|
Երբ Գալիս Է Մուսաների Լռելու Ժամանակը
Մեր ազգի
սերմացու տղերքից մեկը` Վազգեն Սարգսյանը, ծով հավատ ուներ: Նա, ընդհանրապես,
սեփական ժողովրդին ուրացած հայ չէր պատկերացնում: Վազգենի հայրենասիրությունը
հասնում էր ֆանատիզմի: Նա վստահ էր, որ իր շրջապատից որեւէ մեկը հանուն աթոռի եւ
բարեկեցության ժողովրդի վրա չի կրակի, հայրենիքը չի վտանգի... Սխալվեց Վազգենը,
սխալվեց:
Երեկ էլ պարզ էր, այսօր առավել եւս, որ Հայաստանի հիմնադիր նախագահ Լեւոն
Տեր-Պետրոսյանի` հայրենիքի իրական նվիրյալի կերպարը չի զուգահեռվում Սերժին, Ռոբին
կամ նրա շրջապատին: Լեւոն Տեր-Պետրոսյանի կերպարը ժողովրդի հավաքական կերպարն է,
նրա իղձերի արտահայտությունը, մեր վաղվա օրը: Եվ եթե Հայաստանի հիմնադիր նախագահը
1998-ին ցանկություն ունենար պահել սեփական աթոռը արյան գնով, կվարվեր այսօրվա ոգով:
Բայց Հայաստանի հիմնադիր նախագահը իր անձով պետականությունը չի պայմանավորել եւ չի
պայմանավորում:
Եվ, այո՛, այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանը ոչ միայն իրավունք ունի, այլեւ պարտավոր է
մաքրել ավգյան ախոռները, ուղղակի պարտավոր է:
Այսօրվա իշխանավորների ուղեղներին հասու չէ ժողովրդի ըմբոստության պատճառը: Ավելին,
վերջիններս ապուշ են կտրել, որ տասը տարի Հայաստանի հիմնադիր նախագահի հասցեին
այդքան լուտանք, կեղտ ու ցինիզմ թափելուց հետո հայ ժողովուրդը դարձյալ Լեւոն
Տեր-Պետրոսյանի կողքին է, հավատում է նրան եւ պատրաստ է սխրանքների: Իսկ հանուն
ինչի՞ է հայ ժողովուրդը պատրաստ սխրանքի: Թվում է` ամեն ինչ կարգին է. ժամանակին
Հայաստանը հռչակեց իր անկախությունը, պայքարեց այդ անկախության համար, լավագույն
զավակների արյամբ ոռոգեց հայոց հողի ամեն թիզը` վկա մեր եռաբլուրները, եւ այսօր
հանգիստ խղճով կարող է կայացնել պետականությունը: Ու, ցավոք, հենց այստեղ է, որ
պիտի խոսենք վերջին տասը տարիներին ավազակապետերի ձեռամբ մեր ունեցած իրականության
մասին: Ուղիղ հաշվով այդ իրականությունը կարող ենք նույնացնել պատմահայր Խորենացու
ողբին`"Ողբամ զքեզ հայոց աշխարհ...", որովհետեւ եկեղեցուդ հոգեւոր հովիվը հիրավի
ավազակապետ է. ուրիշ ի՞նչ անուն տանք այն հոգեւոր հովվին, ով Հայաստանի
յուրաքանչյուր քաղաքացուց շատ ավելի լավ գիտի, թե Քոչարյանի ու Սերժի գյադեքը
ինչպես գողացան մարդկանց, ինչպես ծեծեցին ու ջարդեցին, լցոնեցին ու հաշմեցին,
բռնացան ժողովրդի ազատ ընտրությանը, եւ
այսքանից հետո այս ամենը հովանավորողին`
Սերժ Սարգսյանին, իր հովվապետական օրհնանքն ու շնորհավորանքն է ուղղում: Եթե
Գաբրիել Սունդուկյանի հայտնի հերոսը` Պեպոն, մի հրաշքով ականատես լիներ, ապա հստակ
կկրկներ իր թեւավոր խոսքը`"գետինը մտնես էդ պատվավոր շորերովդ հանդերձ":
Ինչպես չողբաս այն երկրին, որի ակադեմիկոսներ կոչվածները ամորձատված ուղեղներով
նստած կա՛մ հովանավորում են գողությունն ու թալանչիությունը, եւ կա՛մ իրենց "ակադեմիական
բարձունքներից" հանդարտության ու երկխոսության կոչ են անում ժողովրդին, որ վերջինս
երկխոսի եւ հաշտ ու համերաշխ ապրի իրեն ծեծողի, սպանողի ու լլկողի հետ,
ակադեմիկոսներ, ովքեր մի քանի կոպեկով ամեն մեկին ակադեմիայի պատվավոր անդամ են
դարձնում` իսպառ պատվազուրկ անելով Վիկտոր Համբարձումյանի նման լուսավոր
ակադեմիկոսի կոչումը: Ինչպես չողբաս, երբ հայ
երգը դուրս է մղվել թատերաբեմից, ու
Հայաստանը Եվրոպայում Անդրեն է ներկայացնում` իր վտիտ տեսքով, թուրքերեն մուղամաթի
ներքո: Մնացած "աստղիկները", այսպես կոչված մտավորականությունը, ովքեր Ռաֆայել
Ղազարյանի դիպուկ գնահատմամբ մտավորական են կոշտ ռ-ով, ծափահարում են, համոզում մեզ,
որ հայ երգը հենց այդ է որ կա` հոգու խորքում լավ իմանալով, որ դա չէ հայ երգը,
բայց նրանք նաեւ լավ գիտեն, որ երկրի ղեկավարներին` Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ
Քոչարյանին, Անդրեի երգը լազաթ է տալիս, ու հիմա էս լազաթ տված մտավորականները
խաբված ու
ծեծված ժողովրդին համոզում են հանդուրժել իրենց
խաբողներին:
Հայ ժողովրդի ու Հայաստանի հետ կապ չունեցող, մեր ժողովրդի սեւն ու սպիտակը չիմացող
այսպես կոչված լրագրողների մի ոհմակ իր նվազ ուսերին առաքելություն է վերցրել նախ
խաբել սեփական ժողովրդին` գլխիվայր, ակնհայտ սուտ տեղեկություն մատուցելով, ու
խաբելուց հետո էլ համոզել, որ հաշտ լինենք ստեղծված իրավիճակին:
Երբ պետություն կոչվածդ իմ ու ձեր նմաններին մեկ տոննա շաքարավազը կամ մի քանի
հարյուր լիտր վառելիքն անգամ ապօրինաբար արգելում է ներկրել, քանզի դրանք
օլիգարխների մենաշնորհներն են, երբ սահմանակից Վրաստանում ապրող հայ գյուղացին
Հայաստանի Հանրապետության տարածք իր մշակած արեւածաղիկն անգամ իրավունք չունի
ինքնուրույն ներկրել` ինչ-որ սուլթանների մենաշնորհն է, եւ այն արեւածաղիկը, որ մեր
շուկաներում վաճառվում է 1000
դրամով, գյուղացին պարտավոր է սահմանի վրա 200
դրամով հանձնել Սուլթանին:
Այսօրվա իշխանությունը գողացածները հայ ժողովրդին հավասարեցնում են բանող անասունին,
եւ հայ ժողովուրդը լիուլի իրավունք ունի չհանդուրժել այս ամենը եւ չենք
հանդուրժելու:
Անկախ այն ամենից, թե ինչպես երդվեց Սերժ Սարգսյանը, քանի հազար զորք կար, քանի
սվին ու հրացան, "աստղիկներն" ինչ լեզվով երգեցին այդ օրը, փչովի ինչեր երկինք թռան,
Հայաստանի ժողովուրդը այլեւս Սերժին ենթակա չէ: Մենք այդպիսի նախագահ չունենք եւ
այդպիսի իշխանությունը չի կարող գոյատեւել:
Հաղթելու ենք, մաքրելու ենք ավգյան ախոռները, հարթելու ենք մեր երեխաների ապագան,
վերականգնելու ենք Հայաստանի արժանապատիվ դերը` դուրս բերելով այն ֆորպոստային
կարգավիճակից: Եվ որքան շուտ իշխանությունը գողացածները գիտակցեն իրականությունը,
այնքան լավ իրենց համար:
Մի՛ մոռացեք Չարենցի խոսքերը` ողորմելիները ի զորու չեն սանձել հողմերին:
ՍՈՒՐԵՆ
ՍԱՐԳՍՅԱՆ
This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
|