը երազել են տասնամյակներ շարունակ Մոսկվայի լծի տակ, ձեռքից գնում է", - գրում է "Նյու Յորք Թայմս"-ը "Հայաստանի մութ oրերը" վերնագրված խմբագրականում` ընդգծելով, թե "շատ կարեւոր է կանգնեցնել ավտորիտարիզմին նման անցումը":

"
Այն բանից հետո, երբ ընդդիմադիրները վիճարկեցին նախորդ ամիս անցկացված ընտրությունների արդյունքները, իշխանությունները բիրտ միջոցի դիմեցին` մտցնելով արտակարգ դրություն: Առնվազն 8 մարդ է մահացել, անկախ լրատվամիջոցները լռեցվեցին, լռեցվեցին նաեւ բողոքի բոլոր ակցիաները", - գրում է թերթը` հավելելով. - "Նախագահ Բուշը եւ արեւմտյան այլ ղեկավարներ պետք է հասկացնեն Հայաստանի իշխանություններին, որ նման վարքագիծը անընդունելի է եւ վտանգում է հետագա հարաբերությունները: Հետխորհրդային բռնապետությունների, ինչպես, օրինակ, Բելառուսի եւ Ուզբեկստանի համեմատ` Հայաստանում, թերեւս, ամեն ինչ այնքան էլ վատ չէ: Ահա թե ինչու է այդչափ կարեւոր կանգնեցնել ավտորիտարիզմին նման անցումը, քանի դեռ շատ ուշ չէ":

Անդրադառնալով մարտի 1-ի եւ մարտի լույսի 2-ի գիշերվա բռնություններին ու բախումներին, "Նյու Յորք Թայմս"-ի խմբագրականը նշում է. - "Ընտրությունների պաշտոնական արդյունքները ազդարարեցին իշխող կուսակցության թեկնածու Սերժ Սարգսյանի հաղթանակը: Միջազգային դիտորդները հայտարարեցին, որ չնայած ընտրությունների ելքը արդար է թվում, ձայների հաշվարկի ժամանակ լուրջ խնդիրներ եղել են: Բողոքի ակցիաները վերածվեցին բռնությունների, երբ ոստիկանությունը սկսեց ծեծել ցուցարարներին: Ականատեսները մեր գործընկեր Սաբրինա Թավըրնիզին պատմել են, թե իշխանությունները հրազեն եւ նռնակներ են դրել քնած ցուցարարների մոտ շաբաթ վաղ առավոտյան: Այնուհետեւ, պնդելով, թե նրանք հեղաշրջման փորձ են նախապատրաստել, ոստիկանները հարձակվել են ցուցարարների վրանային ավանի վրա: Լիազորություններն ավարտող նախագահը հաջորդ օրը տանկեր ուղարկեց փողոցներ, արգելեց հանրահավաքները եւ հրահանգեց հայաստանյան լրատվական կազմակերպություններին հաղորդել միայն պաշտոնական տեղեկատվություն":

"Տեղական ռադիոկայանները չեն կարողանում եթեր հեռարձակել օտարերկրյա հեռարձակողների հայալեզու ծրագրերը` ներառյալ "Ամերիկայի ձայն" եւ "Ազատություն/Ազատ Եվրոպա" ռադիոկայանների հաղորդումները", - տեղեկացնում է թերթը: - "Դա հարուցեց այդ կայանները վերահսկող դաշնային անկախ գործակալության` Ամերիկյան հեռարձակումների տնօրենների խորհրդի բողոքը, իսկ Պետդեպարտամենտը մտահոգություն հայտնեց մահվան դեպքերի կապակցությամբ: Այդ բառերը կարող էին ավելի ծանրակշիռ լինել, եթե նախագահ Բուշը հավելեր իր խոսքը: Հայաստանը, որը տեւական հակամարտության մեջ է հարեւան Ադրբեջանի հետ, հարաբերականորեն մեկուսացած է տարածաշրջանում եւ հատկապես արժեւորում է Միացյալ Նահանգների հետ լավ հարաբերությունները":

Անդրադառնալով Հայաստանում ծավալվող քաղաքական պայքարին` թերթի խմբագրականը ընդգծել է. - "Սա զուտ ժողովրդավարական առաքինության պայքար չէ` ընդդեմ զուտ ավտորիտար չարիքի: Ընդդիմության առաջնորդ Lեւոն Տեր-Պետրոսյանը, որը նաեւ երկրի նախկին նախագահն է, 1990-ականներին ռազմական տեխնիկա էր դուրս բերել փողոցներ, որպեսզի ճնշի իր օգտին արված ընտրակեղծիքների դեմ բողոքի ակցիաները: Նա առանց համոզիչ փաստարկների պնդում է, որ հաղթել է այս ընտրություններում: Եվ հենց կառավարական ուժերը սանձազերծեցին անցած շաբաթավերջի բռնությունները, Տեր-Պետրոսյանի կողմից փողոց դուրս եկածներից ոմանց կարծես առավել հետաքրքրում էր մոտակա խանութների թալանը":

"Հիմնական պատասխանատվությունը Հայաստանի կառավարության ղեկավարների վրա է, եւ նրանց է, ում Սպիտակ տունը պետք է հասցեագրի իր բողոքները", - ամփոփում է "Նյու Յորք Թայմս"-ի խմբագրականը:

 







This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
OOPS! You forgot to upload swfobject.js ! You must upload this file for your calendar to work