|
"ՋԱՆՔԵՐ ԵՆ
ԳՈՐԾԱԴՐՈՒՄ, ՈՐՊԵՍԶԻ ԼՂ-Ն ԻՆՔՆՈՐՈՇՎԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱԶՄՈՒՄ"

"Ազատագրված
տարածքները պատկանում են ադրբեջանահայերին Խորհրդային Ադրբեջանում ծնված լինելու
իրավունքով` իբրեւ նրանց կորցրած գույքի փոխհատուցում: Այս մոտեցմանը որեւէ
միջազգային կառույց, որեւէ կառավարություն հակափաստարկ չի բերել",- ասում է ԼՂՀ
նախագահի նախկին խորհրդական, նախագահի թեկնածու Արման Մելիքյանը:
ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն իր
վերջին ասուլիսում, ի պատասխան "Ա1+"-ի հարցի` հրաժարվեց մեկնաբանել Արման
Մելիքյանի դիրքորոշումը եւ ավելացրեց, որ հայկական կողմը շարունակելու է իր
որդեգրած ուղին: Վարդան Օսկանյանի պատասխանը Արման Մելիքյանին այսօր թույլ տվեց
ասել."Հայկական կողմի որդեգրածում միանշնակ բացակայում է ադրբեջանահայերի խնդիրը:
Օսկանյանի վերջին ասուլիսը ցույց տվեց, որ Հայաստանի դիվանագետները ջանքեր են
գործադրում, որպեսզի Ղարաբաղի ժողովուրդը կարողանա ինքնորոշվել Ադրբեջանի կազմում:
Ես կարող եմ վստահեցնել, որ իմ ընտրվելու դեպքում ՀՀ ԱԳ նախարարը չի խոսելու
տարածքներ հանձնելու եւ Ադրբեջանի կազմում ԼՂՀ բնակչության ինքնորոշվելու իրավունքի
մասին": Անդրադառնալով Վարդան Օսկանյանի այն հայտարարությանը, թե Օսկանյանը
հասկանում է ադրբեջանցիներին եւ երբեւէ հանրաքվե անցկացնելու դեպքում Ղարաբաղի
բնակչությունը լավ ընտրության հնարավորություն ունի, Արման Մելիքյանը "Ա1+"-ին
վստահեցրեց, որ ճանաչելով ԼՂ բնակչությանը չի պատկերացնում, թե ինչը կարող է նրանց
գայթակղել անկախությունը փոխել Ադրբեջանի կազմում ինքնորոշվելու տարբերակի հետ. "Նման
բան հնարավոր չէ":
Նա նաեւ վստահեցրեց, որ իրականությանը
չեն համապատասխանում Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, թե 1992-93թթ.-ին, երբ
տարածքներ էին ազատագրվում, դրանք ազատագրող յուրաքանչյուր զինվոր գիտեր, որ
հետագայում դրանք վերադարձվելու էին ԼՂ կարգավիճակի դիմաց. "Անկախ նրանից, թե ով է
նման բան հայտարարել, դա այդպես չէ: Պատերազմական շրջանի մի հատվածը ես ԼՂ-ում եմ
անցկացրել, եւ մարտիկներից որեւէ մեկը երբեւէ չի մտածել որ տարածք է ազատագրում, որ
հետո հանձնի": Արման Մելիքյանը այսօր ներկայացրեց ազատագրած տարածքների չհանձնելու
իրավական հիմքերը. "Իմ դիրքորոշման հիմքում ընկած է ադրբեջանահայ փախստականների
իրավունքների ճանաչումը: Այսօրվա բանակցությունները շրջանցում են հայ փախստականների
իրավուքնները. խոսում են ադրբեջանցի փախստականների, տեղահանվածների մասին, սակայն
խոսք չկա հայ փախստականների մասին": Մելիքյանի կարծիքով այս հարցում կողմնակալ դիրք
են գրավում նաեւ միջազգային կառույցները եւ մասնավորապես ՄԱԿ-ը. "ՄԱԿ-ը Հայաստանում
փախստականների հետ կախված այլ ծրագիր է իրականացնում, իսկ Ադրբեջանում` այլ: Նկատի
ունեմ տարածքներում վերաբնակեցնելու ծրագիրը":
Արման Մելիքյանը այսօր նաեւ հերքեց
2008թ. ընտրություններում ՀՅԴ-ին աջակցելու հնարավորությունը, թեեւ ՀՅԴ-ն նույնպես
դեմ է տարածքներ հանձնելուն."Տարիներ շարունակ ՀՅԴ-ն կամ իշխանության մաս է կազմում
կամ համագործակցում է իշխանության հետ, եւ 10 տարի շարունակ ՀՅԴ-ն չկարողացավ
տարածքներ չհանձնելու դրույթը դնել շրջանառության մեջ: Դա որեւէ հիմք չի կարող
հանդիսանալ, որպեսզի վստահ լինենք, որ եթե իշխանությունները որոշեն հանձնել
տարածքները, ապա ՀՅԴ-ն դեմ կլինի": Նա չի կարծում, որ ՀՀ բոլոր պաշտոնյանները
երազում են տարածքներ հանձնելու մասին, սակայն գտնում է. "Այսօրվա եւ նախկին
իշխանությունների տեսակետները ԼՂ հարցում գնալով մոտեցան միմյանց": Պարոն Մելիքյանն
այսօր նաեւ հայտարարեց, որ իր ընտրազանգված ներկայացնում են բոլոր նրանք, ովքեր դեմ
են տարածքներ հանձնելուն եւ կոռուպցիոն համակարգի վերարտադրությանը: Բացի ԼՂ-ից նրա
նախընտրական ծրագրում կարեւոր տեղ է գրավում կոռուպցիայի դեմ պայքարի ծրագիրը:
Անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, թե բացի
ՕԵԿ-ի եւ ՀՅԴ-ի թեկնածուներից մյուսները դրածոն են` Արման Մելիքյանը նշեց, որ
նույնիսկ "ամենամեծ ցանկության" դեպքում նա չի համապատասխանում դրածո թեկնածուների
չափանիշներին. "Տեր-Պետրոսյանը նշել է, որ դրածոները առաջադրելով իրենց
թեկնածությունը` խնդիր են լուծել նախորդ եւ նախորդի նախորդ ընտրություններում:
Այսինքն` դրածոները մշտապես դրածո անձիք են": Իսկ երկրորդ փուլում ո՞ւմ կաջակցի
Արման Մելիքյանը` հարցին` նա խորհուրդ տվեց սպասել մինչեւ երկրորդ փուլ:
This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
|